Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՎԵՃ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Նոյեմբեր 04,1998 00:00
Aleqsandr Arzumanyan

Վերջերս «Ազատություն» ռ/կ-ի ամենշաբաթյա կլոր սեղանի շուրջ զրույցի մասնակիցներն էին նախկին արտգործնախարար, ՀՀՇ Երեւանի մարզային կառույցի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ եւ նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Շուրջ 23 րոպե տեւողությամբ այդ հաղորդումը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։

Բաքվի հայտարարագիրն առանց վերապահումների ստորագրելու խնդրի օրինականության շուրջ

Aleqsan Harutyunyan

ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Ես, իրոք, գտնում եմ, որ Հայաստանը շատ ճիշտ է արել, որ ստորագրել է առանց վերապահումների։ Չեմ հասկանում, թե ինչ վերապահում պիտի արվեր՝ համաձայն ենք, որ հակամարտությունները լուծվեն հակառա՞կ ՄԱԿ-ի բանաձեւերի եւ ԵԱՀԿ սկզբունքների՞…

Եթե այնտեղ նշված լիներ, որ խոսքը որոշակիորեն ՄԱԿ-ի այդ երկու բանաձեւերի մասին է, գուցե իմաստ ուներ վերապահում անել։ Բայց մի ընդհանուր ֆրազ է այդ երրորդ կետը…

Եվ եթե դա ԼՂ կարգավիճակի վերաբերյալ մի հայտարարություն լիներ՝ այդ դեպքում գուցե արժեր այդքան, կներեք կոպիտ բառի համար, քթիմազություն անել։ Բայց բանաձեւը բոլորովին այլ հարցի էր առնչվում եւ չեմ կարծում, թե արժեր ծիծաղեցնել միջազգային հանրությանը։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ – Ես կարծում եմ, որ դիվանագետների աշխատանքը հենց քթիմազությունն է։ Ամեն բանակցող կողմ փորձում է որեւէ շարադասություն գտնել, որը ձեռնտու է իր փաստարկները հաստատելու համար եւ վկայակոչում է որեւէ պաշտոնյայի կողմից այդ փաստաթուղթը ստորագրելու փաստը։ Դրանից խուսափելու միակ եւ ընդունված ձեւը, որ բազմիցս կիրառվել է անցած վեց տարիների ընթացքում, սա է՝ որեւէ փաստաթուղթ, որի մեջ կա որեւէ արտահայտություն, որը կարող է ընդդիմության կամ նույնիսկ իշխանավորների կողմից վատ մեկնաբանվել՝ կարելի է ուղղակի վերապահումով ստորագրել եւ դրանով իսկ զերծ մնալ քննադատություններից եւ այդ քթիմազությունից։

Ա. Հ. – Համաձայն եմ, որ դիվանագիտությունը քթիմազություն է, բայց չեմ կարծում, թե բոլոր տնտեսական եւ այլ միջազգային համաժողովներում, որոնք Ղարաբաղի հետ անգամ կապ չունեն՝ Հայաստանի ցանկացած պաշտոնյա պետք է այդ քթիմազությունն անի։

Ա. Ա. – Ձեզ հիշեցնեմ, որ պրակտիկա գոյություն ունի. երբ մեր նախարարներն արտասահման են մեկնում որեւէ համաժողովի մասնակցելու՝ ԱԳՆ-ում ճեպազրույց են լսում՝ նրանց հնարավոր հարցերը եւ հնարավոր պատասխաններն են տալիս։ Եվ վարչապետները ԱԳՆ համապատասխան պաշտոնյային պետք է պատվիրակության կազմում ընդգրկեն, որը փորձագիտական գնահատական կտա։ Պրն Դարբինյանը կարող էր եւ չիմանալ այդ բանաձեւերի գոյության մասին, քանզի երբ դրանք ընդունվում էին՝ նա Մոսկվայի օդանավակայանում հյուրեր էր դիմավորում, աշխատելով այնտեղ մեր ներկայացուցչությունում եւ ժամանակ չուներ քաղաքական անցուդարձով հետաքրքրվելու։

Ա. Հ. – Ես, իհարկե, համաձայն եմ, որ պրն Դարբինյանը, ինչպես նաեւ պրն Արզումանյանը եւ պրն Հարությունյանը աշխարհի բազմաթիվ օդանավակայաններում բազմաթիվ հյուրեր են դիմավորել ու ճանապարհել։ Եվ երեւի պրն Արզումանյանը, որ իր կյանքի յոթ տարիները դիվանագիտությանն է նվիրել՝ ավելի շատ է դիմավորել ու ճանապարհել։

Եվ ես նորից եմ կրկնում, որ ՏՐԱՍԵԿԱ-ի այդ համաժողովում չի քննարկվել որեւէ հարց, որ կապ ունենար Ղարաբաղի հետ, եւ այդ փաստաթղթում էլ որեւէ հիշատակում չկա ՄԱԿ-ի որոշակի բանաձեւերի վերաբերյալ։

Ա. Ա. – Ռուսներն ասում են՝ «от дурной головы ногам покоя нет»։ Այս ամեն ինչից խուսափելու համար ընդամենը պետք էր մի փոքրիկ վերապահում ավելացնել…

Ա. Հ. – Ռուսները նաեւ ասում են՝ «каждый понимает по мере своей…»։ Մենք այդ տպավորությունը կթողնեինք։ Ընդհանուր խոսում են՝ մենք պիտի արձանագրեինք, որ դա չի՞ վերաբերվում Ղարաբաղին։

Ա. Ա. – Ռուսական թեման շարունակելով՝ «плохому танцору кое-что мешает»։

Ա. Հ. – Ռուսական ասացվածքներն ինչքան էլ շարունակենք՝ դրանից ոչինչ չի փոխվի։ Կատարվել է մի փաստ. այն ծրագիրը, որից նախորդ շրջանում Հայաստանն ընդհանրապես դուրս էր թողնված՝ այս համաժողովի շնորհիվ ընդգրկվեցինք։ Եվ այստեղ ինչ-որ տողեր եւ դրանց տակ ինչ-որ բաներ գտնել, իհարկե, կարելի է։ Բայց կարելի է նույն կերպ մեղադրել, թե ինչու Լիսաբոնում այսպես կամ այնպես եղավ։

ՄԱԿ-ում Ռոբերտ Քոչարյանի ելույթի շուրջ

Ա. Ա. – Ես գտնում եմ, որ դա միջազգային հանրության առջեւ վերջին 6-7 տարիների ամենաթույլ ելույթն է։ Որեւէ խնդիր, քաղաքական որեւէ նոր միտք չի արտահայտվել՝ բացի Ցեղասպանության ճանաչման հարցից։ Իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առումով այն մի քանի քայլ նահանջ էր նույնիսկ իմ կոպենհագենյան ելույթից, եւ դա կարելի է ուղղակի տեքստային համեմատությամբ ապացուցել։ Նոր բան չի ասվել։

Այո, առաջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հնչեց Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարցը, բայց բազմիցս ասել ենք՝ յուրաքանչյուր հարց արծարծելիս պետք է նպատակ ունենաս՝ ինչի՞ համար ես այդ հարցն արծարծում, որոշակի ի՞նչ խնդիր ունես լուծելու։ Օրինակ՝ երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն օրակարգում հարց ներառեց Օսմանյան կայսրության 700-ամյակը տոնելու վերաբերյալ՝ մեր պատվիրակությունը հայտարարեց, որ կտրականապես դեմ է, քանի որ հենց այդ կայսրությունն է իրականացրել Ցեղասպանությունը։ Սա փաստարկ էր տոների ցուցակից հոբելյանը հանելու նպատակին հասնելու համար։

Իսկ Ցեղասպանության կանխարգելման եւ այն պատժելու մասին կոնվենցիայի 50-ամյակի բանաձեւն առաջադրել է Հայաստանի ԱԳՆ-ն անցած տարվա դեկտեմբերին եւ ընդունվել է Ժնեւի Մարդու իրավունքների հանձնաժողովում։ Այնպես որ, ուղղակի պետք է ավելի սկզբունքային լինել, եւ եթե նախորդ իշխանությունը քննադատվում է Ցեղասպանության հարցը չարծարծելու համար, այդ համաժողովում պետք էր պնդել եւ պահանջել, որ ՄԱԿ-ը ճանաչի հենց Հայոց Ցեղասպանությունը։

Ա. Հ. – Պրն Արզումանյանը բավական ինքնատիպ է իր այն հայտարարությամբ, թե ոչ մի նորություն չկար ՄԱԿ-ի այդ ելույթում։ ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցիչը եւ ԱԳ նախարարը, որ էլի երկար ժամանակ աշխատել են պրն Արզումանյանի հետ՝ լրիվ հակառակ կարծիքն ունեն։

Ա. Ա. – Դե՜, ներկայիս արտգործնախարարը շատ հաճախ է կարծիքը փոխում։

Ա. Հ. – Այդպես չեմ կարծում։ Ուղղակի պետք է երեւի հակված լինել լսել ՄԱԿ-ում երկար ժամանակ աշխատած մարդկանց։ Նրանք գտնում են, որ այդ ելույթը շատ մեծ ընդունելություն է գտել։ Եվ երեւի դրա արտահայտությունն էր, որ այդ ելույթից անմիջապես հետո Հայաստանի անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը, ըստ պրն Աբելյանի՝ աննախադեպ քանակի երկրներ մասնակցեցին, մոտ 120, եթե չեմ սխալվում, մեծ մասն արտգործնախարարի մակարդակով եւ բոլորի կողմից հենց այնտեղ դա ընդունվել էր որպես շատ լուրջ եւ հայեցակարգային ելույթ։ Եվ ինձ թվում է, որ այդ ելույթը նաեւ իր մեծ դերն ունեցավ այն բանաձեւի ընդունման հարցում, որի նախապատրաստությունը պրն Արզումանյանը սկսել էր արտգործնախարար եղած ժամանակ։

Ա. Ա. – Դուք այնպիսի բաներ նշեցիք, որ ես ուղղակի պարտավոր եմ անդրադառնալ։ Դիվանագիտական ընդունված կարգ է, որ եթե երկրի ղեկավարի մակարդակով ընդունելություն է կազմակերպվում, ապա մասնակցությունը պարտադիր է։ Չգնալը «վատ տոնի» արտահայտություն կընկալվեր։ Այնպես որ, գլխաքանակով չեն հաշվում երկրի ղեկավարի հանդեպ հարգանքը։

Ա. Հ. – Դուք էլ գիտեք, որ մանավանդ 1996-ի ընտրություններից հետո մասնակից երկրների քանակը խիստ սահմանափակվել էր եւ միջազգային համաժողովներ շատ են եղել, որտեղ հենց «վատ տոնով» բոյկոտի նշաններ են եղել։

Ա. Ա. – 1996-ից հետո ՄԱԿ-ում մեկ այդպիսի ընդունելություն է եղել՝ իմ ելույթից հետո, որին նույն քանակությամբ դիվանագետներ են մասնակցել, ինչպես այժմ։

Հայ դատն ու պահանջատիրությունը վտանգավո՞ր են որպես պետական քաղաքականություն

Ա. Հ. – Սա գուցե Հայաստանի կամ Սփյուռքի ներքին օգտագործման համար հայտնի եւ հասկանալի բառապաշար է, բայց դիվանագիտության եւ քաղաքականության մեջ ես կխուսափեի այդ տերմիններով խոսելուց։ Քաղաքական որոշակի խնդիր է դրվել՝ Ցեղասպանության ճանաչումը, որին հետամուտ ենք լինելու։ Եվ չեմ կարծում, որ դա ինչ-որ կապ ունի բոլորի հետ թշնամանալու կամ այն կանխատեսումների հետ, թե հիմա մեզ բոլորը պատերազմ կհայտարարեն։ Այդ նույն ճանապարհը միայն մենք չենք անցել։ Բերենք թեկուզ Իսրայելի օրինակը, որը նույնպես անցավ այդ ճանապարհը, եւ չեմ կարծում, թե դրանից տուժեց։ Ընդհակառակը՝ շատ հզորացավ եւ հրեական Ցեղասպանության ճանաչումն, իմ կարծիքով, Իսրայելի արտաքին քաղաքականության մեծագույն հաջողություններից մեկը լինելով՝ ամենօրյա արտաքին քաղաքականության մեջ այդ պետությանը շահեկան դիրքում է դնում շատ պետությունների հետ հարաբերություններում։ Կարծում եմ, որ նույնը կլինի մեզ հետ։

Եվ հենց այս տեսանկյուններից է նախագահ Քոչարյանն արծարծել Ցեղասպանության ճանաչման քաղաքական խնդիրը։ Ես նույնիսկ դա չէի կապի միայն հայ-թուրքական հարաբերությունների հետ։

Ա. Ա. – Հրեական Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ամենեւին չի կարելի համարել Իսրայելի պետական քաղաքականության հաջողությունը, որովհետեւ Իսրայել պետությունը 1948-ին ստեղծվեց այդ դատապարտման հետեւանքով։ Սիոնիստական 100-ամյա շարժման արժեք եւ հաղթանակ գուցեեւ կարելի է անվանել։

Այսինքն՝ այդ զուգահեռը կարելի է տանել եւ մինչ Հայաստանի անկախացումը կուսակցությունների, շարժումների կողմից այդ հարցի արծարծման հետ։ Օրինակն այդքան էլ կոռեկտ չէր։ Ոչ կոնվենցիոնալ էր, ինչպես Վարդան Օսկանյանը կասեր։

Որքանո՞վ է հիմնավոր Օսկանյանի այն տպավորությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր, փաթեթային սկզբունքով առաջարկներ է ներկայացնելու

Ա. Ա. – Պարզ պատճառներով ես այսօր այդքան տեղեկացված չեմ գործընթացի մասին։ Համանախագահող դեսպանների հետ իմ կապերը պահպանվում են, պարբերաբար զրուցում ենք եւ գիտեմ, որ այսօրվա դրությամբ որեւէ նոր առաջարկ դեռ չկա։ Կլինեն, թե չէ՝ հավանաբար ցույց կտա սպասվելիք այցելությունը տարածաշրջան։

Ա. Հ. – Գրավոր ձեւակերպված նոր առաջարկներ չկան։ Բայց ես համոզված եմ, թե որպես այս հարցում լավագույն փորձագետներից մեկը՝ պրն Արզումանյանը եթե ներկա լիներ համանախագահողների վերջին այցի ժամանակ Քոչարյանի հետ հանդիպմանը՝ նույն տպավորությունը կունենար, ինչ Վարդան Օսկանյանը։ Իսկապես, իմ տպավորությունն էլ է այդ։ Եվ շատ ժամանակ չի մնացել։ Բավական կարճ ժամանակից հետո կարող ենք այս հարցին նորից անդրադառնալ եւ կտեսնենք, թե Վարդան Օսկանյանի տպավորությունը որքանով էր ճիշտ։ Իմ կարծիքով՝ 100 տոկոսով ճիշտ է։

«Ազատություն» ռ/կ-ով հեռարձակված այս բանավեճը վարել եւ «Առավոտի» համար թերթային տարբերակը պատրաստել է

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30