Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականներ. 10 տարի անց

Հունիս 12,1999 00:00
Edik Bagdasaryan

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության փախստականների հարցերով պատասխանատու Ստելլա Ղուկասովան եւ հեռուստալրագրող Էդիկ Բաղդասարյանը լրագրողներին կրկին ներկայացրեցին փախստականների խնդիրները։

«Որքա՞ն կարելի է ձգել փախստականների խնդիրը։ Այսօր ունենք նոր խորհրդարան, կունենանք նոր կառավարությունը։ Ես հասկանում եմ, որ նորերը «նորովի» կլուծեն փախստականների խնդիրները, նորովի կընկալեն փախստականներին։ Եթե փախստականների հարցը շարունակվի այսպես ձգվել, ապա 10 տարի անց եւս կհավաքվենք եւ կքննենք փախստականների խնդիրները»,- ասաց Ստելլա Ղուկասովան։

Փախստականների թիվ մեկ խնդիրը՝ բնակարանն է։ Վերջին տասը տարում քիչ թվով փախստականներ են բնակարանի հարց լուծել։ Միջազգային կազմակերպությունների կառուցած քոթեջներում կոմունալ հարմարություններ չկան։ «Առավոտը» բազմիցս անդրադարձել է այս պրոբլեմին։ Մեկ քոթեջի շինարարության համար ծախսվում էր մոտ 10 հազար դոլար։ Այդքան՝ առանց զուգարանի, ջրի, բաղնիքի։ Ինչի՞ համար է այսքան մեծ շռայլությունը, երբ նույն այդ գումարով կարելի էր հարցն ավելի ճիշտ լուծել։ Մենք բազմիցս անդրադարձել ենք նաեւ Արցախի փողոցում տեղավորված հանրակացարանին, որտեղ հիմնականում տարեց փախստականներ են ապրում։ Մեկ տարի առաջ խորհրդարանի սոցիալ-առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Ջեմմա Անանյանը, լսելով այս ծերանոցի ծանր վիճակի մասին, խոստացավ հեռախոսի եւ զուգարանակոնքերի հարց լուծել։ Խոստումը մնաց օդից կախված։ Եվ այսպես բազմաթիվ պաշտոնյաների բազմաթիվ այլ խոստումներ։ Պաշտոնյաները կփոխարինեն մեկը մյուսին եւ ոչինչ չի փոխվի։ Իսկ փախստականները եւս մահկանացու են։ Նրանցից շատերն այդպես էլ անտուն կմահանան։ Հերթական կառավարությունը հերթական ուռճացված թիվը կներկայացնի միջազգային կազմակերպություններին եւ ձեւ կթափի, թե փախստականներին օգնում է։

Փախստականներն այսօր կառավարությանը պետք են այնքանով, որ զինվորական տարիքի տղաները զորակոչվում են բանակ։ ՀՀ քաղաքացիություն ոչ ոք չի շտապում ստանալ։ Միակ պայմանը՝ տուն տվեք, այն հանրակացարանները, որոնցում ապրում ենք՝ սեփականաշնորհեք։ Եթե միջազգային կազմակերպությունների կառուցած անզուգարան քոթեջներում 100 մարդ է տեղավորվում, ապա նույնքան փախստական որոշակի ժամանակում, դատարանի վճռով վտարվում է իր բնակության վայրից։ Փախստականները հասկանում են, որ սոցիալ-տնտեսական պայմանները ընդհանուր են Հայաստանում ապրող բոլոր հայերի համար (5 տոկոս բացառությունը չհաշված), սակայն նրանք իրավունք ունեն 10 տարվա ընթացքում բնակարանային խնդրի լուծում պահանջել, ազատ ելք ու մուտքի փաստաթուղթ պահանջել եւ օրինական այլ պահանջներ եւս ներկայացնեն։

Փախստականների մասին օրենքը ռուսերեն լեզվով չի թարգմանվել։ Ուրեմն բազմաթիվ փախստականներ զրկվել են իրենց մասին օրենքին ծանոթանալու հնարավորությունից, օրենքը փախստականներին ոչինչ չի տա, քանի որ 25 հոդվածը բացեիբաց հայտարարում է. «Ընդունված օրենքը չի վերաբերվում 1988-1992 թվերին Ադրբեջանից բռնագաղթածներին»։ Հիշողությունդ ո՞ւր է, պետություն։ Ադրբեջանից բռնագաղթածների պաշտոնական թիվը 311 հազար է, որից 14 հազար ընտանիք ապահովված չէ բնակարանով։

Ակնհայտորեն նոր խորհրդարանն այս ոլորտում հսկայական գործ ունի անելու, եթե իսկապես որոշել է արմատապես փոխել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։ Համենայն դեպս, փախստականները լուրջ վերաբերմունք են ակնկալում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Մոտ մեկ ամսից պատրաստ կլինի հեռուստալրագրող Էդիկ Բաղդասարյանի նոր տեսաֆիլմը փախստականների խնդիրների մասին եւ եթե նոր կառավարությունը այլ կերպ հնարավորություն չի ունենա օբյեկտիվ ինֆորմացիա ստանալ փախստականների վերաբերյալ, առաջարկում ենք ուշադիր դիտել ֆիլմը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930