Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Բաց նամակ. «Գարեգին Բ-ն պաշտպանության կարիք չունի»

Օգոստոս 15,2013 12:55
vilen hakobyan

Բաց նամակ Երուսաղեմի հայոց պատրիարք
Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին

Մեծ ցավ և վրդովմունք առաջացրեց համացանցում հայ հանրության սեփականությունը դարձած Ձեր նամակը` ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հարկ չհամարելով անդրադառնալ այդ նամակում տեղ գտած բազմաթիվ և բազմապիսի աղաղակող սխալներին, անհիմն ձևակերպումներին, անտրամաբանական և հակաբանական պնդումներին, ներկա իրողությունները գիտակցաբար կամ անգիտակցաբար կեղծելու փաստերին, արժանավոր հոգևոր իշխանավոր երևալու անսքող նկրտումներին և իրականությունը խեղաթյուրող այլ դարձվածքներին, այնուամենայնիվ, մերկապարանոց հայտարարություն արած չլինելու համար պարտքս եմ համարում Ձեզ և հանրությանը ներկայացնել իմ անհատական կարծիքը:
Նախ ուզում եմ Պատրիարքին հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի լավ ճանաչելու, նրա բնավորությունը, բարոյականությունը, հոգեբանությունն ու վարքագիծը ճիշտ հասկանալու, պատմության մեջ նրա ունեցած դերն ու նվաճումները ճիշտ գնահատելու համար պետք է տեղյակ լինել նրա մշակույթին, գիտությանը, պատմությանը: Մի՞թե հարգարժան Պատրիարքը, քաջատեղյակ լինելով այդ ամենին, հատկապես Հայ Ժողովրդի անցած բազմադարյան պատմությանը, որն անխզելիորեն կապված է Հայ Եկեղեցու պատմության հետ, կարող է իրեն իրավունք վերապահել նման «դասեր» և գնահատական տալ երիտասարդ հոգևորականներին:

Մի՞թե նման գնահատականից հետո ողջ երիտասարդ հոգևորականների կողմից Դուք կարժանանաք դրական գնահատականի: Ո՞վ է իրավունք տվել Պատրիարքին նման բացասական գնահատականի արժանացնել Մայր Աթոռի կրթական համակարգը:

«Հիանալի» դասեր եք տալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մշտական հակառակորդներին: Մի՞թե նման խոսքեր իրավունք ունի ասել Հայ Եկեղեցու նվիրապետական կառույցի մաս կազմող, կարևոր աթոռի հոգևոր հովվապետը:

Եթե Դուք իրոք մտահոգված եք Մայր Աթոռի անթերի գործելաոճի համար, ապա ինչպե՞ս բացատրել, որ Ձեր` ս.թ. օգոստոսի 3-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակը միայն օգոստոսի 6-ին է հասել Մայր Աթոռ, մինչդեռ այն առաջին օրվանից շրջանառում է համացանցում և դարձել է ողջ հանրության սեփականությունը:

Եթե Դուք իրոք ազնիվ նպատակներ եք հետապնդում և մտահոգված եք Նորվան Սրբազանի հրաժարականի հարցով, ապա ինչո՞ւ չմասնակցեցիք Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստին, որտեղ և կարող էիք բարձրաձայնել Ձեր դիրքորոշումը, այլ ոչ թե, արհամարհելով ժողովը, միտումնավոր ձևով մեկնաբանեիք նրա որոշումը և կայծակնային արագությամբ այն համացանցի միջոցով դարձնեիք ողջ հանրության սեփականությունը:

Ափսոսանքով ուզում եմ արձանագրել, որ Պատրիարքը անձնական փառասիրության, ինքնահաստատման հասնելու մոլուցքով տարված, անընդունելի մեթոդներով փորձ է անում սեպ խրել Մայր Աթոռի և Երուսաղեմի նվիրապետական Աթոռի միջև: Ակամա հարց է ծագում, թե ո՞ւմ ջրաղացին եք Դուք ջուր լցնում:

Փորձ է արվում նսեմացնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը, պառակտելու այն, որը դարեր ի վեր հանդիսացել է մեր բազմաչարչար ժողովրդի գոյատևման միակ գրավականն ու փարոսը: Նման գործելաոճը հիշեցնում է աղանդավորներին, որոնք հանդես են գալիս տարբեր անուններով և որոնք իրենց գերխնդիրն են համարում ոչ միայն պառակտելու մեր Սուրբ Եկեղեցին, այլև խարխլելու մեր պետության հիմքերը, Հայ մարդուն դարձնելու Հայրենիք, Կրոն և Ազգություն չճանաչող ամբոխի: Նրանք անպատիժ, ագրեսիվ և լկտի, անվախ և անպարկեշտ գրոհում են մարդկանց բնակարանները, փողոցներում և նույնիսկ հասարակական վայրերում անթաքույց հոգիներ են որսում, խեղում մարդկանց, հավատուրաց և ազգուրաց դարձնում, թշնամանք սերմանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա սպասավորների նկատմամբ:
Հազարամյակների պատմությամբ ծանրաբեռնված Հայաստան աշխարհի գոյությանը սպառնացող բոլոր օրհասական պահերին, երբ վտանգվել է հայ ազգի անվտանգությունը, վճռորոշ է եղել հայ ազգի միասնական ոգին, որը գլխավորել է Հայ Առաքելական Եկեղեցին` իր գահակալներով, քանզի հարյուրամյակներ շարունակ մենք չենք ունեցել պետականություն:
Ավելի սրբապիղծ և ազգային պառակտմանն ուղղված քայլ, քան Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա խորհրդանիշներին վարկաբեկելու փորձերը, հնարավոր չէ մտածել:
Զարմանալի և անհավատալի է Ձեր նամակի մեջ Քրիստոսի ուսմունքին հակառակ կարծիք հայտնելու հետևյալ բառերը. «Ինչպե՞ս կարելի է Եկեղեցու իշխանավորին անտեսել հանուն մի պարզ քահանայի»: Մի՞թե բարձրաստիճան հոգևորականը այսպես է քարոզում մեր Ամենափրկիչ Քրիստոսի ուսմունքը: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
Չեմ կարող հպանցիկ չանդրադառնալ նամակում հրապարակված քննադատությանը` հանդեպ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ցավալի է, որ որոշ մարդիկ չեն հասկանում, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր ժողովրդի, մեր ազգի խորհրդանիշներից մեկն է, և նրա մասին խոսելիս անհրաժեշտ է չկորցնել պատկառանքը, հարգանքն ու չափավորությունն այդ խորհրդանիշի նկատմամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը պաշտպանության կարիք չունի, քանի որ նրա կողմից կատարված բազմապիսի և բազմաբնույթ գործերը Եկեղեցական կյանքի բոլոր բնագավառներում խոսուն վկայությունն են այն մեծ վերելքի, որ մեր Եկեղեցին ունեցել է վերջին 13 տարիների ընթացքում: Յուրաքանչյուր անձ պետք է հոգեպես կույր լինի, որպեսզի չտեսնի այն մեծագույն նվաճումները, որոնք ձեռք են բերվել Վեհափառ Հայրապետի ամենօրյա քրտնաջան աշխատանքի և Եկեղեցուն անմնացորդ նվիրվածության շնորհիվ:
Անհրաժեշտ եմ համարում նաև նշել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի գործունեությունը բավարար ձևով չի լուսաբանվում մեր տեղեկատվական համացանցում: Նա Ազգի և Եկեղեցու նվիրյալ է, օժտված է եղածը պահելու, բազմապատկելու, նորը ստեղծելու շնորհով և անհանգստությամբ: Նրա պահվածքը և վարքագիծը բխում են իր խորը հավատքից: Նրան շարժման մեջ դնողը հավատքն է. Ազգի, Եկեղեցու, Երկրի, Երկնքի նկատմամբ ունեցած հավատքը: Հավատքից բացի, նա հավատում է իր գործին, իր կոչմանը: Նա դարձել է մեր երկրի և Եկեղեցու սրբազան ավանդույթների ջահակիրը:
Ցավոք, ոչ բոլորն են հոգեպես ի վիճակի տեսնել և գնահատել մեր Վեհափառ Հայրապետի անձնուրաց աշխատանքը, սակայն ժամանակը և պատմությունն են, որ ամեն ինչ կդնեն իրենց տեղերում և կգնահատեն այն ամենաարժանավոր ձևով: Հիշենք երջանկահիշատակ Վազգեն Վեհափառին, որին ոչ հեռու անցյալում Ազատության հրապարակում անվանում էին «КГБ»-ի (Ազգային անվտանգության կոմիտե, ԱԱԿ) գործակալ, իսկ այսօր ո՞վ է կասկածում, որ նա արժանի է Սրբերի դասին դասվելու…

Հարգարժան Պատրիարք, եթե Դուք իրոք նախատրամադրված չեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, և եթե ընդունում եք Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը, ապա անպայման այցելեք Մայր Աթոռ` Ձեր ուխտը նորոգելու, նրա օրհնությունը ստանալու համար, անպայման մասնակցեք Եպիսկոպոսաց ժողովին, որպեսզի Ձեր նամակում գրված բառերը «Հոգևոր շենքի ամրացման մասին» համապատասխանեն իրականությանը, նպաստեն Հայ Սուրբ Առաքելական Եկեղեցու միասնականությանը: Ձեր մասնակցությունը նաև կապացուցի, որ Դուք անձնական փառասիրությունից ելնելով չէ, որ գրել եք այդ նամակը:
Այսօր, այս ծանր ժամանակներում, մեզ ազգային միասնականությունը սատարող և անխախտ պահող նվիրյալներ են պետք, պետք են հոգու հերոսներ, պետք է հավատ առ Աստված, հավատ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա սպասավորների նկատմամբ:
ՎԻԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Հերթական գարշապար լիզողը… Որքան կարելի է…
    Միթե պատրիարքը սխալ էր գրել ??? Էջմիածինը լի է 30 տարեկան եպիսկոպոսներով կամ էլ 25 տարեկան վարդապետներով: Ուղիղ համեմատական է մեր գիտական հասարակությանը, ուր նույն տարիքի գիտության թեկնածուներ ունենք: Ակադեմիկոսների մասին էլ չեմ խոսում: Բավական է կարդալ նրանց աշխատությունները, որոնք ավելի շուտ հիշեցնում են միջին մակարդակի գրական երկեր, քան գիտական գործեր:

    • Զարեհ Թօփալեան says:

      Բացարձակապէս արդարացի է ձեր ընդվզումը։ ՜Ակադեմիկոսը կուրօրէն շեղած է նիւթէն։ Անպայման զինք պէտք եղածէն աւելի կշտացուած են, որ Ամենապատիւ եւ Արժանընտիր Նուրհան Պատրիարք Սրբազան Հօր նշած ճշմարտութիւնները, դժուարամարս գտած է եւ իր կարճ տրամաբանութեան տագնապը դարձած են։ Պէտք է յիշեցնել վարձկանին, թէ Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնն է եւ կը մնայ բարձրագոյն խորհրդանիշը հայ զանգուածին։ Քննադատութիւնը միահեծան գործելու մասին է եւ ոչ շէնքեր կառուցելու։
      Ցաւալի է, որ նման մարդիկ, հրապարակ կիջնեն իրենց ապարդիւն ժամանակը զարտուղի մեկնաբաութիւններով լեցնելու։ Նախընտրելի պիտի ըլլար, որ իր գիտութեան շրջագծին հետաքրքրած նիւթով զբաղուէր։ Եթէ կ՛ուզէ կացութեան մասին լուսաբանութիւներ ունենալ, թող Գեղարդ համացանցային թերթին վերջին թիւը կարդայ։Ինչո՞ւ կը կարծէ ակադեմիկոսը, որ աղանդները հայ եկեղեցւոյ հաւատացեալներուն այսքան հեշտութեամբ իրենցը կը դարձնեն…։

  2. Garegin J says:

    Մենակ թե սա ուրիշ գարշապար լիզող է, մնում էր վերջում գրել “սլավա կպսս” ու դրանով ամեն ինչ իրա տեղը կընկներ:Ախր մի անգամից երևում է, որ սա ու սրա նմանները ընդհանրապերս ոչ մի գաղափար չունեն եկեղեցաշինությունից: Դա եկեղեցի(շենք, կառույց)-շինություն չի:Ասեմ գիտնականին ու էն բոլոր “հասարական կազմակերպություններին”, որոնք “կարգին “քննարկում եին կազմակերպել Երուսաղեմի պատրիարք Նուրհան Սրբազանի գրած նամակի շուրջ ուղղված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, միք դիպչի ձեր ոչ մաքուր սրտով Հիսուսի Եկեղեցուն, դուք դրանից շատ հեռու եք , դա շատ զզվելի է(ազգային միասնական եկեղեցի) ու քծնելի է(վտանգավոր ժամանակներ,պատերազմի շեմ), ալելի լավ է ապաշխարհեք ու ձեր աչքերն էլ կբացվի ու զզվելի գարշապարներից հեռու կմնաք: Հիսուսի եկեղեցին քանդողներին, պառակտողներին մոտիկ փնտրեք,առավել քան համաձայն եմ Նուրհան Սրբազանի գրած նամակի հետ ու օրինակելի եմ համարում նրա կատարած քայլը, չմասնակցելը Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստին,համարում եմ Իսկական Հոգեվորականի քայլ: Պարոն գիտնական ձեր հոդվածը ամբողջությամբ կոմկուսի ճառ էր հիշեցնում: էտ ժամանակները վաղուց անցել են, զարթնեք: Չէ էտ ես եմ սխալվում, ժամանակի զգացողություն դուք լավ էլ ունեք,էն ժամանակ սենց գարշապարները լիզելն արգելված էր:
    Առավոտին:Կարող եք,իմ էս մեկանբանությունն էլ չտպել, մեկ է ես իմն ասեցի ու շաատ կոռեկտ ձեվակերպումներով:,

    Ամենայն հարգանքներով Հայ քրիստոնյա:

  3. Անահիտ Դուրգարյան says:

    Բժիշկների մի ողջ սերունդ շատ լավ է հիշում Կոմունիստական վարչակարգի ժամանակների Հայաստանի ամենակոռումպացված ինստիտուտներից մեկի՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի դեկանին, ապա ինստիտուտի կոմունիստական կուսակցության (միակ կուսակցության) կոմիտեի նախագահին, ապա նաև ռեկտոր Վ.Հակոբյանին:
    Բոլորս ենք հասկանում ինչպիսի անձնական հատկանիշներ էր հարկավոր ունենալ այն ժամանակներում այդպիսի առաջխաղացում ունենալու համար, մի ժամանակաշրջան, երբ իշխանության հասցեին հնչած ամեն մի խոսքի համար կարող էիր դաժան ձևով պատժվել: Ինչպիսի դիվանագիտություն ու գարշապարալիզություն էր հարկավոր ունենալ այն ժամանակ այդպիսի ինստիտուտում այդպիսի պաշտոն ստանձնելու համար:
    Այսօր, երբ Էջմիածնում նույնատիպ բարքեր են տիրում, երբ միապետությունն ու անձի պաշտամունքը հասել է գագաթին, Վ. Հակոբյանի նմանների համար լավ մթնոլորտ է: Չէ որ այսօր Միապետին քծնելն ու կողքին հայտնվելը, վաղը կգնահատվի Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ու անպայման պատասխան քայլը կհետևի: Բա գիտեք հեշտ է տիրապետել գարշապար լիզելու արվեստին:
    Նրա գրած բաց նամակը, նամակի ոճն ու խրատանին, լրիվ ինձ տարավ այն դաժան ժամանակները, երբ Ղեկավարին ասած մի թունդ խոսքի համար, պատասխանողները միկրոֆոնի մոտ հերթի էին կանգնուն, իրարից առաջ ընկնելով Ղեկավարին իրենց հավատարմությունը ցուցաբերելու հզոր ու անդիմադրելի ցանկությամբ:
    Իսկ ինչ ներբերվում է ժողովին ներկայանալուն, դա երեխայական միամտություն է ներկայանալ մի ժողովի որտեղ հավաքված են մեծամասամբ անձեր, որոնք երբևէ մի սուր խոսք ասած չկան կաթողիկոսի հասցեին, բացի նրան փառաբանելուց: Այդ ժողովը կվերածվեր դատաստանի ու ծաղրուծանակի, ինչպես ժամանակին եղավ Կոմկուսի պլենումում, երբ Հայկ Քոթանջյանն արտահայտվեց իշխանությունների դեմ: Այնպես որ լրիվ ճիշտ է Նորվան սրբազանը որ չի մասնակցել ժողովին:

  4. john says:

    Ահա ևս մեկը,որ լիովին ու տասնամյակներով օգտվել է«լիառատ սեղանից»:Հիմա վտանգ կա իր «կորմուշկան»փակելու…Ապրես համար 3:իհարկէ հիշում ենք ու ոչ միայն այդ…Էհ,թող գրի էլի,բա ինչի համար է կերակրվում…
    Իսկ ոճն ու գրելաձևն էլ,ոչ միայն իր,այլ. իր նմանների,նույն աղբյուրից է գալիս:պետք չէ ոճաբան լինել,տեսնելու համր այդ…

  5. Գարեգին Գ says:

    Սրա հեղինակը բացարձակ գաղափար չունի ինչ է տեղի ունենում ամբողջ աշխարհում։ Խնդրում եմ այսպիսի բաներ տպելուց առաջ մի լավ մտածեք։ Գրողը պետք է մի լավ մարզանք անի, որ ողնաշար ձեռք բերի։ Խնդրում եմ ամբողջ հայության համար չխոսել մանավանդ այսպիսի բաներ չգրել։

    “սլավա կպսս” լավ էր գրել Գարեգին J

  6. Արամ says:

    Այ քեզ Եկեղեցու պաշտպան: Իր դիսերտացիաներում ու պարտկոմի նիստերում որքա՞ն անրադարձած կլինի Եկեղեցու քայքայիչ դերին: Մի նամակ էլ Բենթլիի համար գրի պարոն “երանելի” ակադեմիկոս:

  7. Arminius says:

    Թվում է, թե վերոգրյալ կոմենտների գառշահոտությունը կարող է թունավորել շատերին և վնասել մեր ազգին: Որպեսզի կեղտ արտադրողներն ու շպրտողները ուրախ չապրեն հարկ եմ համարում նշել հետևյալը.
    Ով գիտի, թե ինչ հարուստություն է կուտակված մեր եկեղեցու տիրապետության տակ Երուսաղեմում և Սուրբ Հողում, բացի հոգևորից ինչ գույքային արժեքների տեր ենք մենք, կարող է հասկանալ, թե ինչ գայթակղությունների մեջ է Պատրիարքը: Ով նրա <> դարձրել է բոլորի, այդ թվում բարոյապես ոչ կայուն արարածների քննարկման նյութ, հետապնդել է ստոր նպատակներ և դա ակնառու է, երբ կարդում ենք վերը նշված մեկնաբանությունները: Սակայն այդ նպատակները չեն կարող պսակվել հաջողությամբ, քանի որ մեր եկեղեցին սուրբ է, դիմացել է շատ ավելի դժվար փորձությունների, իսկ <> աշխարիկ կյանքի կեղտը մեր հայկական եկեղեցու և հավատի ոլորտ տեղափոխել չի հաջողվի:

    • Naxkin sarkavag says:

      Կարդալով հոդածդ իսկույն հակացա որ չորրորդ սովխոզ ( ոսկեհատ) լայթս-ի
      հետ գործ ունեմ , կտրիճը մեկ ա քեզ բենթլի չի տալու, երիտասարդ. խելքի արի

  8. հայ մարդ says:

    Իսկապես հերթական զզվանք առաջացնող գարշապար լիզողը…

    Այսօր, երբ Էջմիածնում նույնատիպ բարքեր են տիրում, երբ միապետությունն ու անձի պաշտամունքը հասել է գագաթին, Վ. Հակոբյանի նմանների համար լավ մթնոլորտ է: Չէ որ այսօր Միապետին քծնելն ու կողքին հայտնվելը, վաղը կգնահատվի Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ու անպայման պատասխան քայլը կհետևի: շ
    Բա գիտեք հեշտ է տիրապետել գարշապար լիզելու արվեստին:

    Այլևս մեկնաբանություն գրելու ցանկություն էլ չունեմ։

    Ամոթ, ամոթ, ամոթ։

  9. Ցաւալի է, որ Վիլեն Յակոբեանի մակարդակով ու մտայնութեամբ կղկղանքներ կը գործեն մեր ակադեմիայի մէջ: Մէկ բան յստակ է. այդ վայրենաբարոյ ապարանցին պէտք է հեռանայ իր աթոռէն, յետոյ կարելի է խօսիլ Վիլեններու մասին:

  10. Arminius says:

    Ես մանկուց բնակվել և կրթություն եմ ստացել Հայաստանից դուրս, որտեղ Հայրենիքի նկատմամբ կարոտը հագեցրել ենք մեր ժողվրդի մասին առկա տեղեկություններով և ոչ միայն արդի: Գալով Հայաստան պարզել եմ, որ տեղաբնակ հայերից մեծ մասը ընդհանրապես հետաքրքրված չէ իր պատմությամբ, իսկ հավատքը ձևական է և շինծու: Հասկանում եմ, որ Կատողիկոսին քննադատողների մի մասն իրենց համարում են առաջադեմ և զարգացած, բայց մի մասն էլ թաքնված սադրիչներ են: Զգոն եղեք հայեր, քանի որ մեր ազգը պառակտելու և ոչնչացնելու ծրագիրը կարող է ձեր շնորհիվ նոր ուժ և թափ ստանալ…

  11. Vartan says:

    Ճիշդ այդ “նրա կողմից կատարուած բազմապիսի եւ բազմաբնոյթ գործերը” խրած են սեպը եկեղեցիին ու ժողովուրդին միջեւ, որուն համբերութեան բաժակը յորդած է այլեւս, փա՛ռք Տիրոջ։
    Իսկ եթէ Գարեգին բ. պաշտպանութեան կարիք չունի, ինչո՞ւ արջի ծառայութիւն տալ ու նման էջով մը խոստովանութեան վերածել պաշտպանութիւնը։
    Յարալէզները անգամ պիտի մերժէին գարշապարի ա՛յս տեսակին հետ գործ ունենալ։ Անոնք ակադեմական չէին, բայց իրենց պաշտօնին գիտակցութիւնը ունէին…

  12. Meline says:

    Այսօր մեր Եկեղեցու համար ամենակարևորը միասնությունն է և ամեն խիստ բացասական արտահայտություններ վնասում են նրան, ուրեմն այնպես արեք, որ ՀԱՅ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ մնա միասնական

  13. Դիանա says:

    Համոզված ենք,որ Երուսաղեմի Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի միտումնավոր բացասական վերաբերմունքը Սուրբ Աթոռի նկատմամբ հետապնդում է մեկ նպատակ,որպեսզի Երուսաղեմը անջատի Մայր Աթոռից և ավելի հեշտությամբ նա տիրանա այդ ահռելի հարստությանը,ինչպես նաև փառքին:

  14. Հրանտ says:

    Մենք զարմանում ենք , որ իրեն հայ անվանող և Հայ եկեղեցուն նվիրված անձը կարող է այսպես քննադատորեն մոտենալ Էջմիծնի Սուրբ Աթոռի սպասավորի նկատմամբ և անհիմն պաշտպանել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին,որի հիմնական նպատակը Երուսաղեմի հարստությունը մսխելն է …..

  15. Գոհար says:

    Կիսում եմ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի բարձրացրած հարցերը և միանշանակ ընդունում,որ ամենից կարևորը ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ միասնությունն ու պահպանումն է :

  16. ՀՀ քաղաքացի says:

    Եթե կարեւորը` ամենից կարևորը ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ միասնությունն ու պահպանումն է : ապա ինչու եկեղեցու սպասավորը դա չի հասկանում,ինչու է մեր կաթողիկոսը գործարար-շինարար, ինչու է աղքատ երկրում այդքան հարուստ մեր բարձրաստիճան հոգեւորականը: Կարեւորը 10 պատվիրաններն են` ՄԻ ԳՈՂԱՑԻՐ, ՄԻ ՍՏԻՐ եւ այլն….

  17. հայ մարդ says:

    1.Այո, ճշմարտությունը պետք է ասվի։

    Մահացու բոլոր մեղքերով դատապարտվում և Հայ Եկեղեցուց հեռացվում, անողոք հետապնդվում կամ կտրիչաստեղծ կարգալուծ շինծու ու պարականոն հոդվածով գնդակահարվում են բոլոր հավատացյալ, ուսյալ, կիրթ հոգևորականները, ովքեր փորձում են հակադրվել արեգակնափայլ անսխալական ամենայն հայոց Գերագույն և Անփոխարինելի չկայացած պռարաբ կտրիչին ասելով` Հայ եկեղեցու սպասավոր եղբայր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնին ու ավանդությանը հակասող գործեր ու որոշումներ ես կատարում, որի իրավունքը չունես։

    Մենատեր ու ստրկատեր կաթողիկոսի հակաօրինական գործողությունների պատճառով իսպառ հեղինակազրկված եկեղեցականներ, պարականոն,անվավեր ու դեղնակտուց եպիսկոպոսիկները, ոմն քյառթու պնակալեզ կիսակոմունիստ վ. հակոբյան շարունակում են կեղծ դիմակով, վախից ու սարսափից ներշնչված դոշ տալ չկայացած և պատմության մեջ ամենաանհաջող կաթողիկոսի համար:

    Պատվավոր ելքեր փնտրում խնդրահարույց, անհավասարակշիռ, անկանխատեսելի ու անկառավարելի կաթողիկոսի «բարի համբավն ու սրբազնասուրբ պատիվը փրկելու» համար ու առանց ամաչելու բարձրաձայն հայտարարում են.

    Առաջին սրբատառ ու անբեկանելի կոնդակ` «Շեֆը միշտ ճիշտ է, շեֆը միշտ արդար է, շեֆն իմաստուն է ու ամենակարող».

    Երկրորդ սրբատառ ու անբեկանելի կոնդակ` «եթե կասկածում եք, ապա տեսե՛ք առաջին սրբատառ ու անբեկանելի կոնդակը»։

    Համազգային խայտառակություն ……………………………….խայտառակություն
    խայտառակություն……………………………………………………………………..։

  18. Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած says:

    Հոգևոր հայրեր, անպատիվ մուրացկաններ, ջուր եք ծեծում և յուղ` վառում։ Կարևոր հարցերից ճարպկորեն խուսանավում եք` թաքնվելով ընդհանուր բուն խնդիրներից շեղող և արդեն հոգնեցնող հոգևոր արժեքների ետևում։ Վախենում եք անկեղծորեն ասել, որ դուք էլ եք վախենում կտրիչից, գոնե լռեք, մարդիկ ձեր և մյուս ժրաջանորեն լռողների մասին ավելի դրական կարծիք կունենան, թե չէ իսկապես բոլորդ էլ յուղ եք վառոմ։ Պատասխան եք տալու նաև ձեր վախկոտության ու կրավորական կեցվածքի համար, սրբազան ու հոգևոր հայրեր, անպատիվ մուրացկաններ, ու՞ր եք փախչելու։ Ինչպես Երջանկահիշատակ ԳԱՐԵԳԻՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ կասեր, – արյուներդ ձեր գլուխ։ Վայելեք ձեր կանոնազանց եկեղեցին էլ, չձևավորված ու չկայացած պռարաբ կաթողիկոսն էլ, անսեր ու անմիաբան ախպերությունն էլ։ Այստեղ են ասել` սելը չի ճռում, սելվորն է ճռում։ Վերջ………։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031