Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԽՎԱԾ ԲԱՆԵՐ

Հուլիս 07,1998 23:38
Vasak Darbinyan

«Ես կարծում եմ, որ մեր բանակը բավականին մարտունակ է։ Մենք, իհարկե, ամեն ինչ կանենք, որ մեր բանակի մարտունակությունը միշտ ամենաբարձրը լինի, բայց դա միայն մեզանից չի կախված։ Եթե մեր հարեւանները փորձեն շատ ավելի արագ ընթանալ, մենք այդ տեղը կզիջենք»։

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ ՀՀ արտգործնախարար, «Առավոտ», 1 հուլիսի

Մեր բանակի մարտունակությունը, պարզվում է, Ադրբեջանից է կախված, բայց որքան էլ անտրամաբանական է՝ Ադրբեջանի բանակի մարտունակությունը մեզնից չի կախված։

«ԽԱԹԱԲԱԼԱ-2»

«Երբ որ այս կամ այն «գեղեցիկ» մեքենան կարմիր լույսի տակով անցնում է, նախկին «փեշակս» եմ ուզում հիշել, հետեւից վազել, հետո ինձ զսպում եմ»։

ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Երեւանի քաղաքապետ, «ՀՀ», 27 հունիսի

«Գեղեցիկ» մեքենայի հետեւից վազելն էլ մի փեշակ է»,- գրել է հայ մեծ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը «Խաթաբալա-2» գիտաֆանտաստիկ պիեսում, որը, ցավոք, ծանոթ չէ ընթերցող հասարակությանը։

ԶՈԼՅԱՆԻ ԵՏԻՆ ԽԵԼՔԸ

«Ի դեպ, մինչեւ ռեկտոր դառնալը ես վրդովված էի, որ դասախոսներին քիչ են վճարում, բայց հիմա հասկանում եմ, որ դասախոսությունն ինքնին հաճույք է, եւ դասախոսը պետք է դրա համար վճարի»։

ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր, «Իրավունք», թիվ 29

Բացառված չէ, որ մինչեւ Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ դառնալը Սուրեն Զոլյանը վրդովված մնա, որ ռեկտորներին քիչ են վճարում… Բայց հետո՝ ԳԱ պրեզիդենտ դառնալուն պես հասկանա, որ ռեկտոր լինելն ինքնին հաճույք է, եւ ռեկտորը պետք է դրա համար վճարի։ Ուստի, կարծում ենք, ճիշտ կլինի, եթե պարոն Զոլյանը անհրաժեշտ հետեւություն անի ու կառավարությանը դիմի առաջարկությամբ՝ իրենց գործից հաճույք ստացող բոլոր մարդիկ այդ հաճույքի համար պիտի վճարեն, եւ, հակառակը, պիտի վարձատրվեն միայն նրանք, ովքեր տհաճությամբ են կատարում իրենց աշխատանքը։

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԱՐԴԻՑ

«Իմ կարծիքով, մենք արդեն սկսել ենք ոչ թե ուրախանալ, այլ ծիծաղել Սահմանադրության տարելիցների հետ կապված, եւ ծիծաղը տեղին է։ Սահմանադրությունը ոչ միայն չի ընդունվել ժողովրդի կողմից, այլ ընդունվել է օրենքի ուղղակի խախտումներով։ Այս Սահմանադրությունը բոլորի համար մի տեսակ բեռ է դարձել, դրա համար նրա տարելիցի առիթով ոչ թե պետք է ուրախանալ, այլ պետք է տխրել»։

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ ԱԺ պատգամավոր, ԱԺՄ վարչության անդամ, «ՀՀ», 4 հուլիսի

Ականատեսները պատմում են, որ այսքան հակասական ապրումներ ունենալուց եւ դրանք վերը մեջբերված բառերով արտահայտելուց հետո Արշակ Սադոյանը մեկուսացել է ու մեկուսի երգել.

Ընդհատակ գնալու եմ,

Հիմնական մնալու եմ…

Դոստ ու դուշմանիս համար

Լացս ծիծաղ եմ արել…

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031