Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան. «Ճանաչումը պիտի ուղարկենք պատմության գիրկը, գոնե սկսենք դատապարտմամբ, հասնենք հատուցման»

Ապրիլ 29,2014 16:43

«Եթե չի գալու հատուցման ժամը, չի գալու հայերի փոխհատուցումը, ուրեմն այս անկլավային իրավիճակում, Հայաստանի Հանրապետությունը միշտ ունենալու է խնդիրներ»,- այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց պատմաբան Աշոտ Մելքոնյանը:

Նա նշեց, որ մեր երկրի ապագան շաղկապված է Հայոց ցեղասպանության դիմաց հայրենիքով հատուցման հետ, որը որեւէ արկածախնդրություն չի ենթադրում:
«Ցեղասպանության հարցի բարձրաձայնումն աշխարհին հիշեցնում է, որ ոչ միայն եղել է ցեղասպանություն մեզ հետ, այլեւ այսօր Հայաստանի Հանրապետությունը վտանգված է»,- ասաց նա:

Ըստ նրա՝ արդեն Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ պետք է փոխենք մեր մարտավարությունը: «Ճանաչումը պիտի ուղարկենք պատմության գիրկը, գոնե սկսենք դատապարտմամբ, հասնենք հատուցման եւ ռազմական իմաստով միջազգային դատարանում հաղթանակ տանելուց հետո հասնենք հատուցման, որը ոչ միայն մեզ է վերաբերում, այլ նաեւ քրդերին, ասորիներին եւ այլն»,- ասաց նա:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ տարբեր երկրների՝ Հայոց ցեղասպանության միայն ճանաչման փաստը մեծ բան չի փոխում, մենք դրանով հատուցում չենք ստանում: «Իհարկե 1915 –ից առաջ, դրանից հետո, միջազգային կազմակերպությունները եւ տարբեր երկրներ հետապնդեցին իրենց շահերը, եւ ցեղասպանությունը նաեւ իրենց զինանոցում այս կամ այն տրամաչափի զինատեսակ է»,- ասաց պարոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այն օգտագործվում է Թուրքիայի նկատմամբ որոշակի ճնշումներ գործադրելու համար:

Պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ գործընթացները պետք է ընթանան միայն երկու երկրների՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:

Պատմաբան Աշոտ Մելքոնյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ոչ բոլոր երկրների բանաձեւերում կա «Արեւմտյան Հայաստան» եզրույթը, որն արդեն հեռացնում է պատասխանատվության ենթարկելուց:
«Եթե նույնիսկ ճանաչման ճանապարհով գնում ենք, եթե բանաձեւում Արեւմտյան Հայաստան արտահայտությունը չկա, ոչ մի արժեք դա չունի, հայրենիքը պետք է արձանագրել, որովհետեւ մենք հայրենազրկվել ենք, մեզ ցեղասպանել են հենց հայրենիքից զրկելու նպատակով»,- ասաց նա եւ փաստեց, որ հային տեղահանել են բուն հայրենիքից, հետո նոր ջարդը կազմակերպել:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ պարոն Մելքոնյանն ասաց, որ ինքը բազմիցս ասել է, որ դրանք շատ վտանգավոր են եւ պետք է հետ կանչվեն. «Մեր իշխանությունների մոտեցումը հետեւյալն է՝ թող աշխարհն իմանա, որ մենք ինչ-որ բան արել ենք այս ուղղությամբ, Թուրքիան ցույց է տվել իր իրական նկարագիրը, եւ այս իմաստով մենք շահեկան իրավիճակում ենք հայտնվել: Իմ մոտեցումն այլ է, որ գոնե մենք պետք է հայտարարենք, որ Թուրքիայի կողմից այդ արձանագրությունների վավերացումն ամենեւին չի ենթադրում մեխանիկորեն հայկական կողմից վավերացում, գոնե դա ասվի, չի ասվում: Ես կարծում եմ, որ այդ արձանագրությունները շատ վտանգավոր են»:

Ըստ պարոն Մելքոնյանի՝ ցեղասպանության հատուցման գործով պետք է հավաքվեն լավագույն իրավաբանները եւ փորձեն հարցը պետական աջակցությամբ բարձրացնել:
Մեր հարցին՝ արդյոք պետական աջակցության բացակայության դեպքում հնարավոր չէ, այլ սեկտորների միջոցով միջազգային իրավունքի պահանջ դնել, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Ինչպես ինձ բացատրել են իրավաբանները, նման իրավունք ունի միայն պետությունը: Պետությունը պետք է այդ խնդիրը առաջադրի: Եթե մեկն ինձ ասի, որ իշխանությունները չեն ուզում դա անել, ես չեմ հավատա»: Պատմաբանը նշում է, որ իրեն պետական գործիչները հավատացնում են, որ ամեն ինչ արվում է պետական անվտանգությունը հաշվի առնելով:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այսօր ցեղասպանության ճանաչման շուրջ տեղի են ունենում գործընթացներ, որոնց անմիջականորեն չի մասնակցում Հայաստանը: Ըստ նրա՝ պարտադիր չէ, որ բոլոր գործընթացներում Հայաստանն իր միջամտությունն ունենա, բայց մեր պետությունը պետք է իր համար հստակ որոշի՝ որտեղ պետք է ունենա դերակատարում, որն է իր իրավունքը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930