Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ

Օգոստոս 15,1998 00:00
hac

ՀՀ հարկային տեսչության վերջին օրերին դրսեւորած եռանդը տարածվել է ոչ միայն ծխախոտ ներմուծողների, այլեւ, ինչպես նշել էինք երեկվա «Առավոտում», հացի գործարանների եւ փռերի վրա։ Ըստ հացի գործարանների տնօրենների՝ այս ստուգումներն ամենեւին էլ նախատեսված չէին եւ կապ չունեն հարկայինի հերթական ստուգումների հետ։

Երեւանի թիվ 5 հացի գործարանի տնօրեն պարոն Գասպարյանը հայտնեց, որ իր գործարանում ստուգումները սկսվել են օգոստոսի 6-ից։ Մասնավորապես, հարկային տեսուչները կենտրոնանում են ֆինանսական փաստաթղթերի վրա։ Թիվ 1 հացի գործարանում դեռեւս ստուգումներ չեն անցկացվել, սակայն գործարանի փոխտնօրեն Գեւորգ Վարդանյանն արդեն սիրով սպասում է հարկային տեսուչներին եւ գտնում է, որ այս արտահերթ ստուգումներն առավել քան տեղին են։

Ստուգումները, փաստորեն, ամբողջ քաղաքում են կատարվում, ընդհուպ ստուգում են նաեւ հացի մեքենաները, խանութներում «ֆակտուրաների» գրանցումները։ Թեեւ ՀՀ հարկային տեսչության պետ Արտաշես Թումանյանից այս դեպքում որեւէ պաշտոնական լուր կամ հայտարարություն չի եղել, սակայն, կարծում ենք, այս անգամ էլ նա կասեր, որ ազնիվ հարկատուները վախենալու ոչինչ չունեն։ Նման ռեյդերի «արմատների» մասին էլ պաշտոնական տվյալներ առայժմ չկան, սակայն գիտենք, որ այս տարվա երկու եռամսյակներում հացի գործարանները պետական գանձարան պետք է մուծեին երկու միլիարդ դրամ, սակայն բյուջե է մտել ընդամենը 400 միլիոն դրամ։

Հացի գործարանները օրական թխում են 350-360 տոննա հաց, իսկ «հացաթխող» կոոպերատիվները՝ 320 տոննա։ Այս պարագայում հացի գործարանների տնօրենները, որոնք հանդես են գալիս ազնիվ ու բարեխիղճ հարկատուների կեցվածքով, այս ստուգումների արդյունքների հետ մեծ հույսեր են կապում։ Հարկայինը կգրանցի կոոպերատիվների խախտումները, նրանց կպատժի, իսկ իրենք՝ ազնիվները, հնարավորություն կստանան իրենց հալալ քրտինքը վայելել։

Հետաքրքիր է, որ բոլոր տնօրենները «իրենց ուժերի վրա» լավ էլ վստահ են։ Ի դեպ, հարկային տեսչության այս ստուգումների՝ հաջողությամբ պսակվելու գրավականներից մեկն էլ գաղտնիությունը պիտի լիներ, սակայն, ինչպես ասում են, վատ լուրը շուտ է տեղ հասնում։ Հարկային տեսուչներին թե՛ գործարանատերերը, թե՛ փռերի տերերը եւ մանավանդ խանութի տնօրենները պատրաստված են ընդունում։ Քանի դեռ ստուգումները չեն ավարտվել, կանխակալ չլինելու համար որեւէ արդյունք չենք հրապարակի։ Առաջիկա համարներից մեկում հացի գործարանների եւ փռերի ստուգման պաշտոնական արդյունքները կհրապարակենք։ Դրանցից պարզ կերեւա, թե որքանով է պատրաստված հարկային տեսչությունը եւ որքանով են նախապատրաստված «հացագործները»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, մոտ երկու ամիս առաջ էլ հարկային տեսուչները ստուգել են «Հայհացահատիկ»-ի ֆինանսական փաստաթղթերը, եւ, ինչպես ասաց տնօրեն Լեւիկ Խաչատրյանը, որեւէ արտառոց բան սրանում չկա։ Իր դեմ էլ (որպես ՀՀՇ-ականի) հարկային տեսչությունը որեւէ ոտնձգություն չի արել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31