Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Տարաձայնության կետը

Օգոստոս 29,2014 10:03

Որքան մոտենում է «թեժ աշունը», այնքան թեժանում են խոսակցությունները ոչ իշխանական քառյակի եւ դրա ներսում հնարավոր հակասությունների մասին: Որպես տարաձայնությունների կետ նշվում է վերաբերմունքը սահմանադրական փոփոխություններին: Իրականում սահմանադրության թեման այստեղ, կարծում եմ, որեւէ կապ չունի:

Թե ինչո՞վ են սահամանադրական փոփոխությունները նպաստում ռեժիմի կամ իշխանության պահպանմանը, ես այնքան էլ լավ չեմ հասկանում: Իշխանությունը կարելի է պահպանել կամ փոխել ցանկացած սահմանադրության պայմաններում: 1990 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խորհրդային սահմանադրությունը եւ մնացած օրենքները, կարծես թե, չխանգարեցին ՀՀՇ-ին մեծամասնություն ստանալ Գերագույն խորհրդում եւ այդպիսով փաստացի գալ իշխանության:

Իշխանությունը փոխելու համար պետք է ստեղծվեն յուրահատուկ ներքին եւ արտաքին պայմաններ, որոնք կամ կան կամ չկան, անկախ նրանից՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովը շրջո՞ւմ է Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում եւ հանդիպո՞ւմ է «պարտխոզակտիվի» հետ, թե՞ ոչ: Այսպիսով՝ դարձնել սահմանադրական փոփոխությունները Քառյակի տարաձայնությունների կամ համաձայնությունների քննարկման առարկա եւ ընդհանրապես մտցնել այս խնդիրը քաղաքական օրակարգ՝ ինձ թվում է, խելամիտ չէ:

Ուրիշ հարց, թե որքանով են Քառյակի անդամները համաձայն իրար հետ բուն իշխանափոխության հարցում: Այս հարցում, կարծում եմ, չորս կուսակցությունների ռադիկալիզմը հակառակ համեմատական է դրանց մեջ բիզնեսմենների եւ փողի առկայությանը: Մեր «քաղտնտեսական» համակարգն այնպիսին է, որ փողատերերը չեն կարող արմատական հեղափոխական լինել: Իհարկե, վերջին տարիներին այստեղ որոշակի տեղաշարժեր կան. եթե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հայտնվեին «ոչ իշխանական» բիզնեսմեններ, ապա երկրորդ նախագահը կսեղմեր բռունցքները, կլարեր վզի մկանները եւ ամեն ինչ կաներ՝ նրանց ոչնչացնելու համար: Բայց դա անհատական, այսպես ասած՝ բնավորությունների տարբերություն է, իսկ համակարգը մնում է նույնը. ուժային կառույցները, հարկայինը, մաքսայինը, դատարանները ծառայում են ոչ թե պետությանը, այլ իշխանությանը, սերտաճած են դրա հետ, իրականացնում են դրա կամքը: Այս պայմաններում «խոշոր բիզնեսմեն» եւ «իշխանավոր» բառերը գրեթե հոմանիշ են:
Ահա այստեղ է, որ պետք է փնտրել Քառյակի տարաձայնությունների արմատները՝ ասենք, ՀԱԿ-ը ցանկանում է հեղափոխություն անել, բայց դրա համար ռեսուրներ չունի, իսկ ԲՀԿ-ն ռեսուրսներ ունի, եւ հենց այդ պատճառով էլ հեղափոխություն չի ուզում: Առաջինը երկրորդին ցանկանում է ռադիկալացնել, կոպիտ ասած՝ «շիրա տալ», երկրորդն ուզում է առաջինին զսպել: Անհրաժեշտ է, որ 4 կուսակցությունները գան ինչ-որ «միջինացված տարբերակի» եւ շարունակեն իրենց համագործակցությունը: Հասարակությունը շահագրգռված է, որ դա այդպես լինի՝ ուրիշ ընդդիմություն մենք այս պահիս չունենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Խորապես համոզված եմ, որ մեր երկրում ՛՛ՌԵԺԻՄԻ՛՛ երկարակեցության ամենամեծ գրավականը հենց մեր այսպես կոչված ընդիմությունն է: Վերջիններիս մի մեծ մասը այն աստիճան ծանոթ են մեր ժողովրդին, բազմիցս վարկաբեկված, դիմակները մի քանի անգամ փոխած ու ի վերջո պատռած, որ ոմանց անունները հայհոյանքի հոմանիշ են դարձել:Մեկ ուրիշ թևը ակնհայտ օլիգարխիկ է՝ հետևաբար դրանով արդեն մարդկանց համար ԶԶՎԵԼԻ…: Մյուս մասն էլ այն աստիճան տարօրինակ ու ոչ ադեկվատ են, որ սրանց անուններն էլ անեկդոտներում են հիշատակվում: Մարդիկ հիմար չեն, և որքան էլ ԲՈԼՈՐՍ քաջ գիտակցում ենք, որ երկրում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, միևնույն է մեծ մասը նույնքան քաջ գիտակցում է, թե որքան վտանգավոր է թույլ տալ այս հոգնածների, կեղծավորների կամ ոչ ադեկվատների խմբերին գալ երկրի ղեկի մոտ՝ լինի դա քառյակներով, կվինտետներով, թե՝ ՍՈԼՈ))))))
    Լավ իմացեք՝ իշխանավորները հայկական ընդիմության համար թաքուն մոմեր են վառում և ոչ պաշտոնական իրենց հավաքույթներում խմում նրանց կենացը…. անձամբ ներկա եմ եղել …

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031