Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարաններն աշխատեն՝ տաք ջուր կունենանք

Հունիս 26,1998 00:00
hosanq

Մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ Հայաստանի ջերմաէլեկտրակայաններում արտադրված մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի վրա ծախսվում է մոտավորապես 400 դրամ պայմանական վառելիք, ինչը, մեղմ ասած, խոր միջնադար է, քանի որ զարգացած երկրներում այդ թիվը 200-ից չի անցնում։ Եւ ընդհանրապես, տարօրինակ է, որ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը 11,72 դրամ է (ավելացված արժեքի հարկն էլ հետը), բայց բնակչությանն այն վաճառվում է միջինը 21 դրամով։ Այս առթիվ շտապել էր իր վրդովմունքը հայտնել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը (այդ հանձնաժողովն է որոշում էլեկտրաէներգիայի սակագինը), որի խոսքերով, 21 դրամը շատ քիչ է, եւ եթե ուզում ենք պահպանել համակարգը, կիլովատի արժեքը պետք է լինի առնվազն 40 դրամ։

Պատճառաբանությունը մոտավորապես հետեւյալն էր. հանրապետության էներգահամակարգի պահպանումը բխում է մեր ազգային շահերից, հետեւաբար, բոլոր ծախսերը պետք է ծանրանան ազգի (տվյալ դեպքում՝ ՀՀ բնակչության) ուսերին։ Հետաքրքիր է, ինչո՞ւ այդ ծախսերը չեն կարող ընկնել, ասենք, Հայէներգոյի ուսերին։ Բանն այն է, որ էլեկտրակայանները հոսանքը Հայէներգոյին վաճառում են 11,72 դրամով, Հայէներգոն բաշխիչ ցանցերին՝ 15,3 դրամով, բաշխիչ ցանցերը բնակչությանը՝ 21 դրամով։ Ընդ որում՝ բոլոր այդ օղակներն աշխատում են շահույթով եւ ամենեւին չեն մտածում մեր ազգային շահերի մասին։ Եվս մի հետաքրքիր հանգամանք։ Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կարող է ամսական մի քանի դոլար ստացող թոշակառուն նման սակագներով վճարել հոսանքի դիմաց, պարոն Գրիգորյանը մոտավորապես այսպիսի փաստարկ բերեց՝ որտե՞ղ է տեսնված, որ ամսական մի քանի դոլար եկամուտ ունեցողները մտածեն հոսանք ունենալու մասին։

Պարզ ասած՝ չունի, թող հոսանք չծախսի։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի մեկ միավորի վրա ծախսված պայմանական վառելիքին, ապա պարզվեց, որ արտասահմանում իսկապես այդ թիվն անհամեմատ ավելի ցածր է, բայց պատճառն այն է, որ այնտեղ արդյունաբերությունն աշխատում է։ Ըստ հանձնաժողովի փոխնախագահի, եթե մեզ մոտ եւս գործարաններն աշխատեն, բնակչությունը ոչ միայն տաք ջուր կունենա, այլեւ աշխատանք, ուստի չի դժգոհի էլեկտրաէներգիայի սակագներից։ Հրաշալի է։ Նախարարությունը հոսանք է արտադրում եւ վաճառում՝ իր կարծիքով, նվազագույն գներով, եւ իր մեղքը չէ, որ բնակչության համար դա շատ թանկ է։ Կարծես թե նախարարությունն այն նույն պետական համակարգում չէ, որի պատճառով բնակչությունն այս վիճակում է։

Եւս մի նորություն։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում բնակչության համար կսահմանվեն էլեկտրաէներգիայի գիշերային սակագներ։ Ենթադրվում է, որ երեկոյան ժամը 11-ից առավոտյան 7-ը հոսանքը կարժենա 12 դրամ։ Պատճառն այն է, որ գիշերը արդյունաբերական ձեռնարկությունները չեն աշխատում, իսկ համակարգին անհրաժեշտ է օրվա ընթացքում հավասարապես բաշխել լարվածությունը։ Իհարկե, հազիվ թե ունեւոր ընտանիքները, հանուն մի քանի դրամի, սկսեն գիշերային կյանք վարել։ Եվ կարող է ստեղծվել այնպիսի վիճակ, երբ, ի տարբերություն մյուս երկրների, գիշերային կյանքով ապրեն ոչ թե հարուստ, այլ աղքատ ընտանիքները։ Իսկապես, գիշերները հանգիստ քնելը շատ մեծ շքեղություն չէ՞ այն մարդկանց համար, ովքեր ստանալով ամսական մի քանի դոլար, ստիպված են իրենց ուսերին կրել մեր ազգային շահերի հետ կապված բոլոր ծախսերը։

Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930