Լրահոս
Օրվա լրահոսը

Անգղների որսի հետ առնչվող գյուղապետի կոլեկտիվն ի պաշտպանություն իրենց ղեկավարի ակցիա կանցկացնի

Հոկտեմբեր 16,2017 20:45

«Մեր Արթուրը շա՜տ-շա՜տ շնորհքով տղա է, մենք իր հողերում ենք աշխատում, համագյուղացիներ ենք, որպես լավ մարդ՝ նրան ուզում ենք պատդերժկա անենք, խեղճ տղեն հիմա սթրեսային վիճակում է այդ անպատվությունների պատճառով, ուզում ենք՝ մի քիչ լավ բաներ գրվեն, խոսվեն իր մասին, որ իմանանք՝ իր համար մի բան արել ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Մկրտչյանի աշխատակցուհին՝ Խանա Շամոյանը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Շենավանի գյուղապետի հայտնի լուսանկարը՝ սպիտակագլուխ անգղների որսով, մեծ աղմուկ էր հանել: Կարմիր գրքում գրանցված հայտնի անգղների որսով հետաքննություն սկսվեց, բացահայտվեց ապօրինի որսի հեղինակը, որը գյուղապետի հետ հայտնի լուսանկարում էր, գյուղապետի ընկերն էր:

Խանա Շամոյանի խոսքով. «Մենք համոզված ենք, որ Արթուրը, իրոք, չի խփել այդ անգղներին, ուղղակի գտել է ճանապարհին ընկած, ու ինչպես բոլորը, ինքն էլ կանգնել, նկարվել է հետները»:

Մեր հարցին, թե ինչպես ստացվեց, որ հենց որսորդական հագուստով էլ հանդիպեց անգղներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք չենք հավատում, որ Արթուրն այդ քայլին գնացող է: Ուզում ենք բարձրաձայնել այդ մասին, մեր Արթուրի լավ կողմերը ներկայացնենք: Եկեք Շենավան կամ մենք՝ քսան հոգանոց կոլեկտիվով, գանք Երեւան, ակցիա ենք անելու, որ ասենք՝ Արթուրն էդ մարդը չէ, որ արգելված որս անի»:

Մեր դիտարկմանը, թե անգղների որսով լուսանկարը համացանցում տեղադրված գյուղապետի միակ նկարը չէր, որսի սիրահար գյուղապետը շատ լուսանկարներ ունի, մեր զրուցակիցն արձագանքեց. «Արթուրը որսորդների միության անդամ է, դա խնդիր չէ, բայց, որ Կարմիր գրքում գրանցված թռչունների է որսացել, դրան չենք հավատում, ինքն էլ է ասում, որ տեղյակ չէ»:

Մեր հարցին, թե սթրեսի մեջ ընկած գյուղապետը ի վիճակի է աշխատանքի գնալ, թե՞ չի կարողանում աշխատել, տիկին Շամոյանը պատասխանեց. «Ոնց կարող է աշխատանքի չգալ, մի ամբողջ գյուղ իր հայեցողության տակ է, բայց երբ տեսնում ենք, որ այդքան վատ է զգում դրանից, ուզում ենք Արթուրի համար անակնկալ անենք, որ տեսնի, որ իրոք, չենք հավատում իրենից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031