Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԹՎԵՐ

Դեկտեմբեր 10,1998 00:00
mardahamar

Լավ ու վատ թվեր չեն լինում։ Չեն լինում նաեւ ուրախ եւ տխուր թվեր։ Թվաբանությունն ինքնին զվարթ կամ մռայլ գիտություն չէ։ Թվերը որոշակի չափ են արձանագրում։ Հենց այդ չափն էլ արդեն կարող է ուրախ կամ տխուր լինել։

Տաղ վասն մարդահամարի

Եկող տարի նախատեսվում է մարդահամար անցկացնել։ Եվ հնարավոր է, որ անցկացվի։ Եթե մարդահամարի անցկացումը, կիրառվող մեթոդները արժանահավատ լինեն, չի բացառվում, որ եկող տարի կիմանանք հանրապետության բնակչության ճշգրիտ թիվը։ Իսկ այսօր հայտարարվում է, որ հանրապետությունն ունի 3 մլն 794.400 բնակիչ։ Սակայն ըստ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից իրականացվող՝ մեկնողների եւ ժամանողների հաշվառման արդյունքների տվյալների, 1992-1997 թթ. եւ 1998 թ. 9 ամիսներին հանրապետությունից մեկնողների թվաքանակն ավելի քան 630 հազար մարդով գերազանցել է ժամանողների թվաքանակը։ Այսինքն՝ ՀՀ-ն պաշտոնապես ունի 3 մլն 164 հազար 400 բնակիչ։

Հիմի է՞լ լռենք, եղբայր, հի՜ի՜ի՜մի էլ

Բնակչության եկամուտներն այս տարվա ինն ամիսներին կազմել են մոտ 374 մլրդ դրամ։ Նույն ժամանակահատվածում բնակչությունը ծախսել է 372 մլրդ դրամ։ Փաստորեն պաշտոնական տվյալներով բնակչությունն արդեն սկսել է խնայողություններ կուտակել։ Եթե շարունակենք հավատալ պաշտոնական լրատվությանը՝ մեր երկրում մեկ բնակչի հաշվով ամսական ծախսվում է մոտ 25 դոլարին համարժեք դրամ։ Սա այն դեպքում, երբ նույն պաշտոնական տվյալներով հանրապետության աշխատող բնակչության միջին աշխատավարձը մոտ 32 դոլար է։ Պաշտոնապես փաստորեն հայտարարվում է, որ ողջ բնակչությունն աշխատում է՝ թոշակառուներ ու երեխաներ համարյա չկան։ Այլապես անհնար է, որ յուրաքանչյուր 32 դոլար ստացող ծնող իր յուրաքանչյուր երեխայի համար 25 դոլար ծախսի։

Հին ու բարի ժամանակների ոգով

Վիճակագրությունը կարող է նաեւ հաճելի հուշեր արթնացնել։ Նման կարգի ինֆորմացիան վայել չէ նսեմացնել անհարկի մեկնաբանություններով։ Այդ կարգի ինֆորմացիան վայել է ըմբոշխնել բնական վիճակում, առանց ավելորդ բառային համեմունքների։ «Մեկ կովի կաթնատվությունը կազմել է 1387 կգ (1997 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 9 կգ-ով)»։ «Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքին զուգընթաց, հանրապետությունում շարունակվում են հացահատիկային մշակաբույսերի աշնանացանի աշխատանքները»։ «Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 15 ցենտներ, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի՝ 13,1 ցենտների դիմաց»։ «Նախորդ տարվա համեմատությամբ մսամթերումն ավելացել է 1,9 տոկոսով, ձվարտադրությունը՝ 2,8 տոկոսով»։ «Շահագործման են հանձնվել 123,5 հազար քառ. մետր ընդհանուր (օգտակար) մակերեսով բնակելի շենքեր կամ 1997 թ. հունվար-սեպտեմբերին գործարկված մակերեսի 110 տոկոսը»։

Հայերին չեն սիրում, էլի՜

Դժվար է ասել, թե ինչ պատճառով, սակայն այս տարի պակասել են Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները։ Հնարավոր է, որ մեզ օգնող երկրներում էլ են կարդում մեր երկրում անշեղորեն ընթացող բերքատվության, կաթնատվության (նաեւ՝ ձվատվության) աճի մասին տեղեկանքները։ Կարդում են ու էլ չեն ուզում օգնել։ Այս տարի ինն ամիսների ընթացքում ստացվել է 63,1 մլն դոլարի հումանիտար օգնություն. «1998 թ. հունվար-սեպտեմբերին 1997 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ մարդասիրական օգնության ծավալը կրճատվել է 16,9 տոկոսով»։ Նշենք նաեւ, որ օգնություն տրամադրող երկրների ցանկը մնացել է նույնը, հիմնականում՝ ԱՄՆ, Իտալիա, Ճապոնիա, Գերմանիա։

Անուրախ ժողովրդագրություն

Տնտեսական աննախադեպ վերելք արձանագրող պաշտոնական վիճակագրությունն արդյունաբերության 0,6 տոկոս, գյուղատնտեսության 12 տոկոս, համախառն ներքին արդյունքի 7 տոկոս աճ գրանցելուց բացի, ցավոտ տվյալներ էլ է արձանագրում։ Հանրապետությունում կտրուկ նվազել է ամուսնությունների թիվը (նախորդ տարվա համեմատությամբ 14,2 տոկոսով)։ Այս հարցի մասին մի քանի տարի գրում են մասնագետները։ 90-ականների էմիգրացիոն պրոցեսներն ուսումնասիրողներն անընդհատ փորձում են հասարակական ուշադրության արժանացնել այն փաստը, որ հանրապետությունը լքում են հիմնականում երիտասարդ աշխատունակ մարդիկ։ Սա կարող է դառնալ ժողովրդագրական լուրջ ցնցումների պատճառ։ Այն առաջին հերթին բացասական ազդեցություն կունենա բնակչության վերարտադրման ոլորտում։ Այս հարցը հատկապես խիստ սրվում է այսօր, որովհետեւ կենսամակարդակի անկումը, առողջապահության համակարգի «բարեփոխումները» իսկապես ցավալի արդյունքների են հանգեցրել։ Այս տարի, նախորդ տարվա համեմատ, կտրուկ աճել է մանկական մահացության ցուցանիշը։ «Եթե 1997 թ. մինչեւ մեկ տարեկան հասակում մահացած երեխաների թիվը (1000 ծնվածի հաշվով) կազմել է 14,4, ապա 1998 թ. հունվար-սեպտեմբերին այս ցուցանիշը կտրուկ աճել է եւ կազմել 15,9»։ Սա արդեն այն հարցն է, որ իսկապես որեւէ մեկնաբանության կարիք չունի։ Դժվար թե որեւէ բժիշկ համարձակվի առողջ համարել մնացած 984-ին։ Իսկ այս դեպքում ցանկացած լուրջ երեւույթ (պետություն, ազգ եւ այլն) պարզապես արժեզրկվում է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Այս տարի «արձանագրվել են նաեւ կաշառակերության 15 դեպքեր»։ Նախորդ տարվա 28-ի փոխարեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031