Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվար 03,1999 00:00
dimak

Մեկ տարի անց

Այսօր լրացավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեկ տարին։ Կուսակցությունների ներկայացուցիչները փորձում են գնահատել անցած ժամանակահատվածը։ «Առավոտի» խնդրանքով ՀՅԴ, ՀԿԿ եւ «Ազգային անվտանգություն» կուսակցությունները փորձում են կշեռքի նժարին դնել մեկ տարվա տարածն ու բերածը եւ պարզել՝ իշխանափոխություն որպես այդպիսին իրո՞ք տեղի է ունեցել, թե՝ փոխվել են միայն անձերը։

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

armen rustamyan

 

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, փոխներկայացուցիչ.

Մեր կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը 1998-ի փետրվարի 3-ին օրինաչափ էր եւ բնական, որովհետեւ ճգնաժամն այն աստիճան հասունացել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը բնական էր եւ վաղուց հասունացած։ Հենց այդպիսով եւ այնուհետեւ նախագահական արտահերթ ընտրություններով սկիզբ դրվեց իշխանափոխության։ Իշխանափոխությունն այն ուղեգիծն էր, որը փոխվեց։ Այդ ուղեգիծը մեր գնահատմամբ եղել է ապազգային եւ հակաժողովրդական։ Երկիրը նախընտրեց քաղաքական զարգացումների նոր ուղղություն եւ այս առումով մեր պատկերացումներին համահունչ էր։

Նրանց գաղափարախոսությունն, ըստ էության, կոսմոպոլիտիզմն էր, աշխարհաքաղաքացիությունը, եւ այդ բռնած ճանապարհը մեզ հանգեցնելու էր այն հետեւանքներին, որոնց մենք ականատես եղանք։ Իշխանափոխությունն իր էությանը համապատասխանեցնելու համար անհրաժեշտ էին քայլեր։ Այստեղ է, որ մենք որոշակի մտահոգություններ ունենք, որ այդ քայլերն այն ինտենսիվությամբ եւ վճռականությամբ չեն կատարվում, ինչպես մենք կուզեինք տեսնել։ Դա առաջին հերթին ե՛ւ անցած ռեժիմի ընդհանուր ժառանգությունից ազատվելն է, որի համար անհրաժեշտ էին համակարգային փոփոխություններ եւ սոցիալ-տնտեսական զարգացումների նոր փուլ էր անհրաժեշտ սկսել, նաեւ՝ ժողովրդական մյուս ինստիտուտների ստեղծման գործընթացը։ Եթե մենք ուզում ենք էապես ազգային պետություն, իրավական, սոցիալական պետություն ստեղծել, անհրաժեշտ է այդ քայլերն անպայման կատարել։ Բայց պետք է հաշվի առնել, որ ժողովուրդը գտնվում էր այնպիսի ծանր վիճակում, որ շատ մեծ ժամանակ այս իշխանությունները չունեին։

Ժողովուրդն ակնկալում է արագ փոփոխություն տեսնել։ Եվ այս առումով է, որ մենք ակնկալում էինք վճռական քայլեր։ Բարեփոխումների ընթացքը կարագանար եւ կհամապատասխաներ օրենքներին։ Ընթացքը բավական դանդաղ էր եւ այս առումով անցած տարին որոշակի մտահոգությունների տեղիք տվեց։ Սոցիալ-տնտեսական բարեփոխումները սկսեցին իրականանալ, բայց դրանք այնքան չեն, որ ժողովուրդը զգա դրանք։ Ահա այս առումով էլ պետք է կատարվեն քայլեր, որ իշխանափոխության էությանը համապատասխանեցվի։

ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ

Isagulyan

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ.

Իշխանափոխություն որպես այդպիսին չի եղել։ Կա նույն ռեժիմի շարունակությունը, ուղղակի անուններն են փոխվել։ Ընդ որում, ոչ միայն պաշտոնատար անձանց անունները, այլեւ՝ իշխող կուսակցությունների անվանափոխություն։ Իսկ իշխանության կամ գործունեության ոճի փոփոխություն թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ տնտեսության բնագավառներում չկա։ Ներկա իշխանությունները, երիտասարդ, այսպես կոչված արհեստավարժ կադրերը աշխատելով բյուջեն լցնել, միայն մի ճանապարհ են ընտրել, այն է՝ պետությունը մաս-մաս աճուրդի հանելը։ Սա շատ կործանարար է, եւ դրա հետեւանքները շատ շուտով կզգացվեն մեր հետագա սերունդների վրա։ Այնպես որ, բացասական առումով դա միակ փոփոխությունն է։ Եթե նախկինում սեփականաշնորհումը ինչ-որ ձեւով, թալանի ձեւով տեղի էր ունենում, բայց տեղի էր ունենում Հայաստանի քաղաքացիների միջեւ վերաբաշխում, հիմա արդեն սկսվել է պետական ունեցվածքը, ժողովրդական ունեցվածքը աճուրդի հանվել նաեւ օտար մեծահարուստներին։ Հայաստանի ժողովրդին սկսում են կախման մեջ գցել օտար մենատերերի քմահաճույքներից։ Սա ամենավտանգավորն ու ամենավատն է, որը տեղի է ունենում։

ՍԵՐԳԵՅ ԲԱԴԱԼՅԱՆ

Sergey Badalyan

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար.

Երբ որ իշխանափոխությունը նորմալ կերպով է անցնում, երբ որ հաշվի են առնվում ոչ թե ներարքունիքյան գզվռտոցները, այլ ժողովրդի դժգոհությունը, այսինքն, երբ որ այդ իշխանափոխությունը տեղի է ունենում ժողովրդի ցանկությունների հիման վրա, այդ ժամանակ ամեն ինչ նորմալ է ընթանում։ Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վախճանը պարզ էր բոլորին եւ ՀՀՇ-ի գաղափարախոսության պարտությունն էր նշանավորում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Ցավոք այդ հոգեւարքը դեռ երկար է տեւելու։ Բոցկլտումներ են լինում ոնց որ ասենք Վանո Սիրադեղյանի հետ կապված։ Դա սովորական հրաժարական չէր, դա հեղաշրջում էր։ Ինքը՝ Տեր-Պետրոսյանը, եթե հիշում եք, ասաց. «Ես հեռանում եմ ձեզ հայտնի ուժերի ճնշման ներքո»։

Բայց որպես մի մարդ, որը երդում է տվել պահպանել Սահմանադրությունը, երկրի օրենքները, նա պարտավոր է պայքարել, թույլ չտալ, որ իրեն զրկեն այն իշխանությունից, որը նա ստանձնել է։ Փաստորեն, ինքը դրանով իր մասնակցությունն էր բերում այդ հեղաշրջմանը։ Եկան դեմքեր, որոնք շատ քաջածանոթ էին, եւ բնականաբար, իրենց հին արմատներից ձերբազատվելը շատ դժվար էր։ Հենց այդպիսի հակասականությունը հատուկ է այս մեկ տարվա գործողություններին։ Այսօրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեության մեջ, մի կողմից չեմ ուզում բացառել, որ ցանկություն եղել է ինչ-որ բան շտկելու, բայց մյուս կողմից պարտավորություններն այնքան մեծ են եւ կապն այնքան խորն է, որ անգամ, տեսնում եք, ամենապարզ հարցը չկարողացան լուծել։ Այդպիսի իշխանության թերացումը, թուլացումը էլ ավելի վատթարացրին մեր երկրի վիճակը։ Ոչ մի լավ բանի չի բերի, առավել եւս, կրկնում եմ, որ Ռ. Քոչարյանի գահակալումը ուղեկցվեց նույն գործող Սահմանադրության կոպիտ խախտումներով։

Բարոյահոգեբանական վիճակը երկրում շատ ծանր է, սոցիալ-տնտեսական իրավիճակի շտկման երանգներ անգամ մենք չենք զգում։ Իհարկե, օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ որոշ քայլեր փորձում են անել, բայց դրանք համակարգված չեն, որովհետեւ այդ փոփոխությունները փորձում են իրականացնել հին, ՀՀՇ-ական համակարգի շրջանակներում, եւ ոչ մի բան չի ստացվում։ Եվ ամեն ինչ պատնեշվում է, ամեն ինչ փակուղի է մտնում։ Վերաբերում է դա Ղարաբաղի հարցին, տնտեսական բարեփոխումներին նոր երանգ տալուն, եւ ամեն անգամ հայտնվում ենք այնպիսի վիճակում, որ դա առաջացնում է ժողովրդի ամենածայրագույն դժգոհությունը։ Ժողովուրդը չի կիսում այսօրվա իշխանությունների հոգսերը, չի ուզում կիսել։ Կա մեծ անջրպետ ժողովրդի եւ իշխանության միջեւ։ Դա կար եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, այսօր, ցավոք սրտի այդ անջրպետը էլ ավելի խորացել է։ Վերջին իրադարձությունները, երբ Ռոբերտ Քոչարյանն անգամ ի վիճակի չեղավ արդարությունը հաստատել գոնե այս գործում, սա, իհարկե, հղի է ապակայունացմամբ, հղի է այնպիսի ծանր հետեւանքներով, որոնք բազմապատկվելու են, հաշվի առնելով ԱԺ-ի գալիք ընտրությունները։

Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728