Գյումրիում ոչ միայն ընտրակաշառք են բաժանում, այլ լրագրողներին սպառնում`«նկարելու դեպքում կտամ վիզդ կպոկեմ» (ֆոտոշարք )

Գյումրիում ոչ միայն ընտրակաշառք են բաժանում, այլ լրագրողներին սպառնում`«նկարելու դեպքում կտամ վիզդ կպոկեմ» (ֆոտոշարք )
PrevPhoto
NextPhoto

Հանրապետության երկրորդ քաղաքում նախագահական ընտրությունները ընթանում են բավականին թափանցիկ: Այն իմաստով, որ այստեղ գրեթե ամեն ոք, սկսած տաքսիներից, որոնցից օգտվում ես, վարորդները խոսում են 5 հազար դրամանոց ընտրակաշառքից ու մատնանշում տեղերը: Իսկ ընտրակաշառքը ավելի շատ բաժանվում էր ծմակ թաղերում, որտեղ ընտրությունները ոչնչով չեն տարբերվում նախորդներից:

Մենք եղան Գյումրու Մալայա Զեմլյա կոչվող թաղի ընտրատեղամասերից մեկում, որտեղ ընտրությունները վերահսկվում էին, այսպես ասած, «դիրիժորների» կողմից: Օրինակ` թիվ 21 մանկապարտեզում, որտեղ տեղակայված է թիվ 35/22 ընտրատեղամասը, ընտրողները ընտրատեղամաս մտնելուց առաջ նախ հարկ էին համարում «ողջագուրվել» մի քանի մետր հեռավորության վրա կանգնած սպիտակ «Նիվա» մակնիշի մեքենայի վարորդի հետ այնուհետ նոր տեղաշարժվել քվեարկության:

Նշենք, որ չտեսնված ակտիվություն էր այստեղ, նույնիսկ հիվանդներին էին բերում ընտրության, տատիկներն ու պապիկները, ձեռնափայտերը ձեռքներին, թոռների թևերը ընկած, ձյան վրա մի կերպ քայլելով շտապում էին ընտրության:

Հետաքրքիրն այն է, որ այս թաղամասում ընտրակաշառք բաժանողները հերթափոխով էին կանգնում:

Ընտրատեղամաս մտնելուց ու դուրս գալուց հետո տեսանք, որ «Նիվա» մակնիշի մեքենան անհետացավ, հավանաբար հանձնաժողովականներից մեկը հասկացրեց , որ ներսում լրագրողներ կան:

Երբ արդեն դուրս եկանք, մեկ այլ մեքենա կանգնեց մեր կողքին, վարորդն ու նրա կողքին բազմած մի տիկին սկսեցին սպառնալ. «Հլը փորձեք մեզ նկարեք, դուք ո՞վ եք, որ մեզ նկարեք, ինչի՞ եք ստեղ եկել, ինչի՞ եք կանգնել, կտամ վզներդ կպոկեմ»:

Մեր՝ մոտ 1 ժամ ու կես այդ ընտրատեղամասի շուրջբոլորը գտնվելու ընթացքում, այս մեքենան շրջեց մեր`Aravot.am-ի և Asparez.am կայքերի լրագրողների հետևից: Մենք ականատես եղանք , թե ինչպես մի կին գլուխը մտցրեց մեքենայի մեջ, վարորդի հետ փոխհամաձայնության եկան ու նոր միայն շարունակեց իր ճամփան դեպի ընտրության: (Տեսեք լուսանկարում):

Այս թաղի տարեց տղամարդիկ, որոնք, իրենց ասելով, հրաժարվել էին ընտրակաշառքից, մեզ տեսնելով փոխանցեցին, որ այն երեկ բաժանվել է թաղի դպրոցում: Իսկ այսօր բաժանվում է մանկապարտեզում ընտրողների համար, փողը տալիս են ու ներս անում:

Ի դեպ, մեզ ապշահար արեց նաև այս ընտրատեղամասի նախագահ Կարինե Գրիգորյանը. երբ այս տիկնոջից հետաքրքրվեցինք ընտրողների ակտիվության մասին` տեղեկացրեց, որ ունեն 746 ընտրող, իսկ թե նրանցից քանի՞սն են ընտրել ժամը 13..00-ի դրությամբ, նախագահը հրաժարվեց ասել, հանդիսավորությամբ տեղեկացնելով, թե ինքը թվերը միայն ընտրատարածքային հանձնաժողովին է հանձնում, ոչ լրագրողներին:

Մեր ընտրատեղամաս մտնելու պահին, որևէ թեկնածուի վստահված անձի չհանդիպեցինք; «Ասպարեզ» ակումբի դիտորդներից մեկը` Շուշանիկ Վարդանյանը, փաստեց, որ միայն Սերժ Սարգսյանը վստահված անձ ունի ու պատմեց հետևյալը. «Առավոտյան նկատեցի, որ դրսում ցուցակագրում էին մարդկանց և ընտրողներին տաքսիներով բերում-տանում էին: Ասեմ, որ ցուցակագրող անձը Սերժ Սարգսյանի վստահված անձն էր, ինքը ներս եկավ, հետո նորից դուրս եկավ, քիչ հետո, ոնց հասկացա, նորից գալու է: Ինքը պայմանավորվածություն էր ձեռք բերում տաքսու վարորդի հետ, թե ընտրողները որ ժամին ուր պիտի գան, մենք կտանենք-կբերենք, իրանք մեքենաներ չունեն»:

Դիտորդը նաև ասաց, որ այստեղ հիմնականում տատիկ-պապիկներն են գալիս քվեարկության:

Ի դեպ, այստեղ ընտրողներին այնքան լավ էին նայել, որ ընտրատեղամասի ներսում մի տարեց կին նեղվեց, թե «գնացեք երևանյան ընտրությունները լուսաբանեք, Գյումրու հետ ի՞նչ գործ ունեք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք