Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեկամ, գործակից, գաղափարակից»

Մայիս 28,1999 00:00
Vahan Hovhannisyan

Այսպիսի բարի գնահատականների արժանացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն իրենց հյուրերին՝ Կիպրոսի սոցկուսակցության հիմնադիր ու առաջնորդ Վասոս Լիսարիդիսին եւ Հունաստանի սոցկուսակցության գերագույն խորհրդի անդամ, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Ստայկոս Էվանգելոսին։

Վերջիններս Հայաստան են ժամանել ՀՅԴ Կիպրոսի եւ Հունաստանի կառույցների հայտնի դեմքերի ուղեկցությամբ, իսկ երեկվա ասուլիսում ամփոփեցին իրենց այցի արդյունքները։

Ինչպես եւ հարկն է, երկուստեք ջերմ բարեկամության հավաստիացումներ հնչեցին՝ հույն եւ հայ ժողովուրդների ու մասնավորապես կուսակցական այս համագործակցության առնչությամբ։ Վահան Հովհաննիսյանը նույնիսկ վստահեցրեց, որ Սոցինտերնի անդամ կուսակցություններից մեր սոցիալիստական կուսակցությանը՝ ՀՅԴ-ին, ամենահոգեհարազատը հենց այս կուսակցություններն են։ Սույն հուզիչ իրողության հիմնավորումն այս էր. «Խնդիրները, որ նրանց առջեւ կանգնած են, հոգեհարազատ են մեր խնդիրներին։ Նրանք ունեն նույն աշխարհաքաղաքական, նույն սոցիալ-տնտեսական պրոբլեմները»։

Հավանաբար նույնպիսի կարծիքի էին նաեւ հյուրերը, քանի որ շատ ջերմ գույներով մատուցեցին իրենց հանդիպումների արդյունքներն ու ստացած տպավորությունները։ Այն հայերենի թարգմանելու պատրաստակամությունը վեհանձնորեն ստանձնեցին Հունաստանի ՀՅԴ ԿԿ անդամ Գրիգոր Էրջենյանը եւ Վահան Հովհաննիսյանը։ Վերջինս առիթը բաց չթողեց՝ փայլելու նաեւ պատմության ու ստուգաբանության խո՜ր իմացությամբ։

Իսկ հյուրերը թերեւս կարող էին զարմացնել Հայաստանի, այս դեպքում՝ ընտրական օրենքների իմացությամբ։ Համենայնդեպս, այնպիսի ջերմեռանդությամբ էին ժխտում ընտրություններում ՀՅԴ-ին զորակցելու՝ իրենց այցի առաջին օրը հայտնած պատրաստակամությունը, որ ակամա մտածում ես, թե ինչ-որ մեկը նրանց գլխի է գցել, որ մեր օրենքներով օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է քարոզչություն անել հօգուտ այս կամ այն ուժի, թեկնածուի։ Արդարացան, որ այս այցը նախօրոք էր նախատեսված եւ ընտրությունների հետ համընկնելը պարզ պատահականություն է։ Ու այցի նպատակը կուսակցությունների համագործակցությունն էլ ավելի սերտացնելն ու ընկերվարական (սոցիալիստական) հարցեր քննարկելն է։

Այնուամենայնիվ, չթաքցրին, որ ԱԺ-ի ընտրություններում ամենից առաջ հենց գաղափարակից ՀՅԴ-ի հաջողությունն են ուզում։ Եվ դաշնակցությանը մաղթեցին «լավ արդյունքներ գալիք ընտրություններում»։ Ստայկոս Էվանգելոսն իր մաղթանքներում ավելի առաջ գնաց եւ, երբ, ի պատասխան «Առավոտի» հարցի, ճշտեց, որ Հունաստանում իրենց սոցկուսակցությունն իշխող կուսակցություն է ու կառավարություն է ձեւավորում, շտապեց տարոսն էլ ՀՅԴ-ին ցանկանալ։ ՀՅԴ-ն էլ «տակ չմնաց» ու իբրեւ երախտագիտության նշան՝ Հայոց ցեղասպանությունը Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչելու համար, ի դեմս Վահան Հովհաննիսյանի խոստացավ, որ ամեն ինչ պիտի անեն, եւ դա արտաքին քաղաքականությանն առնչվող իրենց առաջնային խնդիրներից մեկն է լինելու՝ ճանաչելու համար Փոքր Ասիայում, Անատոլիայում հույն ժողովրդի հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպանությունը։

Ի դեպ, ի տարբերություն Հունաստանի, Կիպրոսի սոցկուսակցությունը հիմա ընդդիմություն է՝ չնայած իր ոչ այնքան երկարատեւ պատմության մեջ մի քանի անգամ արդեն հասցրել է ունենալ իշխանություն (Վասոս Լիսարիդիսը նույնիսկ խորհրդարանի նախագահ է եղել), կառավարության մեջ՝ նախարարներ։ Իսկ այն հարցին՝ հանդիպե՞լ են Ադրբեջանի ու Վրաստանի գաղափարակից կուսակցություններին, ժխտական պատասխան տվեցին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31