Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում է

Հուլիս 18,2014 14:11

Ուկրաինայում վերջին իրադարձությունների, Սիրիայի դեպքերի, Հայաստան-Ադրբեջան սահմանին գրեթե ամեն օր զոհվող մարդկանց ֆոնին աշխարհում խաղաղ հարաբերությունների հաստատումն ու պահպանումը ավանդապես թշնամի, առնվազն ոչ բարեկամ երկրների միջեւ ավելի քան հրատապ է:

Ապրել մշտական թշնամության, սառեցված հակամարտության պայմաններո՞ւմ, թե՞ գտնել ուղիներ՝ հարաբերությունների նորմալացման համար: Այս հարցի պատասխանը թերեւս միանշանակ է՝ պատերազմ ոչ ոքի պետք չէ: Ու այս համատեքստում Եվրամիության նոր նախաձեռնությունը՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի ֆինանսավորումը, առավել քան ողջունելի է:

Այսօր «Կոնգրես» հոթելում ծրագրի ներկայացման ժամանակ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասաց. «Եվրամիությունը խորապես համոզված է, որ ՀՀ եւ Թուրքիայի հասարակությունների միջեւ երկխոսությունը երկարատեւ ռազմավարական անհրաժեշտ քայլ է հետագա հարաբերություների կարգավորման եւ վերջնական հաշտեցման համար»:

Ծրագիրն իրականացնում է ութ կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը, որից չորսը՝ Հայաստանից, չորսը Թուրքիայից՝ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը, «Սիվիլիթաս» հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան եւ Հրանտ Դինք հիմնադրամը:
Ծրագիրը 18 ամիս է տեւելու, սկսվել է 2014թ. հունվարից: Առ այսօր, ծրագրի իրականացման վեց ամիսների ընթացքում երկու երկրների ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում ստացվել է 57 առաջարկ, 380 հայտ՝ ճամփորդական դրամաշնորհների համար, հարեւան երկրից ժամանած մասնագետներին հյուրընկալելու պատրաստակամություն հայտնած 88 կազմակերպություն, 60 համատեղ մշակված ֆիլմերի նախագծեր եւ այլն, եւ այլն:

Իր խոսքում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի իրականացման մեջ մեծ փորձ ունեցող «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ղեկավար Գեւորգ Տեր-Գաբրիելյանը նկատեց, որ այս ծրագրի եւ դրա շրջանակներում իրականացված ենթածրագրերի շնորհիվ Թուրքիայում շատ-շատերն իմացան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, ցեղասպանության մասին, կարդացին բազմաթիվ հոդվածների հայերի եւ հայոց ցավի մասին, իսկ Հայաստանում էլ շատ-շատերը տեղեկացան ժամանակակից Թուրքիայի մասին, հաղթահարեցին տարիներ շարունակ ձեւավորված «սատանայի» կերպարը, թուրքի հանդեպ կաղապարված թշնամու կերպարը:
Ներկա էր նաեւ «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչ Բուրջու Բեջերմենը, ով ասաց, որ Թուրքիայում մեծ հետաքրքրություն կա ծրագրի հանդեպ, ցանկություն կա անհատների եւ կազմակերպությունների կողմից՝ ճամփորդել Հայաստան, ճանաչել հարեւան երկիրը. «Հաշվի առնելով Թուրքիայի նախաձեռնությամբ փակ սահմանների հանգամանքը, Թուրքիայի բնակչության իրազեկության ցածր մակարդակը, այս հետաքրքրվածությունը խոսում է այն մասին, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը նույնպես ցանկանում է տեսնել երկու երկրների հարաբերությունների նորմալացումը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031