Լրահոս
Օրվա լրահոսը

MERCI LA FRANCE

Հունիս 10,1998 22:20
fransia

Բոլոր նրանք, ովքեր դիտեցին Հայկական հեռուստատեսությամբ ցուցադրված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նիստի տեսագրությունը, վստահաբար հուզումի ու նաեւ ուրախության պահեր ապրեցին, երբ հոտնկայս ծափահարությունների ներքո արտասանվում էր adopte՛(ընդունվել է) բառը։ Պահը իսկապես պատմական էր։ Չէ՞ որ աշխարհի հզոր պետություններից մեկի օրենսդիր մարմինը ընդունում էր հայկական ցեղասպանության իրողությունը։ Եվ այդ երկիրը Ֆրանսիան էր, հայոց համար ասպետակա՜ն Ֆրանսիան, որը «ազգային օջախ» էր խոստացել Կիլիկիայի հայերին եւ սակայն խոստմնադրուժ էր եղել՝ 1921 թ. Կիլիկիան նվիրելով թուրքերին։ Թվում է՝ ցեղասպանությունից 83 տարի հետո Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Ֆրանսիան քավում էր իր մեղքերը, որով պատճառ էր եղել Կիլիկիայի հայության աղետին։

Հայկական ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընթերցման ընթացքում ակամա հիշում էինք նաեւ հանուն Ֆրանսիայի ու դաշնակիցների մարտնչած բազմահազար հայորդիների, Հայկական լեգեոնի մարտիկների ու նրանց վարձահատույց լինելու մասին Կլեմանսոների ու ուրիշների խոստումները։

Հիմա քաղաքագետները կվերլուծեն, թե ինչու հատկապես այս պահին Ֆրանսիան ճանաչեց հայասպանության ոճիրը։ Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությո՞ւնը, Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադա՞րձը, թե՞ ֆրանսահայության կատարած աշխատանքը նպաստեցին Բուրբոնյան պալատում ընդունված հայանպաստ որոշմանը։ Երեւի թե այդ բոլոր պատճառները միասին վերցրած, եւ սխալ կլինի դրանցից որեւէ մեկի բացարձականացումը։ Որոշման միաձայնությամբ ընդունվելը վկայում է, որ քաղաքական շահերի հետ միասին գիտակցվում էր նաեւ հարցի բարոյական կողմը։ Բոլոր դեպքերում դեռ առջեւում նոր մարտահրավերներ կան։ Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը քննարկվելու է վերին պալատում՝ Սենատում, շարունակվում է թուրքական հիստերիան, որը Ֆրանսիայի դեմ տնտեսական էմբարգոների է վերածվում։

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք չէ քաղաքական շահարկումների առարկա դարձնել՝ այս կամ այն կազմակերպության ու վարչակազմին վերագրելով այն։ Ի վերջո, պետք է հիշել, որ ցեղասպանության ճանաչման պայքարը սկսվել է շատ վաղուց։ Արգենտինան, Ռուսաստանը, Ուրուգվայը, ՄԱԿևի մարդկային իրավանց ենթահանձնախումբը, ժողովուրդների մնայուն ատյանը, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը եւ Բելգիան ճանաչել են դարի առաջին ցեղասպանությունը։ Ֆրանսիայի կշիռը ուրիշ է, անշուշտ, ու չնայած բանաձեւում չի հիշատակվում ցեղասպանության հեղինակի անունը, այդուհանդերձ երախտապարտ պետք է լինենք Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին եւ միասնաբար «Merci la France» ասենք։

ՀՈՎԻԿ ՅՈՐԴԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930