Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄԱՆՈՒՄ Է

Հուլիս 11,1998 00:34
Vano

Լրացավ 100 օրը։ Այդ օրերին ոչ ոք ձեռքերը ծալած չի նստել։ Իշխանության հակառակորդները (ընդդիմություն ասելը չափազանցություն կլինի) ձեռքերը շփելով հաշվում են վրիպումները, կողմնակիցները գումարում, բազմապատկում, ուռճացնում են ձեռքբերումները։

Վախենամ թե երկու կողմերի ջանքերն էլ ապարդյուն են։ Ո՛չ ակնհայտ ձեռքբերում կա, ո՛չ անսպասելի կորուստ։ Կորստաբերությունը ծրագրավորված էր իշխանափոխության եղանակով եւ կառավարման որակի ընդհանուր անկումը սպասելի էր։

Այն արատները, որ ձեռք բերեց Լ. Տեր-Պետրոսյանի իշխանությունը 4-րդ տարուց սկսած, դրվեց այս կառավարության հիմքում։ Դրանցից արատածին գլխավոր արատն է ինքնասիրահարվածությունն ու ամբարտավանությունը՝ գեղջկական սենտիմենտալիզմի նոպաներով։

Բայց ի՞նչ էր անելու այս կառավարությունը, որ չի անում։ Կառավարման որակի հարցը մարդկանց առանձնապես (մի քիչ շատ են գողանում-մի քիչ պակաս են գողանում) չի հուզում։ Ինչպե՞ս է լուծվելու խաղաղության հարցը։ Ինչպե՞ս է լուծվելու (եթե բանը դրան հասավ) պատերազմի հարցը։ Խաղաղության հարցի իրենց պատասխանը գոնե ինձ համար քիչ թե շատ պարզ է. առանձնապես չէին էլ թաքցնում։ Բայց պատերազմի հարցը, այսինքն՝ հաջող պատերազմելու հարցը մնում է բաց։ Ավելի ստույգ՝ հայրենիքը պաշտպանելու խնդիրը, որովհետեւ ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այն հայրենիքը, որ ներկայացնում են այսօրվա կառավարիչները, այդ հայրենիքը պաշտպանել կամեցողների թիվը օրըստօրե նվազում է։ Իհարկե, գրքային հայրենասերները կարող են սեղմել իրենց փոքրիկ ու սպիտակ բռունցքները ու կապտած շուրթերով բարբառել. թե հայրենիքը մեկն է, հայրենիքը բոլորինս է եւ այլ ճշմարտություններ, բայց սա արդեն գեղեցկախոսության ոլորտն է։

Ես անկեղծորեն վախենում եմ պարտվողական երեւալու մեջ մեղադրվելուց (անպատվաբեր մեղադրանք է), բայց վախս այնքան սաստիկ չէ, որ մթագնի ուղեղս, առավել եւս լռեցնի տագնապս, որ բանը, ավաղ, դեպի վատն է գնում։

Որ, ազգային միասնության հոխորտանքով այսօրվա կառավարիչները ուղիղ գծով տանում են դեպի ազգային պառակտում։ Մանր կուսակցությունների համերաշխությամբ կուրացած՝ դեպի ժողովրդի հատվածների ու սոցիալական շերտերի, խմբերի պառակտում։ Կամ՝ պառակտման խորացումևէությունը չի փոխվում։

Կոմպլեքսավորված լինելով իշխանության գալու եղանակից, խեղդվելով այն գիտակցությունից, որ Լ. Տեր-Պետրոսյանը իշխանության պատասխանատվությունը իբրեւ սատկած շուն է կախել Քոչարյանի վզից, վերջապես կռահելով, որ երեք տերությունները իշխանափոխության այդ եղանակին համաձայնել են համաձայնագրի ստորագրումը արագացնելու պայմանով, շփոթված լինելով Սամվել Բաբայանի պահվածքից (որ իրենց հետ վարվում է այնպես, ինչպես իրենք Լ. Տեր-Պետրոսյանի հետ), և այս հոգեվիճակում բյուջեն լցնել են ջանում միջոցների մեջ խտրություն չդնելով, ձեռքի հետ ծախելով Հայաստանում մնացածը, ձեռքի հետ մարդիկ են ձերբակալում եւ բաց թողնում ու սպասում… Սպասում, որ աշխարհում, տարածաշրջանում մի մեծ, գոնե միջին մի աղետ, մի պատերազմ լինի, որը, գուցեեւ նպաստավոր լինի Ղարաբաղի համար։ Գուցե լինի։ Գուցե չլինի։

Մեր հազարուկեսամյա պատմությունը ցույց է տալիս, որ չի լինում։ Եթե 1500 տարին քիչ է եղել դա հասկանալու համար, 100 օրը չի օգնի։ Այնպես որ, պետք է ժամանակ տալ կառավարիչներին։ Հնարավորություն տալ փորձել «կոշտ» տարբերակը։ Եվ հնարավորություն չտալ ձախողումը բարդել ուրիշների վրա։

Հայաստանի ներքաղաքական կյանքը այս ճակատագրական ամիսներին չի կարող իրեն թույլ տալ ղեկավարվելու «ընդդիմություն-իշխանություն», «պայքար իշխանության համար» հասկացություններով։

Խորապես մերժելով «ազգային առանձնահատկություն», «ազգային համաձայնություն», «համազգային թեկնածու» եւ այս շարքից ալյեւայլ հակագիտական, բնության մեջ ու հասարակական կյանքում չհանդիպող հասկացությունները, չեմ կարող սակայն չարձանագրել, որ առանձնահատուկ պահ է այսօր մեր ժողովրդի կյանքում, եւ առանձնահատուկ ճգնաժամ է մեր պետականության ձախորդ ընթացքի սակավաթիվ կայացած հատվածներից մեկում,և եւ այս պահին մերժելի է ինձ համար իշխանափոխության, իշխանաձգտման դասագրքային նորմը։

Թող մնան՝ կառավարեն։ Թող լուծում գտնեն Ղարաբաղի հարցին եւ իշխեն 30 տարի։
Գողանում են՝ վաղը քիչ կգողանան, դեմոկրատ չեն՝ կդառնան, լեգիտիմ չեն՝ լեգիտիմ կդառնան, փորձ չունեն՝ ձեռք կբերեն, աշխատատեղ չկա՝ կստեղծեն, թանկ է՝ կէժանանա, միայն թե լուծում գտնեն Ղարաբաղի հարցին։ Քանի դեռ Ղարաբաղ ժողովուրդ մնացել է։ Քանի դեռ Հայաստանը դիմանում է։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աբո says:

    Այո խելացի մտքեր են, բայց նման ձևով մտածում էին ևս մեկ միլիոնից ավել մարդ, որոնք լքեցին երկիրը:
    Պետք չէ մտածել թե նա իմաստուն էր, պարզապես նրա խոսքը լսվել և գրվել է, իսկ նա լինելով երկրի ղեկավարման ղեկին, թողեց այն և փախավ:

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Դու երևի չես լքել, բայց բոլոր դեպքերում մեծ-մեծ ես խոսում: Դու քեզ Աստծո տեղ դրած մի միլիոն մարդու նկատմամբ հեշտ խոսք ես ասում առանց մտածելու խելոք միտք ես ասում, թե հիմար: Իսկ Վանոն միշտ էլ եղել է և’ խելացի, և’ տաղանդավոր, և’ ազգային ու պետական:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031