Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՕԴԻՑ ԷԻ ՀԱՅՏՆՎԵԼ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ»

Նոյեմբեր 07,1998 00:00
Vahe Davtyan

Խոստովանում է նախկին հարկային տեսուչը՝ նկատի ունենալով իր՝ պոպ-երգչի անակնկալ ու չծրագրավորված «հայտնությունը»։ Ու չնայած Վահե Դավթյանը օդից «Արձագանք» ստուդիայում հայտնվեց, բայց չի սիրում, երբ իրեն նույնացնում են «Արձագանքի» երգիչ-երգչուհիների հետ։ Համոզված է, որ ինքն ուրիշ է եւ «ինչ-որ պահից սկսած իբրեւ անհատականություն առանձնացել է»։ Իրենց հարաբերություններն ինքն այսպես է բնորոշում. «Ես «Արձագանք» ստուդիայի երգիչ չեմ, ես ուղղակի համագործակցում եմ «Արձագանքի» հետ»։ Իսկ առաջին հարցս այսպիսին էր՝ շոու-բիզնեսում օդից հայտնվածների համար կա՞ «գնալու տեղ», ու դրանք չե՞ն ճնշում ստեղծագործողի անհատականությունը։

– Կան կայացած ստուդիաներ, այլ կառույցներ, բայց այն ստեղծողը մեկն է կամ մի քանիսը, ովքեր այսպես թե այնպես թելադրում են քեզ խաղի իրենց կանոնները, թեկուզ հենց ստեղծագործական առումով։ «Արձագանքն» այդ տեսակետից ավելի ազատ է։

– Իսկ այդ «օդից հայտնվածների» համար ավելի հեշտ ու շահավետ է միայնակ «խաղա՞լ» շոու-բիզնեսում, թե՞ ստուդիաներում, երգի թատրոններում։

– Իհարկե, վերջին տարբերակը, հատկապես սկզբնական շրջանում, շատ ավելի նախընտրելի է։ Միայնակ բեմ դուրս գալն ահռելի աշխատանք է պահանջում, իսկ խմբով շատ ավելի հեշտ է ամեն ինչ։

– Հիմա քո ստեղծագործական կյանքում ո՞ր մասն է ապահովում «Արձագանքը», ո՞րը՝ դու։

– Կոնկրետ օրինակով բացատրեմ։ Տեսեք, հիմա ես նախապատրաստում եմ իմ նոր ձայնասկավառակի եւ ձայներիզի թողարկումը, երեւի ամսվա վերջին պատրաստ կլինի, իսկ դեկտեմբերի 5-6-ին մենահամերգներով հանդես կգամ։ «Արձագանքը» ապահովում է կազմակերպչական հիմնական աշխատանքները։ Ձայնասկավառակս ԱՄՆ-ում նրա միջնորդությամբ է պատրաստվում։ Համերգի հարցում զբաղվում է դահլիճի, տեխնիկայի ապահովմամբ, տոմսերի վաճառքով։ Մնացած հարցերը ես եմ լուծում տարբեր կազմակերպությունների, անհատների, խմբերի հետ՝ համապատասխան փոխհատուցմամբ։ Ես ունեմ նման հնարավորություն։

– Ֆինանսակա՞ն։

– Ոչ միայն, շոու-բիզնեսում անհնար է միայն ֆինանսներով որեւէ բանի հասնել՝ չնայած դա անհրաժեշտ պայման է։ Պետք է ընկերական շրջապատ ունենալ, շոու-բիզնեսում քո նկատմամբ համակրանք։

– Իսկ շահույթը ո՞նց եք կիսում։

– Դա արդեն զուտ խոհանոցային խնդիր է, որի մասին չեմ ուզում բարձրաձայն խոսել։

– Հնարավո՞ր է Հայաստանում շոու-բիզնեսում լավ փողեր աշխատել։

– Միանշանակ հնարավոր է։

– Իսկ դու պահանջարկ ունեցո՞ղ «ապրանք» ես։

– Կարծում եմ, որ՝ այո։ Նախ, ստեղծագործական առումով նորություն եմ, համագործակցում եմ շատ կոմպետենտ մարդկանց հետ։ Ինչ վերաբերում է հանրաճանաչությանը, ասենք՝ համերգին մարդ հավաքելուն, ապա այս առումով էլ կանխատեսումը բարի է։

– Այդ լավատեսությունդ հիմք ունի՞։ Մենահամերգներ ունեցե՞լ ես։

– Այո, այս ամառ երկու հաջող մենահամերգ եմ ունեցել Արտաշատում եւ Արարատում։

– Ինչպե՞ս կգնահատես Հայաստանի շոու-բիզնեսի վիճակը, ասենք՝ միջազգայինի հետ համեմատած։

– Հայաստանի շոու-բիզնեսը համեմատել միջազգայինի հետ՝ նույն է, թե Հայաստանի դեմոկրատիան համեմատել միջազգային դեմոկրատիայի հետ։ Մենք մեր զարգացմամբ դեռ չենք հասել որոշակի ձեռքբերումների։ Հայաստանն այս գործում պիտի ունենա զուտ իր խաղի կանոնները։ Փոքր երկրի առանձնահատկություններն այլ պահանջներ են թելադրում։

– Բեմական կերպար ասվածը ընդունո՞ւմ ես, թե՞ բեմ ես դուրս գալիս այնպես, ինչպես առօրյա կյանքում ես։

– Մինչեւ հիմա մեծ ուշադրություն չեմ դարձրել դրան։ Բայց առաջիկա մենահամերգը ուրիշ կլինի, այսինքն՝ կլինի հստակ ընտրված հագուստ, պահվածք։

– Իսկ առօրյա կյանքում, որպես «հայտնի դեմք», ուշադի՞ր ես արտաքինիդ, հագածիդ նկատմամբ, թե՞ քեզ էլ է հատուկ այդ հարցում հայ տղամարդուն բնորոշ անփութությունը։

– Չգիտեմ, թե որքանով է դա հատուկ հայ տղամարդուն, բայց, կարծում եմ, որ այդ անփութությունը մեջս կա։ Ճիշտ է, տնից դուրս գալիս նայում եմ, որ շորերս փոշոտ, պատռված չլինեն։ Նախընտրում եմ մազերս այնքան կարճ կտրել, որ սանրվելու կարիք չլինի, որովհետեւ ալարում եմ սանրվել։

– Ալարկո՞տ մարդ ես։

– Իմ աշխատանքը շատ սիրում եմ ու իմ աշխատանքի մեջ շատ աշխատասեր եմ։

– Երգելը քեզ համար աշխատա՞նք է։

– Ես արհեստավարժ երգիչ եմ (ծիծաղում է – Մ. Ս.)։

– Երբեւէ փող աշխատելու համար հարսանիքում կամ ռեստորանում երգե՞լ ես։

– Չէ։ Եղել է, որ ռեստորանում երգել եմ ու փող եմ ստացել, բայց փող աշխատելու համար չեմ երգել։ Գնացել էի Ջերմուկ ընկերներիս մոտ հանգստանալու, իրենք ռեստորանում երգում էին, ես էլ երգեցի մի երկու անգամ։

– Ինչքա՞ն փող աշխատեցիր։

– Մի երգի համար 50 դոլար էի ուզում։ Այդ երկու շաբաթվա ընթացքում ավելի շատ փող աշխատեցի, քան չորս տարի բեմերից երգելով։

– Ու չհամոզվեցիր, որ ավելի լավ է ռեստորանում երգելը։

– Եթե ինձ փող աշխատելը միայն հետաքրքրեր, երաժշտությամբ չէի զբաղվի։ Ես շա՜տ «գեղեցիկ» պաշտոն ունեի՝ դրանից բխող «գեղեցիկ» հետեւանքներով (աշխատել է հարկային տեսչությունում։ – Մ. Ս.)։

– Միայն քո գրած երգերն ես կատարում։ Այլ հեղինակի երգեր չե՞ս ուզում երգել։

– Շատ եմ ցանկացել, որ երգացանկումս մի երկու երգ լինի Սայաթ-Նովայից, շատ եմ սիրում, բայց ինչ-որ բանի պիտի հասնեմ, որ դա ինձ թույլ տամ…

– Ախր շա՜տ ես բարձրահասակ։ Գեղեցիկ սեռի հետ հարաբերություններում դա երբեւէ խանգարե՞լ է։

– Այդ առիթով մի գեղեցիկ սկզբունք ունեմ՝ անկողնում բոլորը հավասար են։

– Իսկ անկողնում դու լա՞վն ես։

– Այդ հարցին ես չպիտի պատասխանեմ։ Հիմա քեզ լիքը հեռախոսահամարներ կտամ, կզանգես, կհարցնես։

– Հեռախոսահամարների տիրուհիները չե՞ն խոստովանել քեզ այդ մասին։

– Ճիշտն ասած, աղջիկներին ու նրանց ասածներին չեմ հավատում։

– Եվ շա՞տ են աղջիկները քո կյանքում։ Քանի՞ ամիսը մեկ ես ընկերուհի փոխում։

– (Զսպված ծիծաղ։ – Մ. Ս.)։ Այդպես չեմ կարող ասել, որովհետեւ (էլի ծիծաղ, բայց՝ անզուսպ։ – Մ. Ս.)… եթե հիմա կյանքս նորից սկսվեր, կուզենայի մեկը լիներ ու ամեն ինչ տայի այդ մեկին։

– Վատ սովորություններ ունե՞ս, թե՞ առողջ ապրելակերպի կողմնակից ես։

– Ալկոհոլային խմիչքների նկատմամբ թուլություն ունեմ, բայց երբեք չեմ չարաշահում, երբեք թմրամոլ չեմ եղել՝ չնայած երիտասարդությանս արշալույսին օգտագործել եմ ինչ-որ թմրամիջոցներ։ Կանանց նկատմամբ թուլություն ունեմ, բայց դա թուլություն չեմ համարում, ընդհակառակը՝ ուժեղ գիծ է։ Իմ կարծիքով Աստված ոչ թե ինձ է ստեղծել կնոջ համար, այլ կնոջը ինձ համար։

– Արտասահմանում աշխատելու ցանկություն չունե՞ս։

– Չէ, այստեղ ես տեր եմ, ու չեմ ուզում լինել «խալխի նոքար»։ Չեմ ուզում ուրիշ պետությանը հարկ վճարել…

– … Իսկ իբրեւ Հայաստանի քաղաքացի պարտաճանա՞չ հարկատու ես։

– Ես նախկինում հարկային տեսուչ եմ եղել ու շրջանցելու բոլոր սողանցքերը գիտեմ։

Հարցազրույցը վարեց ՄԵՐԻ ՍԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30