Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂԿԱՊՈ՞Վ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ

Հունիս 23,1998 00:00
poghkap

Ծանոթներիցս մեկին ՀՀ կառավարությունում աշխատանքի պիտի ընդունեին։ Ու որովհետեւ իմ այդ ծանոթն իր ամբողջ կյանքում ազատ էր եղել իր նիստուկացով, իր հագուկապով, ուստի դժվար խնդրի առաջ էր կանգնել. պետք է փողկապ գներ ու դեռ քիչ է, որ պիտի փողկապ գներ, հետն էլ՝ փողկապ կրեր։ Մենք նախընտրեցինք «գոսունիվերսալնի մագազինի» տոնավաճառը, ուր վաճառվում էին 10 դոլարանոց փողկապից մինչեւ 500 դոլար արժողությամբ փողկապներ (իտալական, ամերիկյան…)։ Գնեցինք ու ընկանք կրակը։ Հիմա պիտի կապենք։ Եվ որովհետեւ ես իմ ողջ կյանքում փողկապ չեմ սիրել, իսկ նա չի կապել, փողկապը ձեռքներիս, ՀՀ կառավարությունում նրա ազատությունն առնելուց առաջ, որոշեցինք անցկացնել մի այսպիսի լրագրողական փորձաքննություն. փողկապը ձեռքներիս անցնում ենք փողոցով ու «սկսում» խաղը.

– Դուք ինչպե՞ս եք վերաբերվում փողկապ կապելուն։

Երկու անցորդ կին.

– Դրական։

Կարդացեք նաև

– Այսինքն, գտնո՞ւմ եք, որ ձեր ամուսինը, տղան պիտի կրեն փողկապ։ Եվ կրո՞ւմ են։

– Ամուսինս հիմա չի կրում, չնայած մի 20 տարի գիշեր-ցերեկ փողկապով էր, ի պաշտոնե, իսկ տղաներս բիզնեսմեններ են եւ սիրում են փողկապ կրել։

– Իսկ փողկապն իրե՞նք են կապում, թե՞ դուք․․․

– Ես կապել չգիտեմ․․․

Մի ուսանողուհու.

– Դուք ինչպե՞ս եք վերաբերվում փողկապ կրելուն․․․

– Չեմ սիրում։ Ինչքան «ճ» դասի մարդ կա, փողկապ է կապում։

– Ներեցեք, չե՞ք ասի, ո՞րն է ձեր ասած «ճ» դասը․․․

– Էն, որ փողկապ է կապում, հետն էլ՝ արեւածաղիկ է կուլ տալիս։

– Իսկ չե՞ք օգնի իմ բարեկամին՝ կապել իր փողկապը։

– Նախ, ես չգիտեմ փողկապ կապել։ Եվ հետո, եթե Ձեր բարեկամը փողկապ կապել չգիտի, ինչո՞ւ է կապում, ո՞ւմ է զարմացնում։

Մոտենում ենք տոնավաճառի փողկապներ վաճառողին.

– Դուք փողկապ կրո՞ւմ եք։

– Չէ, էդ չվանը կյանքում ոչ կապել եմ եւ ոչ էլ կկապեմ։

– Ինչո՞ւ…

– Խանգարում է վիզս աջ ու ձախ տանել․․․

– Իսկ չե՞ք «նախանձում» նրանց, ովքեր ձեզնից փողկապ են գնում ու կրում։

– Խղճում եմ։ Մանավանդ բարակ վզերով տղաներին, որոնց չի սազում, իսկ ես ստիպված պնդում եմ, թե սազում է․․․

– Մենք հենց նոր ձեզնից գնեցինք այս փողկապը։ Չե՞ք օգնի կապել այն։

– Ա՛յ ցավդ տանեմ. ես փողկապ ծախող եմ, ոչ թե՝ փողկապ կապող։

Մի երիտասարդ.

– Էս խեղճը, որ փողկապ կապել իմանար, հիմի մի պաշտոն էլ նա կունենար․․․

Շրջվում ենք նրա կողմը.

– Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է, որ պաշտոնյան փողկապ կրի։

– Այո։

– Ինչո՞ւ։

– Դե, գիտեք, մի տեսակ ձգվում ես, երբ տեսնում ես դիմացինդ գյադա-գյուդա չի։ Համ էլ իրենք ավելորդ շարժում չեն անում. մի տեսակ զսպաշապիկ է։

Մի ծեր կին.

– Ամեն ինչ դուզ էր, փողկապն էր մնացել։ Հիմա էլ փողկապով են խաբում, ի՞նչ տարբերություն (նկատի ունի միրուքից հետո- Ռ. Մ.)։ Սասունցի Դավիթը, որ փողկապ չէր կապում, Սասնա տունը չէ՞ր շենացնում։

«Խաղը» շարունակվում է։ Մոտենում ենք ԳՈՒՄ-ի առջեւ կանգնած շրջիկ լուսանկարչին եւ խնդրում կապել այդ անիծյալ փողկապը։ Պարզվում է, նա էլ կապել չգիտի, իսկ նկարվել ցանկացողներին առաջարկում է «դարերով» կապած-պահած իր փողկապը։ Դիմում ենք գրպանի հեռախոսով մի երիտասարդի։

– Կօգնե՞ք կապել փողկապը․․․

– Չեմ կարա․․․

– Ներեցեք, իսկ ո՞վ է կապել ձեր փողկապը։

– Քո Ռոբերտ Քոչարյանը։

Մենք, իհարկե, չենք հավատում սույն հայտարարությանը, սակայն հասկանում ենք, որ հաստատ նա էլ կապել չգիտի։ Ամենից հետաքրքիրը խաղի հետեւյալ հատվածն էր. կարծելով, թե մենք փողկապ ենք վաճառում, մեզ մոտեցան երեք օտարերկրացիներ։ Թարգմանչուհին, որը ներկայացավ Նառա անունով, հասկանալով, ինչն ինչոց է, մեզ ներկայացրեց իր հյուրերին, որոնցից մեկն ասաց.

– Հագուստներ արտադրող լեհական ֆիրմաներից մեկի տնօրենը աշխատանքից հեռացվել էր այն բանի համար, որ նախարարություն խորհրդակցության էր ներկայացել կանաչ կոստյումով, կապույտ վերնաշապիկով, դեղին կոշիկներով եւ կարմիր փողկապով։

«Էքսպերիմենտը» երկար շարունակվեց։ Մի բան պարզ էր, որ անկախ տարիքից, մերոնք այնքան էլ տեղ չեն տալիս փողկապին։ Լավագույն դեպքում վերաբերվում են դրան՝ իբրեւ աշխատանքային գրքույկի մի հավելվածի։ Երիտասարդության մի մասը գտնում է, որ փողկապ կրելը «քիքիրության» նման մի բան է, որը մեծացնում է անձի տարիքը, նոր հայերի մի մասը գտնում էր, թե այն ճաշակի եւ բնավորության արտահայտման ձեւ է։ Ավելի զուսպ էին նախորդ դարաշրջանում (21-րդ դարին ի՞նչ մնաց որ- Ռ. Մ.) փողկապ կրած մեր տարեցները. նրանք գտնում են, որ, միեւնույն է, կյանքը, մարդիկ փոխվել են, փոխվում են, լինեն փողկապով, թե առանց դրա։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930