BBC-ի ռուսական ծառայության թղթակից Գրիգորի Աթանեսյանի հոդվածը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին ներկայացնում ենք ամբողջությամբ:
Երեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է հանրաքվե անցկացնել՝ Եվրոպական և Եվրասիական տնտեսական միությունների միջև ընտրություն կատարելու հարցով։ Նիկոլ Փաշինյանը մերժել է այդ պահանջը և հրավիրվել Մոսկվա՝ երկկողմ հարաբերությունները մանրամասն քննարկելու։
Հայաստանից հանրաքվե է ակնկալում ոչ միայն Ռուսաստանը, այլև Ադրբեջանը՝ սակայն այլ հարցի վերաբերյալ։ Երկու դեպքում էլ, քաղաքական խնդիրներից բացի, կա նաև սահմանադրական խոչընդոտ․ Փաշինյանի գլխավորած իշխող կուսակցությունը խորհրդարանում չունի հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։
Միությունների և երկաթուղիների շուրջ վեճ
Կարդացեք նաև
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը Բիշքեկում տեղի ունեցավ երկկողմ հարաբերությունների ճգնաժամի պայմաններում։ Երևանը Կրեմլին կասկածում է ընդդիմությանն աջակցելու և Հայաստանի ժողովրդավարության դեմ հիբրիդային հարձակումներ իրականացնելու մեջ։ Մոսկվան, իր հերթին, սահմանափակումներ է մտցնում հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ և Երևանին մեղադրում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընձեռած առևտրային արտոնություններից օգտվելու, եւ միաժամանակ Եվրամիությանն անդամակցելու ցանկության մեջ։
Փոխարենը Պուտինը պահանջում է հստակ ընտրություն կատարել և Հայաստանին առաջարկում է «խաղաղ ամուսնալուծություն»։ Սեպտեմբերի 1-ի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նաև նոր փաստարկ ներկայացրեց․ «Մեկ այլ տնտեսական կազմակերպության (Եվրամիության) անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը, ըստ էության, նշանակում է հայտարարություն մեր կազմակերպությունից դուրս գալու մասին, քանի որ այնտեղ և այստեղ միաժամանակ գտնվելն անհամատեղելի է։ Հենց սա է խնդիրը»։
Հայաստանի խորհրդարանը Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքն ընդունել է 2025 թվականի մարտին։ Երևանի տեսանկյունից այս քայլը չի հակասում ԵԱՏՄ-ին անդամակցությանը, քանի որ եվրաինտեգրման գործընթացը կարող է տևել տասնամյակներ և դեռևս չի երաշխավորում ԵՄ անդամակցությունը։
«Մենք հասկանում ենք, որ կգա ժամանակ, երբ պետք է շատ կոնկրետ ընտրություն կատարել։ Պարզապես մեր դիրքորոշումն այն է, որ այս պահին այդ ժամանակը դեռ չի հասունացել, հիմա դրա կարիքը չկա։ Որովհետև իրականում այս պահին մենք այլընտրանք չունենք, այդ այլընտրանքը իրականության մեջ դեռ ստեղծված չէ»,- պատասխանել է Փաշինյանը։
Սակայն Ռուսաստանի նախագահը պնդել է․ «Դե, ուրեմն կատարեք (ընտրությունը) և փակենք այդ թեման։ Ահա և վերջ»։
Ի վերջո, նրանք պայմանավորվել են, որ Հայաստանի վարչապետը կմեկնի Մոսկվա՝ այս և կուտակված մյուս խնդիրները մանրամասն քննարկելու համար։ Հենց այդ մյուս խնդիրներում, որոնց մասին Կրեմլը շատ ավելի քիչ է խոսում, կարող է թաքնված լինել տարաձայնությունների իրական պատճառը, կարծում է Երևանի Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են Ռուսաստանից վերցնել Հայաստանի երկաթուղիների կառավարման իրավունքը և այդ կոնցեսիան փոխանցել մեկ այլ երկրի։ Հնարավոր տարբերակների թվում նշվում են Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը, ընդ որում՝ ամենահավանական թեկնածուն համարվում է Ղազախստանը։
Բացի այդ, Երևանը ցանկանում է կառուցել նոր ատոմակայան։ Թեև այդ պայմանագրին ակտիվորեն հավակնում է «Ռոսատոմը», Երևանը զուգահեռաբար բանակցում է նաև ամերիկյան և ֆրանսիական ընկերությունների հետ։
Քաղաքագետ Գրիգորյանի կարծիքով՝ Պուտինի վերջնագրերի հիմքում հենց Ռուսաստանի գործող և հնարավոր ապագա ակտիվների համար ստեղծված սպառնալիքն է։
«Պուտինը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի ընդունմամբ Հայաստանը, ըստ էության, սկսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը։ Սա պարադոքսալ է հնչում, քանի որ օրենքն ընդունվել էր դրանից մեկ տարի առաջ, բայց այն ժամանակ մենք նման արձագանք չտեսանք։ Եվ այն, որ հենց հիմա նրանք սկսեցին այդ օրենքի մասին խոսել այս համատեքստում, հուշում է, որ խոսքը ոչ այնքան ԵՄ-ին առնչվող հարցերի, որքան Ռուսաստանի կառուցվածքային ներկայության խնդիրների մասին է»,- ասում է նա։
Հայաստանը ցանկանում է հնարավորինս արագ բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ և տարածաշրջանում դառնալ «խաղաղության խաչմերուկ»։ Դրա համար անհրաժեշտ է վերականգնել խորհրդային տարիներին կառուցված, սակայն 1990-ականներին՝ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում, ավերված երկաթուղիները։
Ադրբեջանն ակտիվորեն վերականգնում է հաղորդակցությունները, իսկ Թուրքիան նույնպես վերջերս սկսել է համապատասխան աշխատանքները։ Սակայն «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերություն «Հարավկովկասյան երկաթուղին» չի շտապում ներդրումներ կատարել այդ երթուղիների՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածների վերականգնման համար։
Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ քանի դեռ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների ծավալը չի ավելացել, նոր ներդրումներ չեն կատարվի։
Երևանի տեսանկյունից այս դիրքորոշումը փակուղային իրավիճակ է ստեղծում․ բեռնահոսքն ավելացնելու համար նախ անհրաժեշտ է վերականգնել երկաթուղիները։ Ռուսաստանը, սակայն, պատրաստ չէ ո՛չ կոնցեսիան զիջել երրորդ կողմին, ո՛չ էլ ներդրումներ կատարել վերականգնման աշխատանքներում։
Ալիևի և Պուտինի հանրաքվեների միջև
Մոսկվայի՝ հանրաքվե անցկացնելու պահանջը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ քարոզչական քայլ է, կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Այն բխում է այն հռետորաբանությունից, ըստ որի՝ Կրեմլը կարևորում է հարաբերությունները հենց հայ ժողովրդի, այլ ոչ թե իշխանությունների հետ, որոնք գալիս և հեռանում են։ Նմանատիպ թեզ նախկինում օգտագործվել է նաև Ուկրաինայի և Մոլդովայի նկատմամբ։
Իրականում, վերջին տարիներին անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս Ռուսաստանի նկատմամբ համակրանքի մակարդակի անկում՝ հասնելով պատմական նվազագույնի։ Դրա պատճառներից մեկը Ղարաբաղյան հակամարտության վերջին փուլում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումն է։
Այլ հարց է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջած հանրաքվեն, որի արդյունքում պետք է փոփոխվի Հայաստանի Սահմանադրությունը։ Սա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վերջին և գլխավոր խոչընդոտն է։
Թեև պայմանագրի տեքստը հաստատվել էր մեկ տարի առաջ, և հայկական կողմը հույս ուներ հնարավորինս արագ ստորագրել այն, պաշտոնական Բաքուն շարունակում է պահանջել, որ նախ Հայաստանի Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։
Բացի այդ, Ադրբեջանի պնդմամբ՝ Թուրքիան նույնպես չի բացում սահմանը և չի կարգավորում հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ այդ պահանջը չի կատարվել։
Խաղաղության հաստատումը Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթություն է, և այդ պատճառով նման հանրաքվե նրանք պատրաստ կլինեին անցկացնել։ Սակայն հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստացավ բավարար թվով մանդատներ՝ սահմանադրական մեծամասնություն ձևավորելու և հանրաքվե անցկացնելու հնարավորություն ունենալու համար։
«Հասկանալի չէ, թե ինչպես է իշխող ուժը փորձելու այս ամենը լուծել խորհրդարանում։ Գուցե ընդդիմության վրա ճնշում գործադրելու միջոցով, գուցե այլ եղանակներով։ Բայց առայժմ որևէ առանձնահատուկ լուծում չի երևում»,- ասում է Գրիգորյանը։
Ռազմավարական հարաբերություններից՝ դեպի խաղաղ ամուսնալուծություն
Օգոստոսին հաստատված Հայաստանի կառավարության նոր ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավիճակը նվազեցվել է։ Եթե նախկինում դրանք բնորոշվում էին որպես ռազմավարական, դաշնակցային, ապա այժմ անվանվում են պարզապես գործընկերային։ Մինչդեռ Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի և Չինաստանի հետ հարաբերությունները բնորոշվում են որպես ռազմավարական։
Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը բացատրել է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունն ավարտված է, և Երևանը հնարավորություն ունի վերանայելու իր արտաքին քաղաքականությունը։
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հակամարտային իրավիճակում այլ նշանակություն ունեին։ Իսկ հիմա, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ իրավիճակին պետք է արդեն թարմ հայացքով նայել»,- ասել է Փաշինյանը։
Հենց այն հանգամանքը, թե ինչպես ավարտվեց այդ հակամարտությունը, պատճառներից մեկն է, որ երկու կողմերն այնքան տարբեր կերպ են պատկերացնում իրենց ապագա հարաբերությունները։
Երևանում կարծում են, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, երբ 2022 թվականին ադրբեջանական ռումբերն ընկնում էին Հայաստանի տարածքում, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները մտնում էին Հայաստանի տարածք, ինչպես նաև 2023 թվականին, երբ ռուս խաղաղապահները չպաշտպանեցին Ղարաբաղի հայ բնակչությանը Ադրբեջանի ռազմական գործողության ժամանակ։
Պուտինն այս երկու մեղադրանքների վերաբերյալ իր հիմնավորումներն ունի։ Նա պնդում է, որ Ռուսաստանը չէր կարող օգնել Հայաստանին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները սահմանազատված չէին։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հայերի պաշտպանությանը, ապա Մոսկվայում ասում են, որ ռուս խաղաղապահների միջամտությանը խոչընդոտել է այն հանգամանքը, որ Փաշինյանն ինքը Ղարաբաղը ճանաչել էր Ադրբեջանի մաս։
Արդյունքում Երևանն իրեն դավաճանված էր զգում իր դաշնակցի կողմից, իսկ Մոսկվայում զարմացած էին այդ արձագանքից։
«Երկու երկրների հարաբերությունները համակարգային ճգնաժամ են ապրում։ Դաշնակցային հարաբերությունների նախկին մոդելն այլևս չի գործում, իսկ նորը դեռ չի ստեղծվել։ Եվ թեև երկու կողմերն այս կամ այն չափով արդեն հայտարարել են «խաղաղ ամուսնալուծության» մասին, դրա իրականացման մեխանիզմը նույնպես մշակված չէ»,- գրում է Մոսկվայի ՄԳԻՄՕ-ի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։


















































