Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եք այդքան անհավատ, պրն Սիրադեղյան

Դեկտեմբեր 25,1998 00:00
Vano

Այս փոքրիկ հոդվածը չէր գրվի, եթե չլիներ պրն Վանո Սիրադեղյանի «լավ մոնտաժված» հեռուստաելույթը։ Եվ հետո, «Առավոտում» իմ կարիերան չեմ ուզում ավարտել «գյուղատնտեսական» թեմատիկայով։ Պրն Սիրադեղյանը լավ հիշողություն ունի եւ հավանաբար կհիշի, որ ես իր արձակի երկրպագուն եմ։ Զիլ էր հեռուստաելույթում հնչած այն միտքը, թե «պրոլետարական տափաստանի» բնակիչ, տաղանդավոր ու «դուխով» երիտասարդը կարող է ցանկ կազմել, իր ռեալիստական, «երրորդ» տեղը գտնել հայ արձակում եւ չսխալվել։

Հայ արձակը գլխավորող եռյակի առաջին դեմքից սովետահայ սերունդը հայրենասիրության դասեր է քաղել, երրորդ տեղը գրաված Վանո Սիրադեղյանից՝ սոցիալական արդարության։

Ելույթից հասկացանք, որ այսպիսի գրող չի լինում, եւ Վանո Սիրադեղյանը վաղո՜ւց արդեն այն գրողը չէ, ինչքան էլ հայտարարի, թե «կարող ա մի հատ վեպ գրեմ»։ Եթե գրի էլ, կլինի վա՛տ վե՛պ։ Հիմա, նրա եւ Վազգեն Սարգսյանի երեք րոպեանոց «զրույցի» մասին, որը «շրջեց աշխարհը»։

Ինչո՞ւ եք այդքան արհամարհում ընտրողներին. չէ՞ որ նրանք ձեր երեխաներն են նաեւ, ձեր ազգականներն ու ընկերները։ Եթե, ինչպես ասում եք, նախագահը «հոգնած էր ու սպառված», մարդկային ու բարոյական ինչ իրավունքով «հոգնած ու սպառված մարդուն» դրեցինք երկրի գլխին։ Եվ մի՞թե այս երկու տարվա ընթացքում չհասկացաք, որ 96 թ. ոչ թե դուք «կամպանիան վատ ծավալեցիք», այլ ժողովուրդը ձեզ եւ նախագահին չէ՛ր սի՛-րում, չէր ու-զում։ Այնքան չէր սիրում, որ իր ձայնը տվեց Վազգեն Մանուկյանին, որին չէր էլ ճանաչում եւ շատ չէր ուզում, ինչպես 98 թ. ցույց տվեց։

Երբ պրն Սիրադեղյանը մի քանի անգամ տղամարդու խոսք տվեց ու այդպես էլ հարցազրույցը չվերադարձրեց, հեռախոսով ինձ ասաց. «Ինչո՞ւ ես այդքան կասկածամիտ, չէ որ երեխաներ ունես»։ Ես ինձ իրավունք եմ վերապահում հարցնելու. «Ինչո՞ւ եք այդքան անհավատ»։

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031