Լրահոս
Օրվա լրահոսը

Էս ի՞նչ ենք անում, ՀԱՅԵ՛Ր…

Ապրիլ 16,2013 10:12

Տարիներ առաջ, երբ սովորության համաձայն այցելել էի աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի Գառնու առանձնատուն, հանդիպելու և զրուցելու իմ հոգևոր հոր հետ, մարդու՝ ով աստղերի գաղտնիքից ու տիեզերքի դինամիկայից բացի նաև տիրապետում է մարդո՛ւ գաղտնիքներին ու հոգո՛ւ դինամիկային, ակամա երկնքից միասին իջանք գետին, Գառնու լեռներին փռված արևի լույսի պես տարածվեցինք մեր երկրի ու ժողովրդի հարցերի վրա ու Գուրզադյանը, երկար լռությունից հետո, իր սիրած «պաուզան» վերցնելով, վերջապես խոսեց ու ասաց մի բան, որն ապտակի նման դեմքիս կախվեց ու մինչ օրս պոկ չի գալիս…Ես հասկացա, որ դա սիրող հոր ապտակն էր ուղղված ո՛չ միայն ինձ, այլ բոլոր- բոլոր զավակներին մեր ժողովրդի, ովքեր կարծես շատ վաղուց մոռացել են երկնքի տեղն ու լեռների ծանրությունը, ովքեր կարծես վաղուց մոռացել են, որ Չինացիներից տարբերվում ենք նրանով, որ ընդամենը մի քանի միլիոն ենք, այն էլ երկնքի աստղերի պես սփռված,կարծես թե մոռացել ենք, որ արաբներից տարբերվում ենք նրանով, որ տասներկու երեխա ունեցող հայ ընտանիքներ չունենք, և կարծես թե մոռանում ենք, որ թուրքից տարբերվում ենք նրանով, որ չենք կարող մի ամբողջ ցեղ սպանել, թեպետ լավ ենք տիրապետում իրար ոչնչացնելու արվեստին:

Գուրզադյանի պաուզան ավարտվեց հետևյալ նախադասությամբ « երևի արդեն մոտեցել է հայ ժողովրդի աշխարհի երեսից վերանալու ժամանակը…»: Անակնկալն այնքան էր անսպասելի, որ թևերս թուլացան և ինձ թվաց, թե Գառնու լեռներն ընկան մի սև ուռկանի մեջ ու թփռտաց մեր հայկական լեռնաշխարհը ջրից դուրս բերված անշնչացող ձկան նման:

Ներքուստ հասկացա Գուրզադյանին ու հասկացա նաև, որ այնքան մեծ էր իր ցավն այդ պահին, որ ցավից անզգայացած մարդու նման նա հանգիստ արտասանեց այդ խոսքերն ու… շարունակեց նայել առանձնատան պատշգամբի դիմաց փռված իր այնքան սիրած կանաչ լեռներին:

Ըմբոստացա և հասկանալով հանդերձ չներեցի իր այդքան անկեղծ արտահայտության համար, թեպետ այս օրերին, ավելի, քան երբևեէ, հասկանում եմ նրան և ցավով խոստովանում եմ, որ մի գուցե ճիշտ էր նա…Մի գուցե իրո՛ք մոտեցել է մեր՝ հայերիս աշխարհից վերանալու պատմական ժամը:

Այնքան ծամծմվեցին վերջին ամիսներին նախագահ, ընտրություն, ընդդիմություն, կուսակցություն, ժողովուրդ և Հայաստան բառերը, որ հիմա այդ բառերից խոսափելու համար մեծ ճիգ եմ ուզում գործադրել, որպեսզի հանկարծ չկրկնեմ այն, ինչից հոգնել եմ, ինչից ականջներս արդեն բողոքում են ու փոխանակ սիրով ու անհամբերությամբ սպասեմ ամեն հոդվածին, լուրին կամ նորությանը, փախչել եմ ուզում մեր իրականությունից, թողնել ու հեռանալ, հայտնվել մի վայրում, ուր գոնե մի քանի րոպե տիեզերքի խշշոցից ու լռությունից բացի ոչինչ չեմ լսի:

Էս ի՞նչ ենք անում մենք՝ բոլորս…Էս ինչի՞ ենք վերածվել, էս ո՞ր ցեղից ենք սերվել, ո՞ր Աստծուն ենք հավատում և արդյոք ունե՞նք որևէ սրբություն, ունե՞նք որևէ արժեք, որն ավելի ծանր է կշռում քան մեր «ես»ը, որն ավելի կարևոր է քան իմ ու քո կարծիքը, որն ավելի սրբազան է, քան մեր արած հաշիվներն ու վերցրած քայլերը…Եվ եթե կա մի այնպիսի արժեք, որը վեր է մեզանից, ի՞նչն է, կամ ո՞վ է նա…Ո՞ւմ ենք մենք հավատում, տիեզերքի ո՞ր օրենքին ենք հետևում, որտե՞ղ է մեր գիտակցությունը, ի՞նչ կշիռ ունի մեր բանականությունը և ի՞նչ դիմակով ենք ծածկել մեր դեմքը…Կամ արդյոք ծածկե՞լ ենք, թե հանել ենք դիմակներն ու կանգնել ենք մեր իրակա՛ն դեմքի դիմաց…

…Հասկացանք, որ քաղաքականությունը չի ճանաչում սրբություն, որ քաղաքականությունը խաղ է, որ քաղաքականությունը ամենաանհեթեթ թատրոնն է, որ քաղաքականության մեջ չի կարող լինել հուզմունք ու ցավ, չի կարող լինել ճշմարտության ո՛չ մի նշույլ, որ քաղաքականությունն այնքան է մեր բոլորի կյանքը ցեխոտել, որ մոռացել ենք մեր պատմության առաջ պատասխանատու լինելու մեր դերի մասին, մոռացել ենք, որ աշխարհում մեր տեղը գտնելու համար միայն մե՛նք չենք պայքարել, մոռացել ենք, որ հազարավոր շիրիմների տակ ննջող մեր ընտանիքները, մեր մայրերն ու որդիները, մեր պապերն ու ընկերները իրենց երազանքների ամենամաքուր թելերով են հյուսել այսօրվա անկախությունը, այն երկիրը, որտեղ ապրելու բախտին չարժանացան նրանք, և որտեղ ապրելու բախտին կարող են չարժանանալ նաև մեր հետնորդները եթե շարունակվի այս բզկտոցն ու վայնասունը, եթե շարունակվի այս սարսափելի անգիտակցությունը, եթե շարունակվի այս մղձավանջը, որտեղ արդեն հայրենիքը բնակություն հաստատելու տարածք է լոկ, որտեղ ժողովուրդը այդ տարածքը հազիվ լցնող հոտ է, որտեղ առաջնորդները ծաղրում են սիրո առատությունը և հպարտությունն անվանում են միամտություն, որտեղ սխալները քարկոծվում են միա՛յն քարկոծելու նպատակով և ո՛չ երբեք սխալը շտկելու, որտեղ թույլերի վրա ծանր քարեր են դրվում, որպեսզի նրանք կքեն ու չոքեն բեռի տակ, որտեղ ընկածների ետևից քմծիծաղ են տալիս , որտեղ սեփական մեղքն անմիջապես նետում են դիմացինի վրա, որ ազատվեն սխալված լինելու ծանրությունից, որտեղ հանցավորներին այնպես են ատում, որ նրանք դառնան ոճրագործներ, որտեղ սպանում են խիղճը, վտարում են հոգին, երեսիդ են շպռտում գործած մեղքդ ու թողություն չեն տալիս, որտեղ անիծում են հաջողությունդ, որտեղ քծնում են հարուստներին, որտեղ ներս մտնող ամեն ոք ավելորդ հյուր է և որտեղից դուրս եկող ամեն անճար դավաճան է, որտեղ մարդը պարապ վախտի խաղալիք է և որտեղ երկգլխանի լեռը մեր սահմանից այնկողմ փռված վարդագույն ծամոնով փչած փուչիկ է, որն այլևս չի կշտացնում, չի հիշեցնում, չի պաշտպանում ու չի՛ սթափեցնում մեզ…

Էս ինչի՞ ենք վերածվել մենք՝ բոլորս…Կարդացե՛ք լրագրողներին, առաջնորդներին, քաղաքացիներին, ոստիկաններին, մարզպետներին, քաղաքապետերին, պատգամավորներին, ուսանողներին, կուսակցականներին, մտավորականներին, բոլոր- բոլորին ու դուք հազիվ թե կարողանաք սեր գտնել, հազիվ թե կարողանաք սեփական «ես»ից բարձր արժեք տեսնել, հազիվ թե կարողանաք հպարտություն նշմարել…Ամենուր հայհոյանք է, ամենուր նախանձ է, ամենուր սեփական բարդույթները հաղթահարելու ճղճիմ ճիգ է, ամենուր միջակություն է և ամենուր «ես» է և էլի՛ «ԵՍ»…

…ՄԵՆՔ-ը չկա՛…ՄԵՆՔ-ի մեջ չե՛նք տեղավորվում բոլորս…ՄԵՆՔ-ի մեջ չես, եթե իմ կուսակիցը չես, ՄԵՆՔ-ի մեջ չես եթե իշխանություն չես, ՄԵՆՔի մեջ չես եթե չես խոնարհվում իմ մտքերի առաջ, ՄԵՆՔ-ի մեջ չես եթե զենքով չես կռվել, ինչ հոգ թե կռվել ես մտքով, գրչով կամ գիտությամբ, ՄԵՆՔ-ի մեջ չես եթե ժամանել ես սփյուռքից , ՄԵՆՔ-ի մեջ չես եթե Ղարաբաղից ես եկել, ՄԵՆՔ-ի մեջ չես եթե գյուղացի ես, ՄԵՆՔ-ի մեջ չես եթե չես տեղավորվում իմ սեփական օրենքների ու սահմանների մեջ…ՄԵՆՔԸ չկա՜…Կորել է…Կորցրել ենք ու ման չենք գալիս…Գլորվել ընկել է մի խավարի մեջ, որտեղ մտնելու համար իսկական ուժ է պետք, որը գտնելու համար առնվազն կարոտ ու ցանկություն է պետք, «թասիբ» ու պատիվ է պետք, ամոթի զգացում ունենալ է պետք և ինչքան էլ բղավեք, որ քաղաքականությունը սեր չի՛ ճանաչում, միևնույն է, մե՛ր քաղաքականությանը նաև՛ և ամեն ինչից շատ սե՛ր է հարկավոր…Սեր, որից մղոններով հեռացել ենք, ու որն այլևս մեր տների փակ ու անհյուրընկալ դռների առջև նստած մուրացիկ է դարձել, որին կամ անտեսում ենք, կամ, որի պարզած ափի մեջ մեր ամենամանր գրոշն ենք շպռտում…

Էս ինչի՞ ենք վերածվել մենք՝ բոլորս…Մեկս մյուսի ձախողության վրա սեփական հաջողությունը կառուցող փոքրոգիների՞…հաշվե՞լ ենք մեր պատմական ձախողությունների թիվը, հաշվե՞լ ենք մեր պարտությունները, հաշվե՞լ ենք մեր կորուստները…Եվ եթե հաշվե՛լ սկսենք, տակը այս միակ երկրից ու այս մի քանի միլիոն հայից բացի ուրիշ բան կմնա՞…Կմնա՞ մի բան, որն ավելին է քան ՄԵՆՔ ենք…Կմնա՞ մի բան, որի համար արժի ապրել ու արարել և կմնա՞ արդյոք ապրելու ցանկություն մեզնից որևէ մեկի մեջ եթե աշխարհի երեսից վերանա մեր ա՛յս երկիրը, որի պատվի ու անվան հետ խաղում ենք մենք բոլորս ու որին դադարել ենք սիրել, որովհետև իսկական սիրո խոստովանությունը պատերազմներից հետո պետք է սկսվի, երբ արդեն քոնն է այն, ինչի համար կռվեցիր, երբ արդեն քոնն է այն, որին արդեն վերաբերվում ես սեփականության նման, որի հետ կարելի է վարվել այնպես ինչպես ուզում ես, որից ամեն օր ավելի ու ավելի ես հոգնում, որին ամեն օր ավելի ու ավելի ես լքում, որին վերաբերվում ես կնոջ նման, ում հետ կարելի է ամուսնանալ՝ թո՛ղ որ դաստիարակի զավակներիդ, սակայն չսահմանափակի «տղամարդուդ» ազատությունը…

Էս ի՞նչ ենք անում մենք՝ բոլորս…

Ո՞ւմ ենք գետնով տալիս, ո՞ւմ ենք ատում և ո՞ւմ դեմ ենք պայքարում, եթե ոչ ինքներս մեզ…Կասկածով ենք վերաբերվում անգամ մեր հարազատ եղբորը, չե՛նք հավատում, չե՛նք վստահում, չե՛նք հանդուրժում, վախեցնում ենք իրար, սպառնում ենք իրար, սպանում ենք իրար…որովհետև մեր «ես»ից այնկ կողմ դատարկություն է, որովհետև «ես»ից այն կողմ մեկ ուրիշն է, որից պատսպարում ենք ինքներս մեզ քարե բարձր պարիսպներով՝ նորակառույց մեր այսօրվա տների նման, որոնք բաց չեն ոչ մեկի առաջ, որոնց պատերն ավելի հաստ են քան մեր կարողությունը, որի դարպասներն ավելի փակ են քան մեր սրտերը և որի ծուխը չի երևում, տան ծուխը չկա՜…

Իզուր չէ, որ մեզ սթափեցնում են միայն մեր ողբերգությունները…Իզուր չէ, որ մենք մեր «ես»ից վերանում ու դառնում ենք ՄԵՆՔ միայն աղետալի երկրաշարժների, պատերազմների կամ ցեղասպանության հիշատակման պահերին…Եվ իզուր չէ, որ Աստված մեր ժողովրդին երբեմն այնպիսի՛ ապտակներ է հասցնում, որից ուշքի գալու համար երբեմն ստիպված ենք լինում հիշել, որ նո՜ւյնն ենք, հիշել, որ բոլորիս ազգանվան կպած «յան» ը դա մեր ցեղի ու տեսակի միտքն է, դա մեր երակներով հոսող պատմությունն է և յուրաքանչյուրիս հոգու խորքում կուչ եկած լացը…Հիմա՞ ինչ ողբերգություն է մեզ պետք սթափելու համար…Ընդամենը երկու միլիոն ենք մեր հողի վրա ու մի քանի միլիոն ավել հողից դուրս և այդ մի քանի միլիոնին ղեկավարելու և առաջնորդելու «դարդը» այնպես ենք իրարից խլում, կարծես էլ մահ չկա, կարծես անմահ ենք բոլորս, կարծես կյանքը երկար է այնքան, որ դեռ կհասցնենք մեր բոլոր սխալները ուղղել, կարծես հավիտենական ենք այնքան, որ մեկ անգամ ևս հայրենիք կորցնելու և նորից զրոյից սկսելու անսահման ժամանակ ունենք…Էս ի՞նչ ենք անում մենք՝ հայե՛ր…Մեզնից ամենաերկարը ապրողի կյանքն ընդամենը 90 տարին է, մնացածը շարունակվելու է առանց մեզ, մնացածը շարունակվելու է մե՛ր թողածի ու տվածի հիմքերով, մնացածը մեր բոլորի երեխաներինն ու թոռներինն է…Եկեք համարենք, որ չկա՛նք, որ արդեն հուղարկավորել են մեզ ու որ արդեն մեր հոգիները վերևից են նայում մեր հողին ու հայրենիքին…Եկեք նայենք վերևից…Արդյոք վաղը կտեսնե՞նք մեր հայրենիքում վազվզող մի քանի հայ երեխա, որոնք գոնե մե՛կ բան կյանքում միասի՛ն անել գիտեն, կտեսնե՞նք…Թե՞…Վերևից կնայենք, ու կկախենք մեր հիմար գլուխները ա՛յն խոսքերի համար,որ այսօր չենք ասում, այն քայլերի համար, որ այսօր չե՛նք անում, այն գիտակցության համար, որն այսօր չունենք…

Քաղաքականությունը նախ և առաջ սեր է, որովհետև միայն սիրո գոյությունը կարող է մեզ բոլորիս մտածելու, գիտակցելու, հասկանալու, պայքարելու և ճակատագրական սխալներից հեռու պահելու իմաստություն և հանդգնություն տալ:

Եկեք գոնե այս օրերին,երբ դեռ Աստված իր վերջնական ապտակը չի՛ հասցրել մեզ, մեր մի քանի կիլոմետր մակերեսով այս հայրենիք – տարածքի վրա մի քանի սանտիմետր ավել սիրտ ու հոգի դնենք, որ չլինի այնպես, որ գա ժամը մե՛ր վերացման, որ չլինի այնպես, որ անկախ երկրում ապրելու տիեզերական արտոնությունը չտրվի մեզ, որ չլինի այնպես, որ որոնենք, ու այլևս չգտնենք ինքներս ՄԵԶ:

 

Նուշիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ապրիլ 14, 2013թ. – Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (31)

Պատասխանել

  1. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ says:

    Ցավոք սրտի այսօրվա իրավիճակի միակ պատասխանատուն իշխանություններն են, որոնց միշտ հուզել է ոչ թե երկրի ու ժողովրդի վիճակը, այլ իշխանությունը պահելու հարցը:
    Ցավոք սրտի ընտրությունից ընտրություն գործող ղեկավարները ներողություն են խնդրում խոստումները չկատարելու համար ու զոռբայությամբ, կեղծիքով ու բռնությամբ շարունակում են մնալ իշխանության` չկատարելով խոստումները
    Ցավոք սրտի պատմության դասերը այդպես էլ չսովորեցին Երկրիս ղեկավարները:
    Հայտնի խոսք կա ,,քաղաքկանությունը պոռնկություն է,, ու մեր քաղաքական գործիչ կոչվածների մեծամասնությունը այդ տիրույթում է ապրում` քծնել, ցեխ շպրտել, վարկաբեկել, ստորաքարշությամբ զբաղվել, ժողովրդին հիշել ընտրությունից ընտրություն,:
    Արդեն զզվանք է առաջացնում էս կուսակցակռիվները, որոնք լրիվ ,,ԵՍ,,-ի կռիվ են:
    Մեզ այսօր պակասում են իրական ազգային գործիչներ, որոնք ազգապահպան գործունեությունը կտեսնեն ոչ թէ ,,Արի տուն,, ասելով ու գալացողին կլպելով, այլ կսկսեն հենց ՏՈՒՆԸ ԿԱՐԳԻ ԲԵՐԵԼՈՎ, որպեսզի ոչ թէ խնդրենք որ գան, այլ իրենք շահագրգռված լինեն ՀԱՅՐԵՆԻՔ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ:
    Քանի դեռ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ առկա է ոչ լիգիտիմ ու ապօրինի իշխանություն, որոնք էլ ծնել են ԳԱՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԸ, ապա ԱՍՏԾՈՒ ԱՊՏԱԿՆ անխուսափելի կլինի:

    Հ.Գ. Նուշիկ ջան շնորհակալություն հոդվածի համար: Թող այն սթափության կոչ լինի բոլորի համար:

    • gago says:

      “…այսօրվա իրավիճակի միակ պատասխանատուն իշխանություններն են…”
      Իրավիճակը չի շտկվի քանի դեռ կա քաղաքացիների մի մեծ բանակ, ովքեր քնում-ելնում են այս մտայնությամբ:

    • Արմեն says:

      Կարգին ծիծաղեցի: Հեղինակը հոգնեց ասելով մենք, դուք ասում եք իշխանությունները:

      Այդ ինշխանություններն էլ ենք մենք, արդեն քսան տարուց ավել է դժգոհ ենք, հետևաբար մենք ենք:

      ՈՒ իմ համար ամենատխուրը նա է, որ գրում եք լիգիտիմ, ընտրություններ…. կներեք բայց

      բոլորովին դրա մասին չէր այս նյութը: Հասկացեք վերջապես ամենակարևոր բանը ընտրություններն

      ու դրանց անցկացման ձևերը չեն, ԱՎԵԼԻ ԿԱՐևՈՐ ԲԱՆ ԿԱ ու դա ՄԵՆՔՆ է:

  2. Վեներա says:

    Մի գուցե իրո՛ք մոտեցել է մեր՝ հայերիս աշխարհից վերանալու պատմական ժամը… Շատ տխուր,բայց իրականությանը շատ մոտ իրավիճակ…

    Աստծո ապտակն արդեն իսկ անգնահատելի սթափվելու կոչ է մեզ՝ բոլորիս,որը պարբերաբար առկա է…սակայն այնպես չլինի,որ Աստված նույնիսկ այդ ապտակը չհասցնի,այլ երես թեքի մեզանից……………………………

    P.s.Նուշիկ ջաաան…Շնորհակալություն քո ուշադրության ու նվիրումի համար:Այստեղ ամփոփել ես ոչ միայն քո,այլ նաև շատ շատերիս մտածմունքները…Հուսամ,հատկապես այն մարդիկ,որոնք ցանկալի է,որ կարդան այս հոդվածը.ինչ որ բան կփոխի նրանց մեջ ու հերթական անգամ սթափության կոչ կլինի՝ նրանց ու բոլորիս համար…

  3. Արմէն Իւրնէշլեան says:

    Ցաւը հսկայ ոյժ է. Նուշիկին յօդուածը վկայ։ Այ, այսպիսի ցաւ պէտք է ապրի ամէն հայ։ Արտագաղթը երկրաշարժէն գէշ է, Արտագաղթը Ցեղասպանութենէն ալ գէշ է։ Երկրաշարժին կը հայհոյես ճակատագրիդ, Ցեղասպանութեան՝ Թուրքին, իսկ Արտագաղթի՞ն…. ինքզինքի՞դ, սեփական անձի՞դ, Լեւոնի՞ն, Ռոբերտի՞ն, Սերժի՞ն։ Բայց չէ՞ որ բոլորիս մէջ ալ քիչ մը լեւոն, ռոբերտ ու սերժ կայ։ Բոլո՛րիս, ա՛նխտիր։ Չկրցանք ցաւէն ոյժ քաղել։ Ապտակին հետքը հազիւ անցաւ, շտապեցինք մեր խանութիկները։ «Դուն, հայու լակոտ, դուն ամէնէն շուտը կը փոխուիս անասունի, եթէ օր մը իսկ մնաս առանց վիշտի»։ Անմահ է Շահնուրը. բոլորս՝ վկայ։
    Սիրելի Նուշիկ, Մենք ՄԵՆՔն իսկ եղծանեցինք։ Մենքին մէջ տեսանք մեր հաւաքական մանր ԵՍերը։ Ատոր համար է որ դուն հոն սփիւռքահայ ես, միւսը հոս՝ հայաստանցի։ Մէկը հոս հալէպցի, միւսը հոն՝ (նոյնիսկ) այնթապցի։ Եւ որքա՜ն գիտենք խոշորացուցել մեր տարբերութիւնները, ընդհանրացնել թերութիւնները, չարախնդալ եւ ամենավատը` ժխտել դիմացինին ՀԱՅութիւնը։
    Էհ, Նուշիկ, յոռետեսութեան գազանը արթնցուցիր մէջս։ Հիմա կամ պէտք է աջ ու ձախ խժռէ (հոգիս ալ հետը), կամ ետ պիտի քնացնեմ ու վերադառնամ ԵՍի պատեանիս մէջ, նման «Ծաղկափոշու մէջ թաթախուած գունաւոր բզէզին», որուն «մանուշակը ճօճք է թւում, աշխարհը` ծիրանագոյն բուրաստան»։

  4. Անկեղծ ասած, ինձ համար զարմանալի է նման բարձր ու բազմատաղանդ գիտնականի հուսալքությունը. չէ՞ որ ցանկացած գիշերվան անպայմանորեն լուսաբաց է հաջորդում: Տիեզերական խավարի ժամանակաշրջանն անխուսափելիորեն մոտենում է իր ավարտին, ինչպես միշտ եղել է մարդկության պատմության ընթացքում: Այլ հարց է, որ բոլոր հոգիներին չէ, որ բախտ է վիճակվում տիեզերական լուսաբացի վկան դառնալ՝ մարմին առնելով հենց այդ ժամանակահատվածում:

  5. Արծրուն Պեպանյան says:

    ԵԼՔ կա՛:

  6. Armine G says:

    Ուրեմն եկեք ազգովի մի կողմ դնենք ԵՍ-ը՝ մեր անձնական փոքրիկ շահը, նախանձը մեր ընկերոջ հանդեպ, քննադատությունը մեր հայրենակցի հասցեին ու սիրով համախբվենք ՄԵՆՔ-ի մեջ: Մեր ՍԵՐը թող լինի մեր առաջնորդը:

  7. Ara Hovhannisyan says:

    Հարգելի տիկին Նուշիկ, շատ սրտաճմլիկ էր ձեր նյութը, բայց շատ տեղին: Մի գուցե տեղին է ասել նաև, որ մենք առժանի ենք անհետացման: Մենք ինքնաոչնչացման ուղին ենք բռնել, շատերը կամովի: Ինչ’ լավ բան է մնացել ներկայիս հայի մեջ: Հայը անզուսպ է, ագահ, ցանկությունների գերի, գոռոզ իր պատմական նվաճումների սին հպարտությամբ, մի խոսքով գլուխը միշտ ետ պտվտած է, նայում անցյալին, այլ ոչ թէ ապագային: Հայը անհարգի է մերձավորների, մեծերի, օրենքների, հավատքի, Աստծո պատվիրանների հանդեպ: Հայը կոպիտ է, անտաշ, զորբայության և բռնության կողմանկից, անկանխատեսելի, անհավասարակշռված… : “Մերն ուրիշ է”, “մենք ենք որ կանք”, “նրանք ով են, որ մենք…”: Այս գոռոզ արտահայտություններով մենք մեկուսացնում և վնասում ենք ինքներս մեզ: Մենք բոլորս ենք վատը, առնվազն գերակշռող մեծամասնությունը, իմ հաշվարկով` 85-90%, իսկ սա անդառնալի ինքնակործանման հատկանիշ է: Սակավաթիվ “բարի հայերի մերանը” արդեն չի գործում, կենսունակ չէ: Մենք բոլորս պետք է փոխվենք, յուրաքանչյուրս պետք է սա հասկանա և դրական քայլեր կատարի:

  8. Լևոն Թոքմաջյան says:

    Հնարավոր չի մի քանի խոսքով նկարագրել թէ ինչ է քաղաքական իշխանությունը այսօրվա մարդկանց գիտակցության մեջ՝ համենայն դեպս ամեն ինչ բացի այն ինչ քաղաքական իշխանությունը պարտավոր է լինել:

    Ըստ մարդկության խորագույն հաճարների քաղաքական իշխանությունը ամենածանր, ամենապատասխանատու, ամենաանշնորհակալ, ամենաանհետաքրքիր, ամենաանձնուրաց, ամենամտքատար, ամենա առողջություն և կյանք մաշող գործը ՊԻՏԻ լինի:
    Նման բեռը հնարավոր է տանել միայն հայրենիքի նկատմամբ անհուն սիրով ու այդ սիրուց սնվելով ու ուժ առնելով միայն:

    Աստված մեծ է ու մի օր ժողովրդական ճնշմամբ քաղաքական իշխանությունը կդառնա այն ինչ ՊԻՏԻ լինի:

    Այնժամ նոր կերևա կգտնվի հայրենիքի սիրով տոգորված մեկը կամ մի քանիսը որ հոժարի կրել Մոնոմախի գդակը:

    Այ եթե ոչ ոք հոժարի՞ այնժամ միայն հնչեցրեք մահվան կոնչակ:

  9. hovhannes says:

    թանկագին նուշիկ,շնո հակ աւութլու ն ալս սրտացավ հոդվածի համար; եսնկարիչ եմ և ապրում եմ փարիզում ;հալրենաբաղձութլունը ինձ ուղղակի սպանում է; շատ ուրախ կլինեի անձամբ ճանաչել ձեզ

  10. Համլետ says:

    Կարդացի հոդվածն ու երկար ժամանակ լուռ,փակ աչքերով՝ մտքով տեղափոխվեցի դեպի մեր պատմության ակունքները,այնտեղից կամաց-կամաց՝ մեր օրերը…
    Չգտա,չգտա մի որևիցե ժամանակահատված (թերևս՝ բացառությամբ Խորհրդային տարիները),որով կարող էի ինչ որ ձևով արդարանալու պահեր գտնել՝ ի հակազդեցություն մեծն Գուրզադյանի մտքերին…
    Երիցս ճիշտ է նրա՝ ,,…թեպետ լավ ենք տիրապետում իրար ոչնչացնելու արվեստին:,, մարգարեական գնահատականը…Վերջին 15 տարիներին մենք իրար ոչնչացնելու արվեստը հասցրել ենք կատարելության աստիճանի,այս անգամ արդեն սպիտակ եղեռնի իրագործմամբ:
    Այն ինչ չհաջողվեց իրագործել Թալեաթին ու Էնվերին՝ հաջողությմաբ իրագործեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը…

  11. Սօսի Իսկէնեան says:

    Սիրելի Նուշիկ
    Երբեմն ցաւեր այնքան կը կրկնուին որ կը փթացնեն ցաւի զգացումը մարդուն մէջ, սակայն յօդուածիդ ընդմէջէն, ականաւոր գիտնականի ափով մեր բոլորին երեսին հասած ապտակը, ահռելի սթափեցուցիչ դեր ունի: Երանի այդ ապտակը հասնի ուր որ անկ է , որովհետեւ դարերու ընթացքին բարբարոս ցեղերու չկրցածը, այսօր մեր «ղեկավարները» կ’ուզեն ընել խղճի ամենայն հանգստութեամբ:
    Աստուած չբերէ այդ օրը որ հայութիւնը վերանայ աշխարհի երեսէն:
    Սիրելի Նուշիկ շնորհակալութիւն յօդուածին եւ անոր մէջ արծարծուած անկեղծ ցասումերուն համար : Կը բաժնեմ բոլոր միտքերդ: Երանի այս եւ նման գրութիւններ ահազանգ հնչեցնեն այլեւս:

  12. Galust Yenokyan says:

    Հարգելի Նուշիկ, Ձեր մտորումները ահասարսուռ , մարդու մարմինը փշաքաղվելու աստճանի են հասցնում… հատապես որ Գյուրզադյանի նման Հանճարի մոտ քառասուն տարիներ առաջ գիտատեխնիկական կանխատեսումները այսօր միս ու մարմին են ստացել… նման իրավիճակում Երկրի բոլոր Զանգակատները պիտի ԳՈՒԺԵՆ ԲՈԹ, եվ հրավիրեն ՀԱՅ ՄԵԾԵՐԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ…առանց իրենց ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ…ՍԱ Է ՊԱՀԸ…

    Շատ Շնորհակալ եմ Նուշիկ Միքայելյան նաեվ Արամ Աբրահամյան որ այս շատ հրատապ նյութը ներկայացրելեք Հայ Հանրության ուղադրությանը:

  13. Արամ Հովհաննիսյան says:

    «Երբ ազգի մէջ ցեղի ոգու բացարձակ տիրապետությիւնը չկայ – նրա առաքինութիւնները չեն կարող ներդաշնակ լինել: Իսկ ուր չկայ առաքինությիւնների ներդաշնակութիւն – այնտեղ չկայ ուրախ կեանքի ստեծագործութիւն, այլ մտային-կամային տագնապ և ողբերգութիւն”:
    Հայկ Ասատրյան, «Արթնացիր, հայ մարդ”, Երևան,1998 ,էջ 26

  14. Ֆլորա says:

    Այս խորհրդածությունները վերջ չունեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք վերգտել ՏԵՐ լինելու զգացողությունը: ՏԵՐ – սրտացավ, սիրող հոր պես: ՏԵՐ – ,,անառակ,, որդուն ներելու և ընդունելու պատրաստակամությամբ: ՏԵՐ – սեփականատիրոջ պես: ՏԵՐ – տիրոջ իրավունքի գիտակցությամբ ու մտայնությամբ, մտահոգությամբ: ՏԵՐ- ունեցածը պահպանելու ու նորոգելու ցանկությամբ …

  15. Գայանե Գևորգյան says:

    Շատ զգացմունքային էր, խորն էր, համապարփակ էր ու իրական,
    միաժամանակ շատ անհույս էր, անելանելի էր…մութ էր…
    համաձայն եմ յուրաքանչյուր պարբերության հետ
    համաձայն եմ էն մեծ ու անչափելի վախի հետ , որը կա նյութում
    համաձայն եմ այն սթափման կոչի հետ, որ կա
    համաձայն եմ մեր աղետների այն պատճառների հետ, որ բարձրացրել եք
    համաձայն եմ էն կորուստների հետ, որ ունենք ու նշել եք …

    Ւ վերջո , կիսում եմ նաև այն հոգեվիճակը, որով գրվել է այս նյութը…
    բայց, այդուամենայնիվ, ավելի ԼԱՎԱՏԵՍ եմ` չգիտեմ որտեղից է գալիս դա, ինչ հիմնավորվածությամբ կամ հավատով, բայց կա…

  16. Տ says:

    Մեր փոխադարձ ատելությունն ու անհանդուրժաղականությունը ցավոք գալիս է փոքրուց եւ ընտանիքից: Ուրախանում ենք, երբ մեր երեխան իբր անմեղ մանկական խաղերի ժամանակ զոռբայությամբ խեղճացնում է իր հասակակիցներին ու չենք էլ նկատում, որ դրանով դնում ենք ատելության ու անհանդուրժողականության հիմքը: Մանկությունից երեխաներին դաստիարակում ենք օտարամոլությամբ, թույլերին արհամարհելու, ուժեղներին քծնելու գաղափարներով՝ ընդ որում թե՛ ազգի, թե՛ անհատի մակարդակով: Ո՞ր պաշտոններում ենք ձգտում տեսնել մեր երեխաներին. դատավորի, հարկային, մաքսային աշխատակցի, պաշտոններ, որոնք այս կամ այն կերպ կապված են դիմացինի նկատմամբ իշխանություն ունենալու, նրան կախվածության մեջ տեսնելու հետ: Մշտապես տեսնում ենք նաեւ մեր ազգային կախվածությունը, վախը տարբեր ազգերից ու անհայտ գործոններից: Դա ակնառու կերպով երեւում է լեզվի հարցերում եւ մեր ոչ ինքնուրույն մտածելակերպում: Առողջ չէ սա ու այս ցավով տառապում ենք բոլորս: Պետք է սկսենք ամեն մեկս մեզնից, մեր երեխաներից, ինքներս մեզ պետք է վերլուծենք ու անկեղծորեն խոստովանենք, թե ի՞նչ ենք անում ինքներս Թումանյանի ասած Ոսկի քաղաքն ունենալու համար, քանզի կարծես թե բոլորս էլ ուզում ենք, որ Հայքում իշխեն հենց այդ Ոսկի քաղաքը բարքերը: Ուրեմն սկսենք ինքներս մեզնից: Թող Նուշիկի անկեղծ սրտացավությամբ լեցուն հոդվածը օգնի մեզ: Շնորհակալություն:

  17. Լևոն Մելքումյան says:

    Այս իշխանությունները Մարսից չեն եկել: Դրանք բոլորը ծնվել ու մեծացել, դաստիարակվել ու սնվել, ձևավորվել և հասունացել են մեր հայ ընտանիքներում, հայ մայրերի, հայ տատիկների, պապերի ու հայ հայրերի ձեռքի տակ: Նրանցից են սովորել լինել այնպիսին, ինչպիսին կան:
    Ողբերգությունը սա՛ է:
    Մի օր պիտի՞ նայենք հայելու մեջ տղամարդավարի, անաչառ ու քաջաբար: Պիտի տեսնե՞նք մեզ հենց այնպիսին, ինչպիսին կանք, թե շարունակելու ենք ինքնասիրահարված հիմարի պես ապուշ-ապուշ ոչնչացնել մեկս մյուսիս, մեկս մյուսիս համար անտանելի կյանք կառուցենք մինչև լիակատար ոչնչացում: Ագահության և ցուցամոլության այս խրախճանքը ինչքա՞ն պիտի շարունակենք: Ու՞մ ենք զարմացնում… Գավառական խավարամտության մեջ ինչքա՞ն պիտի խարխափենք՝ մեծ-մեծ, լոպազ-լոպազ դուրս տալով…
    Մեծերը լավ ինտուիցիա ունեն՝ ճիշտ եր ասել Գուրզադյանը:

  18. ԲՐԱՎՈ եւ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…

  19. մարի says:

    կյանքիս մեջ կարդացած ամենալավ հոդվածը …

  20. Armine G says:

    Այս ոգեշնչող խոսքերի հեղինակների և ողջ հայ ազգի ուշադրությանն եմ ուզում ներկայացնել «Նախախորհրդարանի» ծրագիրը մեր երկիրը ազատելով կործանումից:

    https://vahagnakanch.wordpress.com/2013/04/17/%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%A8-%D5%B9%D5%AB-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A1-%D6%87%D5%BD-%D5%B0%D5%AB%D5%B6%D5%A3-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%AB/comment-page-1/#comment-3975

    Հրաշալի ծրագիր, որը պետք է իրագործենք միասնաբար: Ժողովուրդ, եկեք ուշադիր ընթերցեք յուրաքանչյուր բառը, յուրացևենք մեր այս ծրագիրը և գործի անցնենք: Նույնիսկ այս գաղափարների բացատրությունն ու տարածումը մեծ օգուտ կտա մեր ընդհանուր գործին: Ուրեմն.
    – Մեր հաղթանակը մեր միասնության մեջ է: Այսինքն մի կողմ դնենք մեր ԵՍ-ը ու անցնենք ՄԵՆՔ-ի:
    – Հրաժեշտ տանք մեր սովետական մտածելակերպին: Այսինքն մեր միջի վախը, կասկածը, դյուրահավատությունը դնենկ մի կողմ և ամրապնդվենք հույսով, հավատով ու համարձակությամբ:
    – Մերժենք կաշառքն ու անարդարությունը, չծախենք մեր հոգիներն ու մեր հայրենիքը: Այսինքն չհանդուրժենք սուտն ու անիրաւությունը:
    – Չծաղրենք մեր սայթաքած գործընկերներին, ներենք նրանց վրիպումները, չպառակտենք մեր իսկ շարքերը: Այսինքն ակամա չօգնենք քրեածին ներկա կառավարությանը:
    – Պրովոկացիաների չենթարկվենք: Այսինքն միշտ արթուն լինենք և չշեղվենք մեր ընթացքից:

  21. Պարոյր says:

    Ես մի քանի առիթներ եմ ունեցել շփուելու մեծ գիտնականի հետ եւ գիտեմ, թէ որքան էր նա նուիրուած իրեն աշխարհ բերած ժողովրդին եւ ինչ մեծ սիրով էր սիրում իր՝ մեր Հայրենիքը։ Իր հազարումի (նաեւ աոողջական) խնդիրները մոռացած նա <> տարիների բեռն ուսերին Հայաստանի ռազմական անվտանգութեան տեսակետից իր կարեւոր (աւելի բաց չեմ կարող ասել) առաջարկութիւնները լսելու պատրաստ իշխանաւոր էր փնտրում։ Պատկերացնու՞մ եք, խորհրդային ռազմավարական նշանակութեան հրթիռների նշանառութիւնն ապահոված գլխաւոր մասնագեէտը, աշխարհահռչակ գիտնականը ամիսներով չէր կարողանում իրեն ունկնդրելու պատրաստ պետական այր գտնել։ Եւ ամեն ինչով հանդերձ նա հանգիստ էր։ Ես որեւէ յուսահատութիւն չնկատեցի Գարեգին Գուրզադեանի տրամադրութիունում։ Սա որպէս ներածութիւն։
    Որեւէ մէկի մահուան մասին սովորաբար խօսւում է այն ժամանակ, երբ ակնյայտ է որ այդ անձը մահուան շեմին է։ Այլապէս խօսւում է հիվանդութեան կամ ծանր հիվանդութեան մասին…Հայ ազգը չի մեռնում. այն որպէս ազգ արդէն մեռած է։ Չխաբենք մեզ։ Հիմա ապրում ենք ընդամենը այն փուլում, որ բացառիկ ցանկութեան ու մեծ ճիգերի դէպքում կարող է փրկուենք։ Ինձ համար ամենասարսափելին այն է, որ այդ տագնապի զգացողութիւնն անգամ միայն մի քանիսն են ապրում։ Միւսները հիմնականում գոհ ու երջանիկ են։ Ազգը դա ազգային միասնական արժեքային համակարգ (ոչ ցեղային. ցեղը պետութիւն չի ունենում) ունեցող, դրանով ապրող մարկային հաւաքականութիւնն է։ Հարց տանք մենք մեզ՝ արդեօ՞ք ենք այդպիսին կամ արդեօ՞ք ձգտում ենք դրան…
    Ներկայացուած մեկնաբանութիւններին հետեւելով տեսնում ես, միայն երկուսն են գրում հայկական դասական ուղղագրութեամբ, այն ուղղագրութեամբ որի վերականգման կողմնակիցներից է Գրիգոր Գուրզադեանը։ Եւ սա դեռ ազգի ճակատագրով մտահով մարդկանց շրջանում։
    Համակարծիք եմ նրանց հետ, ովքեր քաղաքական (եթէ քաղաքական-ի փոխարէն օգտագործենք կամ մտքում պահենք՝ պետութենական-ը, աւելի ճիշտ կհասկանանք երեւոյթները) գործիչների մեղաւորութիւնն են տեսնում առկայ իրավիճակում։ Եւ չեմ կարող անառարկելի համարել այն կարծիքը, որ այսօրուայ <> ազգի բնականոն ստեղծագործութիւնն են։ Մենք գիտենք, որ այս որակի սերունդ պատրաստելու ուղղութեամբ մեր թշնամինեը լուրջ եւ տեւական աշխատանք են իրականացրել։ Բանն այնտեղ է հասել, որ ազգային քաղաքական գործչի խորհրդանիշ՝ ազգային հերոս են դարձրել <> արժանի համարող մարդիկ։ Այսօր առանց հայ մարդկանց արգահատանքից վախենալու կարող են խօսել օտար պետութիւնից աջակցութիւն աղերսելու մասին։ Այս ծանր ու տհաճ իրավիճակն արձանագրելով միայն պիտի չսահմանափակուենք, եւ մանաւանդ չհիասթափուենք։ Ամեն մէկս առանձին-առանձին եւ իրար հետ պիտի անենք կարելին ու անկարելին…

  22. Astghik says:

    Ի՞նչ է նշանակում արիացի

    Արի=Արարիչ+իրան: Արիացի՝ Արարչի մարմինը կրողներ, այսինքն, Աստված մարդուն ստեղծեց իր տեսքով և նմանությամբ: Մարդ նշանակում է Հայ, մյուս կողմից՝ արի: Արիացիները առաջին արարվածներն են, ովքեր եղել են կիսաստվածներ և օժտված են եղել գերբնական ունակություններով, իսկ այն ամենն, ինչ գերբնական է, Տիեզերքից է:
    https://nordar.am/index.php?cat=1&catid=2

  23. Կարինէ Հայրապետյան says:

    Ինչքան ապրում է Երկրագունդը, Արեւը, Տիեզերքը կապրի նաեւ ՀԱՅԸ

  24. Կարինէ Հայրապետյան says:

    Ինչքան ապրում է Երկրագունդը, Արեւը, Տիեզերքը կապրի նաեւ ՀԱՅԸ : Բավական է մենք մեզ խաչենք ,մարդիկ: Մենք հարատեւ ազգ ենք: Մենք միշտ կապրենք, այս դժվար ու ծանր օրերն էլ կգան ու կանցնեն:

  25. Բեռանժ says:

    Ազնուափայլ Տիկին Նուշիկ Միքայէլեան,
    Հոյակապ է Ձեր գրութիւնը, որի համար իմ անկեղծ շնորհաւորանքներն ու շնորհակալիքները:
    Ձեր գրչին ցանկանում եմ` անսպառ մելան, Ձեր հոգուն` անհատնում վեհութիւն եւ Ձեր մտահոգութիւններին` բարեյաջող փարատում:
    Ցաւալին այն է, որ ընթերցողների եւ արձագանքողների մեծամասնութեան համար անհնար
    է եղել ըմբռնելու այդ մեծ գիտնականի արծարծած մտահոգութիւնները եւ հոգու ճիչը ինչպէս նաեւ Ձեր մեկնաբանութիւնները, իսկ չը ընթերցողների համար գիտակցական մեծ կորուստ:
    Աստծոյ ողորմութիւնն ենք յայցում այդ մեծ հայրենասէրի հոգու խաղաղութեան համար եւ ցաւակցում ենք համայն Հայութեան եւ իր ընտանիքի անդամներին, այս անփոխարինելի եւ ցաւալի կորստի առթիւ:
    Հայրենակցական խորը յարգանքներով`
    Բեռանժ, Վիեննա

  26. Seyran says:

    Մեծն Գուրզադյանը նկատի չուներ հայերիս ֆիզիկական վերացումը,որոշ թվով հայեր այս տարածքում կշարունակեն գոյատևել:Նա նկատի ուներ, որ մենք արդեն դադարում ենք հայ լինել,որովհետև կորցրել ենք ՀԱՅ լինելու բոլոր հատկանիշները՝հայրենասիրությունը,պայքարելու ունակությունը,հողը մշակելու,երեխա ծնելու,մեծացնելու,դաստիարակելու,միմանց ձեռք մեկնելու,կրթվելու,արարելու,ոչ միայն հացիվ ապրելու հատկությունները:Իսկ դուք՝իշխանությունները…,իշխանությունները…,իշխանությունները…:Իշխանություններն են մեղավոր,որ Արմենչիկին ես լսում,,,Քաղաքում,, սերիալն ես նայում,կամ նկարահանում,օտար սովորույթներով ես ապրում,կրոնափոխ ես լինում,ուրիշինը քոնից լավն ես համարում,բանակում ծառայող զավակիդ սպային կաշառք ես տալիս,որ տղայիդ փոխարեն մեկ ուրիշը ծառայի և այլն:
    Գրիգոր Գուզադյանը վերը նշածները նկատի ուներ,այո ՄԵՆՔԻ և ՄԵՐԻ բացակայությունն էր նրան մտահոքում:

  27. Սիրելիդ իմ Նուշիկ: Ինչ խոսք, նյութդ տեղին է և ազդեցիկ: Ժամանակն ամենազորեղ դատավորն է: Իմ կարծիքով, այսօր ամենահրատապ լուծումն այս հարցի մեր երեխաներն են տալու, այն սերունդը, որը մեզանից հետո է գալու: Այդ է, որ Ձեր նշած ՍԵՐն ու ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆը պետք է նրանց մեջ սերմանենք, որ կարողանան իրար ընդունել այնպիսին, ինչպիսին կան: Սփյուռքահայն իր հերթին, հայաստանաբնակն իր հերթին, դեռ մանկուց, պետք է ընտանիքներում մեկմեկու հանդեպ սեր և նվիրվածություն սովորեցնենք: Նրանք կարող են ավելին անել, քան մենք: Քանի որ նրանք սիրո ծնունդներ են, սիրված են ընտանիքներում ավելի, քան մեր մանկության տարիներին մենք էինք:
    Այսօր ժամանակն է, որ սփյուռքի ժողովուրդը, ինչպես ես և ինձ նման շատերը, չվախենան հայրենիքում ապրելու բազում դժվարություններից, ամրագրվեն հայրենիքում: Չմտածեք թե ԵՍամոլությունս եմ ցուցաբերում, պարզապես հայրենիքում ապրածս 10 տարիների ընթացքում անսահման խնդիրներ ենք ունեցել, բայց դրանց կողքին բազմաթիվ լավ ընկերներ և հարազատ միջավայրեր ենք ձեռք բերել, որոնք մեզ կապել են այս հող ու ջրին, որն օր-օրի ավելի է քաղցրանում: Եկեք, սիրելիներս, այսօր վճռական պահ է հայրենիքի համար: Սփյուռքի առկայությունն ավելի ազդեցիկ և ապահով կդարձնի հայաստանում ապրողներին (խոսքս հհ-ականներին չի վերաբերվում, որ ամեն գնով նրանց վռնդել են տալիս, նրանց ողջ ունեցվածքը խժռելու մոլուցքով): Հայրենիքում այնքա~ն բարի մարդիկ կան, այնքա~ն իսկական ընկերներ, որոնց նմանն աշխարհում չի ճարվի:
    Վահան Տերյանի հրաշալի միտքը. «Պետք է կարողանաս քեզ ուզել տալ». պետք է բոլորս կիրառենք և սերը սրտներումս կուտակած վերադառնանք հայրենիք: Ոչ մեկս մյուսին պարտք չենք, բայց բոլորս պարտք ենք մեր հողին ու ջրին, մեր սերունդներին: Այո, պետք է կայացնել վճռական որոշումն ու հավաքվել հայրենիքում: Բոլորի համար էլ տեղ կա:
    Կա փրկություն և մեր միակ փրկությունը մեր միասին ապրելու մեջ է: Համախմբվել է պետք ոչ միայն գաղափարով և մտովի, այլև` ֆիզիկապես:
    Շնորհակալ եմ նյութը գրողից էլ, տարածողից էլ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930