Դավիթ Հակոբյան. «Երբեք չպետք է վիճել հիմարի եւ խելոքի հետ»

Դավիթ Հակոբյան. «Երբեք չպետք է վիճել հիմարի եւ խելոքի հետ»

Սեպտեմբերի 13-ին Համազգային թատրոնում կկայանա բեմադրիչ եւ դերասան Դավիթ Հակոբյանի հոբելյանական երեկոն: Նրա ծննդյան 60-ամյակն է:

Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետն ասաց, որ հանդիսավորություն չի սիրում. «Այդ օրը պարզապես Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզի» ներկայացման մեջ եմ խաղալու, գլխավոր հերոսն եմ եւ դա հոյակապ է…Իմ բախտը միշտ բերում է` թատերաշրջանի բացումը միշտ համընկնում է իմ ծննդյան օրվա հետ, հատուկ ինչ-որ հոբելյանական երեկո չկա, պարզապես հարազատ մարդիկ, երկրպագուներ հավաքվելու են, վերջում մի բաժակ բան ենք խմելու իրար հետ ու շնորհավորենք»: 60 տարիների ընթացքում իր ստացած ամենակարեւոր դասը Դավիթ Հակոբյանն այսպես է ձեւակերպում. «60 տարիների ընթացքում սովորել եմ երբեք չվիճել հիմարի հետ, որովհետեւ հիմարի հետ վիճելիս իջնում ես իր մակարդակին, խելոքի հետ էլ իմաստ չունի վիճելը, քանի որ արդեն քեզանից խելոք է, էլ ի՞նչ վիճես…»:

Քանի որ Դավիթ Հակոբյանը նաեւ դասավանդում է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում, հետաքրքրվեցինք, թե երիտասարդների հետ աշխատանքում ինչն է կարեւորում: «Հասկանալ՝ ինչքանով եմ իրենցից հեռացած, որպեսզի լեզու գտնեմ հետները, իմիջիայլոց, ես ուրիշ ոչինչ չեմ սովորեցում նրանց, բացի փեշակից, մնացածը մարդկային փոխհարաբերություններ են…»:

Արվեստագետը, բնականաբար չառանձնացրեց որեւէ սիրելի դեր, ասաց, որ ամեն տարիքի հետ որեւէ դերի հետ է կապվում. «Շատ կան դերեր, որ անդադար հետս են եղել, դերեր էլ կան, որ կարոտով եմ հիշում, քանի որ էլ չեմ կարող խաղալ, որովհետեւ երիտասարդ չեմ»:

Դավիթ Հակոբյանը համամիտ է այն տեսակետին, որ երիտասարդությունը հոգու վիճակ է: Aravot.am-ի հետ զրույցում նա ասում է. «Թատրոնը երիտասարդի արվեստ է, իհարկե, որ ծերանում ես, պիտի հեռանաս: Իսկ եթե չես զգացել, դեռ կարողանում ես խաղալ, ուրեմն ջահել ես: Եվ երանի ջահել մահացող դերասաններին, որ հեռանում են 75-ից հետո…»:

Նա իր գործընկերներին էլ անդրադարձավ. «Առանց կոլեգաների կյանք չկա…Ուզում եմ ինձանից անպակաս լինեն հատկապես իմ տաղանդավոր կոլեգաները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` sostheatre.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանուշ says:

    Բայց արդեն շատ ա կրկնվում, հատկապես դուբլյաժների մեջ, հոգնեցնում է: լավագույն դերը ՄԵՐ ԳՅՈՒՂԸ հեռուստաֆիլմն էր:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք