Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են

Փետրվար 24,1999 00:00
Vahan Hovhannisyan

Եվ այս փաստն ընդունում է նույնիսկ Վահան Հովհաննիսյանը

Նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը երեկ հանդիպեց Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների հետ։ Ի սկզբանե ասենք, որ պրն Հովհաննիսյանը խտրականություն էր դրսեւորել նրանց նկատմամբ։ Ինչպես մեզ հայտնեց «Եզդիխանա» հասարակական քաղաքական կազմակերպության ղեկավար Սիաբանդ Բաքոյանը, պրն Հովհաննիսյանի աշխատակազմը մերժել է այդ հանդիպման հիմնական նպատակը, որը փոքրամասնություններին Կորյունի փողոցում տրամադրվող տարածքի հարցի վերջնական լուծումն է։

Սեփականաշնորհման նախարարության կողմից առաջարկվել էր այդ շենքի 9-րդ հարկը՝ 500 քմ տարածքով։ Հայաստանի ազգությունների միություն կազմակերպությունը, որը միավորում է 10 համայնքային կազմակերպություններ, 6 «դեմ» եւ 4 «կողմ» քվեարկությամբ մերժել էր այդ տարածքը վերցնել, քանի որ, ինչպես ասաց Ազգությունների միության նախագահ Վլադիմիր Չատոեւը, այդ տարածքը վերանորոգելու համար անհրաժեշտ է 20 հազար դոլար, որն իրենց կազմակերպությունը չի կարող տրամադրել։ Վահան Հովհաննիսյանը այս խնդիրն ընդհանրացրեց՝ ասելով. «Ցույց տվեք այս երկրում մի բան, որը վերանորոգման կարիք չունի»։ Իմ կարծիքով, այդ «բանն» են նախագահի նստավայրն ու նաեւ այնտեղ գտնվող Վահան Հովհաննիսյանի աշխատասենյակը։

Ազգությունների միությունը կառավարությունից խնդրել էր տարածք, որտեղ միության անդամները կարող էին կազմակերպել իրենց կրթամշակութային կյանքը, հանդիպել ազգակիցներին։ Ըստ նրանց, Հայաստանում մնացել են հիմնականում տարեցները, որոնք չեն կարող ամեն օր բարձրանալ 9-րդ հարկ։ Այս շենքի հարցը այդպես էլ չորոշվեց, եւ պրն Հովհաննիսյանը հանդիպման մասնակից Սեփականաշնորհման նախարարության ներկայացուցչին խնդրեց հարցի վերջնական լուծումը հետաձգել եւս մեկ շաբաթով, որի ընթացքում համայնքային կազմակերպությունները կկարողանան ընդհանուր որոշում կայացնել։

Հանդիպման ընթացքում պրն Հովհաննիսյանը բարձրացրեց փոքրամասնությունների ներկայացուցիչների երկերեսանիության հարցը։ Քանի որ, իր ներկայությամբ, նախագահի նստավայրում հայտարարվում է, որ Հայաստանում ոչ մի ազգային ճնշում չկա, իսկ այլ դահլիճներում խոսվում է իրականացվող խտրականության մասին։ Պրն Հովհաննիսյանը մասնավորապես մեջբերեց նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովին ներկայացված Ազգությունների միության հաշվետվության տարբերակը, որում ասվում է, որ Հայաստանում խախտվում է 1994 թ. ԱՊՀ երկրների կողմից ստորագրված Ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող կոնվենցիան։ Այս մեղադրանքին, ըստ էության, պատասխանեց հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, նշելով, որ այդ համաձայնագրերով նախատեսվում են, ազգային փոքրամասնությունների կրթամշակութային իրավունքները, որոնք սոցիալական պատճառներով հնարավոր չէ իրագործել։ Գերմանական համայնքի ներկայացուցիչն ասաց, որ իրավունքների խախտման կոնկրետ օրինակներ գիտի։

Երբ ազգությամբ գերմանացի մի զորակոչիկ անձնագրով ներկայացել է զինկոմիսարիատ, աշխատակիցը փաստաթղթերը լրացնելիս նրա ազգության դիմաց գրել է՝ հայ, թեեւ անձնագրում նշված է եղել՝ գերմանացի։ Եվ միայն տղայի համառության շնորհիվ է այն ճշտվել։ «Մենք գիտենք նման փաստեր, սակայն չենք ներկայացնում Եվրախորհրդի կամ մյուս միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ»։ Պրն Հովհաննիսյանը հաստատելով, որ նշված փաստը ազգային խտրականության դրսեւորում է, ասաց. «Շատ իզուր, որ չեք ասում։ Լավ կանեք, որ այսուհետեւ ասեք, նրանք շատ լավ կկառչեն ձեր այդ փաստերից»։

Խոսվեց նաեւ խորհրդարանում փոքրամասնությունների կողմից ԱԺ-ում քվոտա ունենալու մասին։ Պրն Հովհաննիսյանը ներկայացրեց ցուցակ, որտեղ փոքրամասնություններին խորհրդարանում քվոտա տրված չէ։ Նշելով Լատվիայի, Լիտվայի կամ Էստոնիայի օրինակները նախագահի խորհրդականը շեշտեց, որ քվոտա չկա նույնիսկ այդ երկրներում, որտեղ բնակչության կեսն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Նրանց քվոտա իսկապես պետք չէ, քվոտա պետք է Հայաստանի փոքրամասնություններին, որովհետեւ նրանք, ըստ Եզդիների ազգային միության նախագահ Ջամալ Սադախյանի, կազմում են բնակչության 3%-ը եւ, եթե բոլորը միավորվեն, չեն կարող հաղթահարել 5%-ի արգելքը։ Պրն Սադախյանն առաջարկեց, որ ամեն կազմակերպություն պաշտպանի մի կուսակցության եւ տեղ ստանա այդ կուսակցության ցուցակում։ Ըստ մեր ունեցած տեղեկատվության, Եզդիների ազգային միությունը կպաշտպանի «Օրինաց երկրին», քանի որ Արթուր Բաղդասարյանը պրն Սադախյանին ընդունել է որպես պետաիրավականի փորձագետ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728