Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշել Մալյանին

Հոկտեմբեր 07,1995 17:53

Դժվար է հավատալ, բայց արդեն յոթ տարի է, ինչ Հենրիկ Մալյանը մեզ հետ չէ։ Յոթ տարին, այն էլ այնպիսի տարիներ, որ մենք ապրեցինք, մեծ ժամանակահատված է։ Մեծացել է արդեն մի սերունդ, որի համար Հենրիկ Մալյանը կինոյի պատմության մեջ նույնքան հեռու է, որքան Համո Բեկնազարյանը։ Եվ դա իրավացի է։ Ինչպես ճիշտ նկատեց Լեւոն Հախվերդյանը սեպտեմբերի 29-ին Մալյանի 70-ամյակին նվիրված երեկոյին, Մալյանի տեղը որպես հայ կինոյի դասական, հենց Բեկնազարյանի կողքին է, որպես վերջինիս կողմից հիմնադրված ազգային կինոյի սկզբունքների վերականգնողի եւ շարունակողի։

Ուրախալի էր տեսնել Կինոյի տան առաջ խմբված ամբոխը, ավելորդ տոմս փնտրողներին։ Վաղուց Կինոյի տան դահլիճը լեփ-լեցուն չէր եղել (տխրությամբ նշենք, որ Համո Բեկնազարյանի 100-ամյակին նվիրված երեկոյին վեց հարյուր տեղանոց դահլիճում հազիվ մի քանի տասնյակ մարդ կար):

Մալյանի երեկոն, որ կազմակերպել էր նրա անվան թատրոնը Կինեմատոգրաֆիստների միության եւ Կինոյի տան հետ միասին, սկզբում զարգանում էր հետաքրքիր սցենարով։ Երեկոն վարում էր Մալյանի աշակերտ, այժմ նրա անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Աշոտ Ադամյանը։ Վարում էր ջերմ, անկաշկանդ, հասկանալի հուզմունքով։

Երեկոն բացեց… ինքը Հենրիկ Մալյանը, որի կենդանի կերպարը մեզ վերադարձրեց Գագիկ Ստեփանյանի 80-ականների սկզբին նկարահանած փոքրիկ, 10-րոպեանոց «Հենրիկ Մալյան» ֆիլմը։ Այս փաստը կրկին ստիպեց խորհել այն մասին, թե որքան անփույթ ենք՝ մեր ազգի մեծերին պատմության համար պահպանելու գործում։

Մի փոքրիկ դրվագ էր ընդամենը ժապավենին առել Գագիկ Ստեփանյանը՝ Մալյանի թումանյանական բեմադրության փորձը, բայց այս փոքրիկ դրվագը, այն մի քանի խոշոր պլանները, երբ այսօրվա նման Մալյանը նայում է հանդիսատեսի աչքերի մեջ, շատ ավելի բան ասացին, քան, թող ներեն ինձ ելույթ ունեցողները, բոլոր հուշերը միասին։

Եվ մեկ էլ մալյանական ոգին թեւածեց դահլիճում, երբ հատվածներ խաղացվեցին Մալյանի թատրոնի արդեն դասական դարձած եւ «Մետրո» թատրոնի մալյանական ոճով արած թումանյանական բեմադրություններից։

Երբ Աշոտ Ադամյանը խոսքը տվեց 12 տարի Հայաստանի Պետկինոն գլխավորած Գեւորգ Հայրյանին, ապա հույս ունեինք, որ նա ոչ միայն կպատմի իր անձնական տպավորությունները Մալյանի հետ բազմամյա աշխատանքից, այլեւ կբացի մինչեւ օրս առեղծվածային որոշ էջեր մալյանական ֆիլմերի տխուր ճակատագրից, որ որոշվում էին միութենական Պետկինոյի կաբինետներում։ Մասնավորապես, ասենք, ի՞նչն է պատճառը, որ Մալյանի մինչ օրս անմահ «Մենք ենք մեր սարերը», այնքան փոքր տպաքանակ ունեցավ, որ այդպես էլ չհասավ միութենական հանդիսատեսին, կամ ինչպես եղավ, որ հոյակապ «Կյանքը հին հռոմեական ճանապարհին» սցենարը, ի վերջո դարձավ ընդամենը «Կտոր մը երկինք»։ Սակայն Գեւորգ Հայրյանը լավագույն կոմունիստական ժամանակների ոգով զեկուցում կարդաց, հիշեցնելով «Կառնավալային գիշեր» ֆիլմի տխրահռչակ Օգուրցովին:

Ու թեեւ նրանից հետո Մալյանի մասին խոսք ասացին եւ նրա ֆիլմերի մշտական օպերատոր Սերգեյ Իսրայելյանը, համարյա բոլոր մալյանական ֆիլմերում հանդես եկած ու այդ իր դերերով հանդիսատեսի կողմից սիրված Սոս Սարգսյանը եւ «նվագախմբի տղաներ» Կիմ Երիցյանն ու Արմեն Խոստիկյանը, ու փորձեցին իրենց խոսքին հաղորդել պատշաճ ջերմություն, սակայն բոլոր ելույթներն էլ զարմանալի կերպով անդեմ էին ու անանձնական։ Կարծես մարդը հետք էր թողել հիշողության մեջ, բայց ոչ սրտերում։ Դժվար է բացատրել։

Եվ նորից դրությունը փրկեց ինքը, Մալյանը, երբ երեկոյի վերջում կրկին հայտնվեց էկրանին ու իր պատասխան հայցող հայացքով նայեց մեր աչքերի

մեջ։ Մի հարցի պատասխան «Ինչ եմ թողել ես ձեր սրտերում»։

Հ. ԲՅՈՒԶԱՆԴ        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031