Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ՏՈ՛ՒՐ ՄԵԶ ՊԱՐՏՔԵՐԸ ՄԵՐ

Մայիս 06,1998 00:00
harker

Ցանկացած երկրի ու հասարակության համար հարկահանությունը փորձել է լուծել երկու ծայրահեղությունների՝ ամեն ինչ վերցնելու եւ ոչինչ չվերցնելու միջեւ առավել արդյունավետ միջին գտնելու խնդիրը: Երկու ծայրահեղությունն էլ ժողովրդի համար են. թեթեւ հարկերի դեպքում մարդիկ շատ գումարներ են աշխատում եւ հարստանում են, իսկ ծանր հարկերի դեպքում քաղաքացիների տնտեսական ապահովության խնդիրն իր վրա է վերցնում պետությունը: Թույլ երկրներում սովորաբար ենթադրվում է, որ քաղաքացիները բավականաչափ հասուն չեն, չեն պատկերացնում իրենց սեփական շահերը, եւ կառավարությունը պարտավոր է իր վրա վերցնել նրանց աշխատացնելու եւ կերակրելու ֆունկցիան, միաժամանակ` այդ աշխատանքի համար իրեն վերցնելով մնացած ամեն ինչ: Այս բարի ցանկությունից ելնելով կարելի է բարձր հարկեր սահմանել, սակայն պարադոքսն այն է, որ նայած պետության ուժեղության, հաճախ անհնար է լինում հավաքել այդ փողերը այն պարզ պատճառով, որ դրանք չկան, չեն գոյանում:

Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ հաջողությունը Հայաստանում, եթե չհաշվենք վերջին նախագահական ընտրությունները, անցած տարվա ընթացքում առավելագույն չափով հավաքած հարկերն էին: Այս մասին անընդհատ խոսվում էր նախընտրական շրջանում՝ որպես Քոչարյան կազմակերպչի ու տնտեսվարի կարեւորագույն բնորոշում: Հարկահանության բնագավառում այնքան մեծ էր էնտուզիազմը, որ ծնվեցին անհեթեթության աստիճանի հասնող լեգենդներ, եւ ապագա նախագահը ստիպված էր հատուկ նախընտրական հարցազրույցով ժխտել գերեզմանների հարկման մասին տարածվող լուրերը: Հաճախ ասելով՝ 8220Բ8221, մոռանում ենք, որ նախօրոք անհրաժեշտ է ասել՝ 8220Ա8221, իսկ հարկեր հավաքելը դառնում է ինքնանպատակ, եւ մոռանում եք, որ նրանք հավաքվում են տնտեսությունը զարգացնելու եւ մարդկանց բարեկեցությունը բարձրացնելու համար:

Տնտեսության զարգացումը հարկային լեզվով նշանակում է՝ այնքան եւ այնպիսի հարկեր, որ հաջորդ տարում ավելի շատ հավաքվի: Ձեռնպահ մնանք հարկերի չափերը քննարկելուց, արդեն սկսում ենք հասկանալ, որ այդ չափերը մենք չենք որոշում, քանի որ բյուջեն հիմնականում լցվում է միջազգային վարկերով: Հենց պարտատերերն էլ իրենց իրավունք են վերապահում մեր փոխարեն որոշել, թե ինչքան հարկ հավաքենք, որ կարողանանք իրենց պարտքերը մարել: Սակայն հարկերը հավաքելու ձեւերում, որտեղ քիչ թե շատ ավելի ազատ ենք որոշումներ ընդունելու մեջ, թույլ ենք տվել այնքան անհեթեթություն, որ արհեստավարժների մեր նոր թիմը պետք է ամենալուրջ բարեփոխումների լծվի՝ ստեղծելու երկրի կենսունակությունը որեւէ կերպ ապահովելու ընդունակ ֆինանսական մեխանիզմ: Բյուջեն լցնելու նպատակով՝ ձեռնարկությունների մի խոշոր խմբի պարտադրվեց նախապես վճարել հարկերը:

Հայրենական ֆինանսական մի հանճարի այդ նորամուծությունը թույլ տվեց զեկուցել բյուջեն ժամանակին լցնելու մասին, իսկ ձեռնարկությունները զրկվեցին Հայաստանում այնքան թանկ համարվող՝ ֆինանսներից, որոնք կօգտագործեին մի ողջ տարի եւ հետո միայն՝ ավելի խոշոր շահույթ ստանալուց հետո, կվճարեին իրենց օրինական պարտավորությունները, այս անգամ՝ ավելի մեծ գումարներ: Պարզ է, որ հարուստ երկիր չենք, այդ պատճառով էլ հարկային քաղաքականությունը ոչ թե լիբերալ է, այլ՝ ժլատ, իսկ վերջինս, ինչպես հայտնի է, երկու անգամ է վճարում: Եթե ձեռնարկությունը կանխապես է վճարում, ապա տնտեսական հնարավորությունները խափանման հետեւանքով նվազում են, նա շահույթ չի ստանում, եւ արդեն պետությունն է պարտք մնում նրան: Կարելի է հուսալ, թե պետությունը արագ կհարստանա ու կփակի այդ պարտքերը, սակայն սա անհիմն ռոմանտիզմ է. պետության հարստությունը գոյանում է իր սուբյեկտների հարստությունից, իսկ մեր դեպքում՝ հարկային մեխանիզմը նման է գրպանահատության՝ առանց մտածելու վաղը սպասվող հատուցման մասին՝ վերցնել այնքան, ինչքան ընկնում է ձեռքի տակ:

Արտաքին առեւտրի բնագավառում կրկնակի հարկումից խուսափելու համար միջպետական պայմանագրեր ստորագրվեցին, որ Հայաստանից ապրանք արտահանելու դեպքում՝ ավելացված արժեքի հարկ չի գանձվում, ավելի ճիշտ՝ գանձվում է, սակայն հետո այն վերադարձվում է: Ակնհայտ էր, որ այստեղ եւս, հանուն բյուջեն լցնելու մասին զեկույցների, գումարները չէին վերադարձվի: ԱԱՀ-ն ապրանքի գնի 20%-ն է, այսինքն՝ եթե որեւէ գործունեության եկամուտն այդ կարգի է, ապա նման բիզնեսը բավականին շահութաբեր է: Գործարարը Հայաստանի ձեռնարկությանը պատվերներ է տալիս, ֆինանսներ ներարկում շունչը փչող տնտեսության մեջ, արտահանում է ապրանքները, այնուհետեւ Հայաստանից պահանջում ետ վերադարձնել իր գումարների այն մասը, որ Հայաստանը խոստացել էր: Սակայն պետությունն իր պարտավորությունը չի կատարում: Գործարարը խնդրում է, աղաչում, սպառնում: Բայց հարկային տեսչությունում նրան խորհուրդ են տալիս՝ շարունակել իր գործունեությունը, դիմում են տրամաբանությանը ու խոստանում, թե՝ քանի որ պետությունն արդեն պարտք է, ապա հետագա գործունեության հարկերը կփակվեն հենց այդ պարտքով:

Գործարարը մի վերջին անգամ է հավատում, բայց հետո պարզվում է, որ նա պարտավոր է մուծել բոլոր հարկերը, քանի որ իր հարկերը բյուջեի այլ հոդվածով են, իսկ պետության պարտքերը՝ այլ: Գործարարի նյարդերն արդեն ծայրահեղ լարված են, սակայն գտնվում են բարի խորհրդատուներ ու հանգստության կոչ անում, քանի որ նա գործ ունի ոչ թե ինչ-որ չինովնիկի կամայականության հետ, այլ՝ վարչապետի բանավոր հրահանգի: Իմանալով, որ իր նմաններին պետության պարտքը կազմում է շուրջ 7 միլիարդ դրամ, գործարարը հասկանում է, որ եթե անգամ պարտքերը սկսեն ետ վճարել, ապա իր հերթը շուտ չի հասնի: Գործարարը մի վերջին անգամ թքում է հարկային տեսչության շեմին ու հեռանում հեռու երկրներ՝ այնտեղ, ուր հոգ են տանում տնտեսության զարգացման եւ ոչ թե տոնական զեկույցների մասին:

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031