Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերը պատրաստ են աշխատանքի ընդունել աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած հայ ուսանողներին (Տեսանյութ)

Փետրվար 02,2013 16:00

Նոր կրթական ծրագիրը կնպաստի նրանց գիտելիքների եւ փորձի փոխանակմանը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը եւ «Լույս» հիմնադրամն ազդարարում են համատեղ նոր նախաձեռնության` «Գիտելիքի համալիր» ծրագրի մեկնարկը: Այս մասին այսօր` ԿԳՆ-ում լրագրողներին հայտնեց նախարար Արմեն Աշոտյանը:

«Ծրագրի նպատակն է` բուհական համակարգը համալրել երիտասարդ կադրերով, նոր մտածելակերպ մտցնել ակադեմիական միջավայր, ցույց տալ, որ «Լույսի» շրջանավարտներն իրականում հայաստանակենտրոն են եւ պատասխանատվություն են զգում պետության, ժողովրդի հանդեպ: Սա պատասխանն է այն քննադատության, թե ուսանողները լքում են երկիրը եւ չեն վերադառնում: Նրանք ոչ միայն  վերադառնում են, այլեւ` անկախ միջազգային կառույցներում առավել բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից, պատրաստ են զուգահեռ աշխատել նաեւ մեր բուհերում»,-ասաց Աշոտյանը:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի հիմնական նպատակն է` նպաստել արտասահմանում ուսում ստացած երիտասարդների փորձի փոխանակմանը հայրենիքում. «Գիտելիքը դեռեւս բավարար չէ, անհրաժեշտ է  միջավայր ստեղծել` Հայաստանի եւ աշխարհի բուհերի հետ համագործակցության համար»:

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ հայաստանյան բուհերը տարբեր ծրագրերով կապված են միջազգային գիտակրթական մի շարք հաստատությունների հետ, սակայն դրանք բավարար չեն` բուհերը միջազգային մակարդակի հասցնելու համար. «Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան միջավայր` արտասահմանում ուսում ստացածների եւ այն երիտասարդների միջոցով, ովքեր «Լույս» հիմնադրամի շնորհիվ կրթություն են ստացել աշխարհի լավագույն բուհերում եւ պատրաստ են իրենց գիտելիքները ծառայեցնել Հայաստանի զարգացմանը»: ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի ներկայացուցիչների հետ հարցը քննարկած Արամ Սիմոնյանը հավելեց, որ բուհերը պատրաստ են աշխատատեղեր ստեղծել աշխարհի լավագույն բուհերն ավարտածների համար:

Պարոն Սիմոնյանի խոսքով. «Մեր բուհերը կադրային լուրջ խնդիրներ ունեն, երիտասարդ կադրերի հոսք կա, որն ուղղված է արտասահման եւ մասնավոր սեկտոր»: Իսկ Արմեն Աշոտյանի համոզմամբ` սովորելը եւ սովորեցնելը Հայաստանի համար հայրենասիրության ակնառու դրսեւորումներից են:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Լույս» հիմնադրամի կայքում ստեղծված շտեմարանը, որը ներառում է արտասահմանում ուսում ստացածների տվյալները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել