Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ րոպե լռություն

Մայիս 27,2015 12:59

Պատահում է չէ՞, որ ուղեղդ սկսում է քո դեմ գործել, սկսում ես տագնապել ուղեղիդ աշխատանքի արագությունից, գիտակցությունդ չի հասցնում գիտակցել, իսկ ենթագիտակցությունդ կուչ եկած մի անկյունում «փրկությո՜ւն» է գոռում` չգիտես ո՛ւմ հրավիրելով որպես ՓՐԿԻՉ…

Պատահում է… Իսկ վերջին տարիներին այդ տհաճ զգացողությունից ձերբազատվել գրեթե անհնար է լինում ու հասկանում եմ, որ պատճառը մարդկության… ականջն է: Այո՛, ականջը ու այն անսահման աղմուկը, որը սրսկում են ամեն օր մեր ականջները խլացնելու աստիճան…

Ընթերցողներից ոմանց թերևս անհասկանալի կթվան այս տողերը, մինչև գտնեմ գրելու ձևը և ուղեղիս բաց բերանը փակեմ երկաթե կափարիչով ու վերջապես միայն սիրտս թողնեմ որպես ապրող օրգան…

Արվե~ստ…

Արի հարցս ուղղեմ հենց քե՛զ… Ե՞րբ սկսվեց քո անկումը… Որտեղի՞ց սկսեցիր գլորվել ցած ու որտե՞ղ է սահմանված ամենացածր այն կետը, որտեղ մարդկությունը վերջնականապես կհանձնվի ընդհատակյա ուժերին, որոնք փոխում են անվանդ իմաստը, դատարկում են քեզ քո բովանդակությունից ու անունդ օգտագործելով` մարդկությանը դեպի դիվայինը տանող ռետինե սրտեր, ռետինե աչքեր ու ռետինե հոգի են պարգևում որպես ժամանակակից նորամուծություն…

Բարդ է ստացվում, գիտեմ, սակայն որոշել եմ՝ պիտի ասեմ:

Վերջերս սկսել եմ նկատել, որ հեռուստատեսությամբ, ռադիոյով, ինտերնետով, չգիտեմ էլ ինչով հնչող բոլոր- բոլոր տեսակի երաժշտությունները, խոսքերը, լուրերը, և այլն, ինձ լոկ աղմուկ են թվում… Սարսափելի աղմուկ, որտեղ ասելիքը չկա՝ կա միայն ձայնը… Ձայնը, որը սկսում է առավելագույն հինգ րոպեի ընթացքում ազդել ուղեղիդ վրա, ու դու մի տեսակ հիպնոսացած դիտում ես մի բան, որը սրանից տասնամյակներ առաջ կմերժեիր դիտել… Իսկ ի՞նչ է հիմնականում դիտում ու լսում մարդկությունը՝ երեխաները, պատանիները, միջին տարիքի մարդիկ ու տարեցները… Ի՞ՆՉ…

Եթե փորձեք վիճակագրության դիմել, կտեսնեք որ աշխարհի հեռուստածրագրերի մեծ մասը բառիս բուն իմաստով իշություն են տարածում… Այսինքն՝ էշն այստեղ ինչ մեղք ունի… սատանայություն ասենք… Սատանայություն չէ, բա ի՞նչ է, երբ այսպես կոչված «երգերի» վրա, այսպես կոչված տեսահոլովակներ են նկարահանվում, որոնց համար տասնյակ հազարավոր դոլարներ են մսխվում, ցուցադրելու այլանդակ դեմքերով անհասկանալի մարդ – արարածների, որոնց մարմինները ոչ մի բնական շարժում չեն անում, որոնց հայացքի ու շուրթերի մեջ միմիայն… ՄԻՄԻԱ՛ՅՆ ՍԵՔՍ կա ու արյան ծարավ, որտեղ, տեսահոլովակում երևացող կենդանուն անգամ «մարդը» հեշտանքով է նայում… Ու դա շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ եղածի վրա գումարում են մի տխմար «հումոր», որպեսզի թվա, թե այդ այլանդակությունը սովորական, անգամ ծիծաղաշարժ մի բան է…

Շարունակենք:

Չե՞ք զգացել, որ «նորաձև» մի հայացք գոյություն ունի հիմա, ընդ որում բավականին տարածված, երբ Ամերիկայում ծնված մեծացած գրեթե բոլոր շրջանավարտ աղջիկները, տեսախցիկի դիմաց լուսանկարվելիս շուրթերը անպայման առաջ են բերում որպես վավաշոտ համբույրի նշան, հետույքը միայն իրենց հայտնի ձևով մարմնից «բաժանելով» ընդգծում են ու լուսանկարը դիտողին թվում է, թե 18-ամյա այդ պատանիների ուղեղներում սեռական հարաբերություններից բացի ուրիշ ոչ մի ՄԻՏՔ չի կարող լինել… Այո, դա Ամերիկա՜ն է իր հայտնի տերերի հետ միասին, որոնք մի անգերազանցելի ուժով աշխարհի բերնի մեջ, եթե պետք է, անգամ քար կդնեն որպես համեղ ուտելիք ու կստիպեն, որ աշխարհը դա ծամի, որովհետև քար ուտելը «նորաձև» է… Ու այդ ամենը կներկայացնեն այնքա՜ն գեղեցիկ փաթեթավորմամբ, այնքա՜ն «ժողովրդավարական» ու այնքա՜ն լայն ժպիտով, որ շատերին կթվա, թե պիտի շատ «հաց ու պանիր ուտենք» այդ որակի «ազատությանը» հասնելու համար… Ակամա հիշեցի արաբ հանճարեղ բանաստեղծ Աբու Ալթայյեբ Ալմութանաբբիի հայտնի տողերը՝ (թարգմանաբար) «Երբ տեսնեք առյուծին ժանիքները ցցած, չկարծեք, թե նա ժպտում է…»:

Չե՞ք զգացել, որ վերջին տարիներին, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում շատ է տարածված հեռուստասերիալներում, մասնավորապես կատակերգական համարվող «շոու»-ներում տղամարդ դերասաններին կանանց հագուստներ հագցնելը, կրծքեր դնելը, պարիկներ, շրթներկ, որպես հետույք ծառայող բարձ դնելը, և այլն… Ու մեկ չէ, երկու չէ, երեք, չորս, հինգ… Քանի՜ քանի տղամարդ դերասաններ իրենց կարիերայի «կուլմինացիա»ն կարծես կնկա դերով հանդես գալն են համարում… Պատահականությո՞ւն է սա էլ…

Չե՞ք զգացել, որ անհասկանալի, երբեմն նույնիսկ սրտի զարկերը կանգնեցնող «արվեստի գործեր»-ով են ողողված աշխարհում ամեն օր սնկի պես աճող Art Fair-երը (արվեստի տոնավաճառները), որտեղ հարյուր հազարավոր դոլարներով է վաճառվում աղբը… Այո՛, աղբը, որի անունը ընդհատակում գործողները դրել են ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ ու խեղճ ու կրակ մարդը հավատում է, թե հենց դա է այսօրվա արվեստը, որ ժամանակակից արվեստը հենց անհասկանալի՛ն է, որ ժամանակակից արվեստի անվան տակ կարելի է անգամ մարդու կղկղանք ցուցադրել` կպցրած կտավին…

Ու հանկա՜րծ…Պիկասոյի կտավներից մեկը Նյու Յորքի աճուրդի տներից մեկում վաճառվում է 160 միլիոն դոլարով… Իբր՝ տեսեք-տեսեք, աշխարհն ինչպե՜ս է գնահատում բարձր արվեստը… Բայց դա պոռնկություն չէ ի՞նչ է… Այդ ո՞վ որոշեց, որ Պիկասոյի, կամ թեկուզ մեկ ուրիշ հանճարեղ նկարչի գործ պետք է ավելին արժենա, քան ՄԱՐԴՈՒ կյանքը, ով մեր աչքի առաջ ամեն օր «աճուրդի է դրվում» ու սպանվում՝ սովից, հիվանդությունից ու աղքատությունից, աշխարհին մեկ անգամ ևս հասկացնելով, որ «Մարդու կյանքը՝ մեկ նկար իսկ չարժե»…

Ովքե՞ր են հրահանգում գնել աշխարհի ամենաթանկ նկարները, ովքե՞ր են դրանց իրական տերերը… Ովքե՞ր են սահմանում գները և ինչու, ովքե՞ր են դրանց գնորդները… Դարձյա՞լ պատահականություններ…

Չե՞ք զգում, որ այս ամենը մտածված քաղաքականության արդյունք է՝ Արվեստի անունը պահպանելով, փոխել բովանդակությունը, ու որպես արվեստ հրամցնել այն, ինչը հետո կծառայի մարդկության ուղեղը բթացնելուն, ու հիպնոսացած ուղեղն ուղղորդելուն դեպի այն կողմը, որտեղ հարկավոր է ընդհատակում գործողներին…

Անցնե՞նք մեկ ուրիշ օրինակի… Անցնենք:

Մի պահ լարեք ձեր հիշողությունը ու մտածեք՝ վերջին անգամ երբ եք լսել ժամանակակից երաժշտություն, որը տակնուվրա է արել ձեր ամբողջ էությունը… և եղե՞լ է արդյոք, որ այդ երաժշտությունը լսելիս ոչ թե գաճաճի վերածվեք, այլ սավառնեք երկնքում… Ո՞ր ներկայացումը, ո՞ր կինոն, ո՞ր պոեզիան… Ո՞ր քանդակը, ո՞ր գեղանկարը… Խնդրեմ, մտեք ֆեյսբուք, որտեղ այսօր «ապրում է» աշխարհը և կարդացեք «հայտնիների» կողմից դրված մի անհոգի «պոեզիա» ու շարունակեք կարդալ դրա տակ շռայլված հարյուրավոր երկրպագու-ստրուկների հիացական մեկնաբանությունները, որոնք հաճախ այնպիսի՜ բառերով են արտահայտվում, որ քիչ է մնում ինքդ էլ ընկնես ծուղակն ու հավատաս, որ հենց դա է ժամանակակից պոեզիան: Ցավն այն է, որ նման հիմարությունների երկրպագուները գնալով ավելանում են, ավելացնելով բթացած՝ հիպնոսի կուտը կերածների թիվը… Այդպիսի մի Չ- պոեզիայի տակ վերջերս կարդացի ՝ « ջանին մեռնեմ, դու մեր նորօրյա Չարենցն ես»…կամ « վա՜խ…գժությունա»…կամ «հրա՜շք է, հրա՜շք… մի քանի անգամ եմ կարդացել ու չեմ դադարում հաճույք ստանալուց»:

Ու այստեղ արդեն ուզում ես ամեն գնով գտնել այդ ստրուկ-երկրպագուներին ու ասել՝ «Չարենցը թքի ձեր նեղլիկ ճակատներին, այդ ո՞ր իրավունքով եք նրա անվան հեղինակային իրավունքը ոտնահարում ու հանճարի անունը կպցնում թզուկներին: Ինչո՞ւ եք դա անում… Որպեսզի դրանով Չարենցների նման մեծություննե՞րն էլ դառնան ձեր սեփականությունը, որի հետ կվարվեք այնպես ինչպես ձեզ կթելադրեն…

Հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե ինչո՞ւ են մարդիկ հիպնոսացած այսքան… Ինչու եւ ինչպես են «ուտում» աղբը ու հիմարացած ասում՝ «սա շատ համեղ է», և դա է՞լ է արդյոք պատահականություն…

Չե՞ք զգացել, որ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում գոյանում է մարդկանց մի շերտ (որի թիվն արդեն գնալով աճում է) որ “ազատություն” բառն ասելիս արդեն սեռական հարաբերության սանձարձակություն է հասկանում միայն… Կուզես եղիր տղամարդ, կուզես եղիր կին, կուզես եղիր ավանակ, կուզես եղիր ծառ, դու ազատ ես քո կողմնորոշման մեջ, քանզի ապրում ես բազմազանության դարում, որտեղ քարկոծվում են Տիեզերական համերաշխության օրենքներն ու դրանց փոխարեն աշխարհի տերերի գահին են բազմում մարդուց՝ ռետինե խողովակ սարքողները, մարդուց՝ ենթարկվող տիկնիկներ պատրաստողները, մարդուց՝ հոգու ու մտքի ստրուկներ կերտողները: Թիրա՞խը…ԸՆՏԱՆԻՔՆ է որպես Ազգերի գոյատևման միա՛կ և անփոխարինելի հիմք… Իսկ Ազգեր քանդելու համար նախ և առաջ քանդել է պետք ԸՆՏԱՆԻՔԸ:

Գուցե որոշ ժամանակ անց մարդկությունը սկսի ընդունել, սիրել, փայփայել ու մրցույթների դափնեկիր դարձնել նաև մանկապիղծների՞ն… Չէ՞ որ նրանք էլ պարզապես «տարբեր» են և իրավունք ունեն «կողմնորոշվելու», և ինչո՞ւ չխրախուսել ու տեղ չտալ մարդասպաններին, չէ՞ որ նրանց կողմնորոշումն էլ ա~յլ է, պարզապես նրանց պետք է ընդունել որպես ընդամենը «տարբերներ»-ի… ինչո՞ւ տեղ չտալ գողերին, չէ՞ որ նրանք կողմնորոշվել են, որ իրենք էլ իրենց հերթին գողությունից են հաճույք ստանում…

ՔԱՈՍՆ է մարդկության հոգևոր ու բարոյական աշխարհին վերջ տալու ամենակարճ ուղին, ուրեմն պղծենք Արվեստը, որն ամենահարազատն է Մարդուն ու թող վերանա ՄԱՐԴ – ՀՈԳԻՆ, որպեսզի աշխարհում, ամեն գեղեցիկ ու բարի բան անցնի ընդհատակ, որպեսզի հողի վրա ապրելու իրավունքից զրկվեն Տիեզերական օրենքներով ապրող էակները ու նմաններին փոխարինելու գան «ազատները»` ՀՈԳՈՒ դեմ հայտարարած իրենց պատերազմում հաղթելու՝ առանց ակնհայտ հարձակման, առանց ակնհայտ կռվի, առանց ակնհայտ գրոհի ու զոհերի:

Արվեստ… Միա՛կ երևույթը, որը ՄԱՐԴՈՒ արարչագործությունն է, միա՛կը, որը գիտի ՀՈԳՈՒ լեզուն… Միակը, ով կարող է մարդկային հոգին վսեմացնել կամ նսեմացնել միաժամանակ, և միակը, առանց որի աշխարհով մեկ անասնաբար ոչնչացվող պատմական կոթողների նման կտապալվի նաև մարդու ՀՈԳԻՆ:

Իսկ ո՞վ է մարդը… Ո՞վ ես ԴՈՒ առանց ՀՈԳՈՒ, եթե ոչ ռոբոտ, ով մեքենայացած, հոգեզրկված, անշունչ իրի նման կենթարկվի իր «տերերին», ովքեր ժամանակին և այսօր էլ, շարունակում են «գնել» քեզ կա՛մ փողով, կա՛մ «մտերմիկ» ժպիտով, կամ էֆեկտիվ քարոզչությամբ, կամ սեքսով, կամ «ազատության դրոշը պարզած», կամ բազմերես «ընկերական» դիմակով, կամ էլ ուրիշի անվան տակ քո հայրենիքում տարածվելով…

Հիմա, քո ականջները այդ աղմուկով են լցված… Աղմուկով, որին ԴԵՌ մի կերպ դիմակայում է Հայոց Աշխարհի ընդերքը՝ որտեղ ամփոփված մեր Պատմությունը համբերությամբ սպասում է մեր իրական՝ Մարդու ու Հայի զգայարանների զարթոնքին: Չարի դեմ պայքարելու ամենաուժեղ զենքը, դա չարի գիտակցումն է: Նրանք վախենում են միայն նրանցից, ովքեր ԳԻՏԵՆ:

Հայոց աշխարհի իմաստուն ու մոլորված ՄԱՐԴԻԿ… Եկեք մեկ րոպե լռություն հայտարարենք ոչ թե մեր մշակույթի ու մեր Ազգի վերջնական մահից հետո, այլ մահից առաջ…

Մեկ րոպե լռություն… Որպեսզի լսվի ձայնը ՄԵ՛Ր Հողի ու Հոգու ընդերքի, որպեսզի լսվեն ձայները բոլոր նրանց, ովքեր իրենց իմաստությամբ ու ուժով, իրենց Հոգու ու Մտքի հզորությամբ շարունակում են մեզ պաշտպանել՝ երկրագնդում քաղաքականության տեսքով տարածվող չարից:

ՄԵԿ ՐՈՊԵ ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ և… Հաջորդ րոպեից՝ ՄԵ՛ՆՔ կթելադրենք:

 

 

Նուշիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Բռավոոոո…Նուշիկ Միքայելյան…Մենք հավակնում ենք դառնալ Քո ժամանակակիցը,..մեկ անգամ ևս ապացուցիր,որ Հայաստանը միայն Հայ կինը կարող է փրկել…
    …..Հայոց աշխարհի իմաստուն ու մոլորված ՄԱՐԴԻԿ… Եկեք մեկ րոպե լռություն հայտարարենք ոչ թե մեր մշակույթի ու մեր Ազգի վերջնական մահից հետո, այլ մահից առաջ… Մեկ րոպե լռություն…

  2. – Հրաշալի խոսք է, սիրելի Նուշիկ Միքայելյան… Զգացողություններդ այնքան ճշգրիտ արձագանքներ ունեն նաեւ իմ հոգում… Քո ազնիվ գրչին վաղուց եմ ծանոթ, եւ հիմա վստահ եմ, որ սա տեւական կուտակումներիդ բխումն է… Այն այսօր շատ կարեւոր դերակատարություն պիտի ունենա.- շնորհակալություն քեզ… Դու տեսակիդ ամուր ու հավատարիմ ես… Շնորհակալություն նաեւ «Առավոտ»ին՝ այսպիսի հրապարակման համար…Գ.Գ.

  3. Նուշիկ Միքայելյան says:

    Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար: Ուրախ եմ, որ մտքերիս հետ միայնակ չեմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031