Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼ Է ԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 23,1998 00:00
Ararat Zurabyan

Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանն «Առավոտ» եւ «Հայոց աշխարհ» օրաթերթերում սեպտեմբերի 18-ին հրապարակված հարցազրույցներում ներկայացրել էր Կենտրոն համայնքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները։

Բնականաբար, հայտնաբերված բոլոր խախտումները կամ թերացումները չէ, որ նա թվարկել էր։ Եվ Կենտրոնի համայնքապետ Արարատ Զուրաբյանն էլ, չնայած ստուգող հանձնաժողովի տեղեկանքի առնչությամբ շուրջ 25 էջ առարկություններ է ներկայացրել՝ այժմ նախընտրեց հակափաստարկներ ներկայացնել Դավիթ Վարդանյանի՝ միայն հրապարակայնորեն արված պնդումների վերաբերյալ։

«Ավարտից հետո հասկացա, որ 25 օրը քիչ է»

Դավիթ Վարդանյանի այս արտահայտության առնչությամբ Արարատ Զուրաբյանը ճշտեց, որ ստուգումները 1 ամիս են տեւել. «Դրանից հետո էլ մեզ դիմել եւ լրացուցիչ մի քանի օբյեկտներ էլ են ստուգել։ Ստուգման հատվածն ավարտվել է, իսկ մնացած աշխատանքները՝ դեռեւս ոչ։ Եվ մինչեւ այսօր մի ամփոփ եզրակացություն մեզ ներկայացված չէ։ Կարելի է ասել, որ վերջնական տարբերակ չկա»։ Արարատ Զուրաբյանը նաեւ հաշվարկեց, որ նման ժամկետների պահպանման դեպքում վերահսկողական ծառայությունը 1 տարում Հայաստանի 1000 համայնքներից հազիվ 10-ը կարողանա ստուգել, կամ լավագույն դեպքում՝ 100-ը, որը ընդհանուրի 10 %-ն է։ Ընդ որում հիշեցրեց, որ վերահսկողական ծառայությունն ընդամենը 6 ամիս առաջ էր Կենտրոնում ստուգումներ անցկացրել, իսկ նախագահի հրամանագրով դրանք տարին մեկ կարող են միայն արվել։

«Ինչո՞ւ են ստուգումներից այդքան վախենում»

Իր իսկ առաջադրած այս հարցադրմանը Դավիթ Վարդանյանը հավելել էր. «Ավելի լավ, թող գնան ստուգեն եւ ապացուցվի, որ նրանք լավ են աշխատում եւ ոչ մի բան չկա»։ Պրն Զուրաբյանի մոտ կրկնեցինք այս ամենը։ «Ճիշտն ասած, ստուգումներից չենք վախենում,- ասաց նա,- կարծում եմ, դրանում համոզվել են ստուգող հանձնաժողովի անդամները։ Միայն մի հարց կա, որ ստուգումները որոշակիորեն աշխատանքին խոչընդոտում են։ Բազմաթիվ ստորաբաժանումների աշխատակիցներ ստիպված են զբաղվել պարզաբանումներ ներկայացնելով եւ այլն, եւ իրենց հիմնական աշխատանքային գործընթացը խաթարվում է»։

«Մանր չարաշահումներ են արձանագրվել, բայց շատ»

Սա վերահսկողական ծառայության ղեկավարի ընդհանրական գնահատականն էր, որի հետ համայնքապետը կտրուկ չհամաձայնեց. «Ոչ մի չարաշահում չկա, որի առնչությամբ մենք հիմնավոր առարկություն չունենք։ Եթե թերություն է համարվում այն, ինչի վերաբերյալ օրենսդրական դաշտը «պատասխաններ» չունի, ապա շատ բաներ կարելի է դիտարկել իբրեւ մանր չարաշահումներ։ Նշվում է, թե հաստատված «բնութագրական փաստեր» կան։ Ենթադրվում է, թե խոսքը կրկնվող սխալների մասին է, բայց մեզ մոտ նման բաներ ընդհանրապես չկան»։

«Թաղապետարանի բյուջեից շատ եկամուտներ դուրս են մնացել»

Այս առնչությամբ պրն Զուրաբյանը երկար ու մանրամասն բացատրություններ ներկայացրեց, թե երբ եւ ինչպես է կազմվում իրենց բյուջեն, ուր է հասնում (քաղաքապետարանի ֆինանսական վարչություն, ԱԺ վերահսկիչ պալատ, ֆինանսների նախարարություն). «Այս կազմակերպություններից եւ ոչ մեկից մենք ոչ մի առարկություն չենք ստացել մեր բյուջեի ձեւավորման վերաբերյալ, որեւէ հարց, խնդիր այս առնչությամբ չի եղել։ Բնականաբար, մեր բյուջեն կազմել ենք հարկային տեսչություններից հարցումների արդյունքում ստացված գրությունների հիման վրա»։ Նաեւ բազմաթիվ թվեր ներկայացվեցին թաղապետարանի բյուջեի եկամտային մասի առնչությամբ («Էապես փոքր է կազմված»,- ասել էր պրն Վարդանյանը)։ Սակայն ընթերցողներին թվախեղդ անելուց ձեռնպահ ենք մնում։

«Փոքրացված են շուկաների, տոնավաճառների մակերեսները»

Դավիթ Վարդանյանն իր այս պնդումը հիմնավորել էր «Այրարատ» կ/թ-ի եւ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ գտնվող տոնավաճառների օրինակով. «Ես հասկանում եմ, իհարկե, ինչու է «Այրարատի» տոնավաճառի մասին խոսվում։ Կարող եմ միայն մի բան ասել, որ մի քանի հազար քառ. մետր տարածք զբաղեցնող այս տոնավաճառի չափման տարբերությունը 130 քառ. մետր է կազմել։ Հասկանալի է երեւի, որ մի 4-5 սեղան ավելացնելու կամ պակասեցնելու դեպքում այդպիսի տատանումներ հնարավոր են։ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ էլ «երկաթի» 2 տոնավաճառ կա՝ չգիտեմ, թե որ մեկի մասին է խոսքը։ Բայց մեկը փակելու որոշում էինք կայացրել, քանի որ դրա տերերը որոշում, թույլտվություն չունեին եւ հրաժարվում էին մեզ հետ պայմանագիր կնքել։ Գործերը դատարան ենք ուղարկել։ Իսկ երկրորդ տոնավաճառը կարծեմ մարտից է գործում եւ իրեն հատկացված տարածքի մի մասն է միայն փաստացի զբաղեցնում»։

«Չարաշահումներ՝ կապված կանգառների բարեկարգման եւ գովազդի պայմանագրերի հետ»

Դավիթ Վարդանյանի ամենածանրակշիռ փաստարկները վերաբերում էին «Սիլ»-ի, «Նուշիկյան»-ի, «ԳԱՍԷ» գովազդային գործակալության հետ կնքված թաղապետարանի համար «էապես ոչ ձեռնտու պայմանագրերին»։ Արարատ Զուրաբյանն ասաց, որ «Նուշիկյան» ասոցիացիայի հետ քաղաքապետարանի «Դիզայն» ձեռնարկությունը պայմանագիր է կնքել 1996-ին եւ երրորդ կողմն էլ քաղաքապետարանի քարտուղարն էր՝ համայնքը դրա հետ ոչ մի կապ չի ունեցել։ Իսկ այս տեղեկություններն արդեն քաղել ենք լիովին չեզոք երրորդ կողմից՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կատարած ստուգումների արդյունքում կազմված փաստաթղթերից։

Հետագայում «Նուշիկյան»-ի 10 կանգառներն ապամոնտաժել են, քանի որ 1997-ի դեկտեմբերին, դարձյալ անտեսելով թաղապետարանը՝ նման պայմանագիր է կնքվել «Սիլ»-ի եւ «Դիզայն»-ի միջեւ։ «ԳԱՍԷ» ֆիրմայի դեպքում էլ է նույնը կրկնվել՝ թաղապետարանն անտեսվել է, եւ այս դեպքերում Կենտրոնին ուղղակի վնաս է հասցվել։ «Զարմանալի է, որ հրապարակումներում, այնուամենայնիվ, նշվել է այդ կանգառների եւ գովազդների մասին, թե մենք ամեն ինչ արել ենք, որ եկամուտները քիչ լինեն, սխալ պայմանագրեր ենք կնքել եւ այլն։ Երբ ստուգողների կազմած «ակտի» մեջ է անգամ նշված, որ Կենտրոնն այդ ամենի հետ կապ չունի։ Եվ կանգառներն ընդհանրապես մեր լիազորությունների խնդիր չեն»,- ասաց պրն Զուրաբյանը։

«Մի կասկածելի փաստ էլ կա՝ Գետառի մաքրումը»

Համայնքապետը նախ ճշտեց, որ Գետառի մաքրման աշխատանքները ոչ թե 3 օր են տեւել, այլ շուրջ 2 ամիս։ «Մոտ 55 հազար քառ. մետր տարածք է մաքրվել, որի մոտավորապես կեսը ծածկված է, եւ այդ տարածքում էլ են աշխատանքներ կատարվել»։ Ի դեպ, պրն Զուրաբյանը նշեց, որ համապատասխան տեսագրություններ էլ ունեն, որոնք կարող են ներկայացնել։ «Ես հասկանում եմ՝ մաքրման համար 70 մլն դրամը կարող է զարմացնել բոլորին, բայց խնդիրն այն է, որ արտակարգ իրավիճակների վարչությունը քաղաքապետի պաշտոնակատարին էր դիմել, թե սելավներ են սպասվում եւ կարող են ծանր հետեւանքներ լինել։

Գետառը վերջին անգամ 1993-ին էր մաքրվել, աղբի հսկայական կուտակումներ կային։ Գետառի հունի եւ անձրեւատար կոյուղագծերի մաքրման աշխատանքների համար «Հայարդնախագծի» կատարած հաշվարկներով անգամ ավելի մեծ գումար էր նախատեսվում։ Հետո էլ քաղաքաշինության նախարարության համապատասխան ձեռնարկության փորձաքննության արդյունքներով նախահաշվային գումարը 88 միլիոն 776 հազար դրամ սահմանվեց։ Թաղապետարանը մտահոգված լինելով իր միջոցների խնայողությամբ՝ կարողացավ այս կարեւոր խնդիրը լուծել 70 մլն դրամով։ Հետո սելավն ապացույց դարձավ, որ այս աշխատանքներն իրոք հարկավոր էին։ Կարծում էինք, որ այս պայմաններում գովասանքի էինք արժանի, այլ ոչ թե…»։

Ի դեպ, պատերից հանված 9150 ծառերի մասին։ Պարզաբանվեց, որ սա թարգմանական սխալի հետեւանք է՝ խոսքը թփերի (ՍցրՑՈՐվՌՍՌ) մասին է։ Էնդշպիլ Դավիթ Վարդանյանի հարցազրույցներում նշված այլ փաստերի վերաբերյալ էլ (ասենք Բայրոնի 4 հասցեում գտնվող շենքի, անօրինական հողահատկացումների մասին պնդումների եւ այլն) Կենտրոնի համայնքապետը հստակ պարզաբանումներ ներկայացրեց։

Սակայն փորձենք ամփոփել. «Նախագահական վերահսկողական ծառայության մեջ մեզ ներկայացրած փաստաթղթում ուսումնասիրություններ անցկացնելու մասին էր խոսվում, ուստի դրանց արդյունքներում բացասականի կողքին նաեւ դրական աշխատանքը երեւի պիտի ներկայացվեր»,- իսկ նման փաստերի թվարկումը լրագրային շատ ավելի մեծ ծավալ կպահանջեր։ «Կարծում եմ, որ երեւի թե նաեւ պիտի նշվեր, որ Կենտրոնը հանրապետության միակ համայնքն է, որը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հասանելիք 104 մլն դրամի պետական լրավճարից,- ասաց Արարատ Զուրաբյանը։- Տրամադրվածությունն ինձ համար պարզ է։ Բայց կարծում եմ, որ ոչ մի ուրիշ համայնք չկա, որտեղ վիճակն ավելի լավ լինի, քան մեզ մոտ է»։

Կենտրոնի համայնքապետին էլ խնդրեցինք կանխատեսել, թե ինչպիսին կլինեն այս ամենի հետեւանքները. «Զարմանալի կլիներ պաշտոնանկությունը, եթե նկատի առնենք, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ստուգող խմբի եզրակացությամբ՝ «ստուգմամբ անօրինական եւ ոչ նպատակային ծախսումներ չեն հայտնաբերվել»։ Այնուամենայնիվ, ըստ տեղական ինքնակառավարման մասին օրենքի, այդ խնդիրը կարող է քաղաքապետի ներկայացմամբ քննել կառավարությունը։ Հուսով եմ, որ քաղաքապետն անաչառ կլինի եւ գործը դրան չի հասնի։ Չնայած… ինչ ասես, որ մեզ մոտ հնարավոր չէ»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930