Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ կյանքում՝ ԿԳԲ-ի դեմ

Ապրիլ 23,1999 00:00
Artur Bagdasaryan

Ապրիլի 20-ի «Պատգամավորներն արդեն հայտնի են» հրապարակմանը հետեւած բազմաթիվ արձագանքներից մեկն էլ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանից էր։ Նա այդ հրապարակման մեջ նշված փաստերը համարում է «սուտ, հերյուրանք եւ զազրախոսություն»։

Արթուր Բաղդասարյանը մեծահոգաբար հրաժարվում է դատի տալ ինձ «ստահոդ, չփաստարկված լուրեր տարածելու համար», եւ դա այն պատճառով, որ կարեւորում է «Առավոտ» օրաթերթի դերը հայաստանյան մամուլում»։ Նախորդ հրապարակման մեջ մենք փորձելով ներկայացնել 21-րդ ընտրատարածքում տիրող ընդհանուր իրավիճակը, փորձել էինք չբացել որոշ փակագծեր։ Իսկ այժմ, մի փոքր ավելի հանգամանալից։ Նախ 1995-ի ընտրությունների վերաբերյալ 16 առաջադրված թեկնածուներից մարզային ընտրական հանձնաժողովը հաստատեց ընդամենը 4-ի թեկնածությունը։ Քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի թեկնածությունը ԿԸՀ-ն հաստատեց միայն ընտրությանը նախորդած օրը, հնարավորություն չտալով նրան լիարժեք ընտրարշավ իրականացնել։ Այդ տարածքում բոլորն են հիշում, թե ինչպես ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը հետախուզում հայտարարեց այդ տեղամասում մեծ հեղինակություն վայելող Սքեի նկատմամբ, որը գտնվում էր Կիսլովոդսկում։ Թեեւ նրա գտնվելու վայրը շատ լավ հայտնի էր, սակայն նրան ոչ ոք էլ չձերբակալեց։ Հետախուզումը միայն մեկ նպատակ ուներ՝ հնարավորություն չտալ նրան առաջադրվելու։ Մյուս թեկնածուներին չեզոքացնելու համար մարզային հանձնաժողովն ընտրել էր շատ արդյունավետ տարբերակ։ Գտնվում էին մարդիկ, որոնք հրաժարվում էին իրենց տված ստորագրություններից։

Գրելով, որ այժմ եւս որդեգրված է նույն գործելակերպը, մենք նկատի ենք ունեցել հետեւյալը։ Ինչպես նշել էին, այս ընտրատարածքում մեծ հնարավորություններ ունեն «Մուշ» ջոկատի հրամանատար Մուշեղը (Մուշ) եւ վերոնշյալ Սքեի քրոջ տղան՝ Աշոտ Մանասարյանը։ Եթե Մուշեղին պաշտպանում է Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանը, ապա Աշոտը Կարեն Դեմիրճյանի հովանավորյալն է։ Սակայն մեր չափազանց վստահելի աղբյուրը տեղեկացրեց, որ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության համաձայն իրենց հովանավորյալներին թեկնածությունը հանելու «մտերիմ խորհուրդ» են տվել Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը։ Ըստ նույն աղբյուրի, Մուշեղին արդեն կոնկրետ աշխատանք է առաջարկված պաշտպանության նախարարության համակարգում։

Այս ընտրատարածքում իր թեկնածությունն է կրկին առաջադրել Ռազմիկ Մարկոսյանը։ Մենք նրա մասին չէինք գրել նախորդ հրապարակման մեջ, նկատի ունենալով, որ նա չի կարող հաջողության հնարավորություն ունենալ ընտրապայքար անցկացնելու ժամանակակից տեխնոլոգիաներին համաքայլ շարժվելու անկարողության պատճառով։ Մեր խնդրանքին՝ գնահատելու սեփական հնարավորությունները, Ռազմիկ Մարկոսյանը պատասխանեց. «Ցավում եմ, որ ամբողջ կյանքում պետք է պայքարեմ ԿԳԲ-ի դեմ»։

Մենք չենք զարմանա, որ վերոնշյալ Մուշեղն ու Աշոտը, հանելով իրենց թեկնածությունը, պաշտպանեն Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, որովհետեւ նրա կուսակցության վկայականները ցույց տվողներին պետավտոտեսուչները չեն տուգանում, փոքր ժամկետներով դատապարտվածների հարազատներին խոստացել է լուծել նրանց ազատ արձակման հարցը եւ էլի նման ոչ նախընտրական խոստումներ։ Եվ վերջապես այն պատճառով, որ այդ կուսակցությունը կոչվում է «Օրինաց երկիր»։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930