Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՊԱՉԵՍ

Հունիս 29,1999 00:00
andranik manukyan

Հունիսի 22-25-ը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ մեր ԱԺ-ի քառակազմ պատվիրակությունը։ Ի դեպ, նշյալ կառույցի ռուսերեն հապավումն արտաբերվում է այսպես՝ ՊԱՉԵՍ, ասել է, թե՝ Парламентская ассамблея Черноморского экономического сотрудничества, որն, ինչպես տեսնում եք, ամենեւին էլ կապ չունի հայերեն համբուրել բառի հետ։

Սակայն մի տեղ, ուր հավաքվում են 11 երկրների բազմանդամ պատվիրակություններ, հասկանալի է, առանց համբույրների կամ գոնե բարեհամբույր վերաբերմունքի աշխատելն անհնար է։

Իսկ մեր պատվիրակությունն այս անգամ, ինչպես նրա անդամ «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Մանուկյանն է վկայում. «Շատ բարձր գնահատականի է արժանի, որովհետեւ որեւէ հարցում որեւէ սխալ թույլ չտվեց։ Պատվիրակության բոլոր անդամները միասնաբար էին որոշում ընդունում»։ Նրանցից բացի, Հայաստանը Թուրքիայում ներկայացնելու պատիվ են ունեցել նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավար Յուրի Բախշյանը, որի դերն, ի դեպ, խիստ կարեւորեց Անդրանիկ Մանուկյանը, ինչպես նաեւ՝ ԱԺ սոցիալական, առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահ, կոմունիստ Գագիկ Թադեւոսյանը եւ «Կայունություն» խմբից՝ նախկին բանկիր Մարտին Հովհաննիսյանը։

Հայկական պատվիրակությունը ելույթներ է ունեցել քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ։ Յուրի Բախշյանը խոսք է ասել մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդու առեւտրի դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի քննարկումների շրջանակում։ Ինքը՝ Անդրանիկ Մանուկյանը, խոսել է Սեւծովյան տարածաշրջանի երկրներում տուրիզմի զարգացման խնդիրների վերաբերյալ, Գագիկ Թադեւոսյանն արտահայտվել է սոցիալական հարցերի մասին, իսկ Մարտին Հովհաննիսյանի զեկույցը Սեւծովյան բանկային համակարգի առնչությամբ չի հնչեցվել օրակարգի փոփոխության պատճառով։ Սակայն, օրակարգի ամենագլխավոր հարցը վերաբերել է ընտրություններին։ Ոչ մեր եւ ոչ էլ որեւէ այլ երկրի, իհարկե։ Խոսքը նախեւառաջ Սեւծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարի պոստի մասին է, որում ընտրվել է Ռումինիայի ներկայացուցիչ Ջորջ Պետրիկուն։ Ընտրվել են նաեւ նշյալ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 3 փոխնախագահ, որոնք ներկայացնում են Ռումինիան (Ալեքսանդրու Պոպովիչին) Ռուսաստանը (Եվգենի Սալով) եւ Թուրքիան (Շալիմ Կապսուզ)։ Ադրբեջանի ներկայացուցիչ Յավշար Ալիեւը ՝ 60 պատգամավորներից ընդամենը 26-ի եւ Բուլղարիայի ներկայացուցիչ տիկին Լիլովան էլ՝ սոսկ 21-ի աջակցությանն արժանանալով, դուրս են մնացել մրցակցությունից։

Սակայն Անկարայում, մեր կարծիքով, տեղի է ունեցել եւս մեկ կարեւոր ընտրություն։ Հունաստանի առաջարկությամբ եւ Թուրքիայի համաձայնությամբ, հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայաստանի ներկայացուցիչը՝ պրն Անդրանիկ Մանուկյանը, որը, եթե հիշում եք, նույն հանձնառությունն ուներ նաեւ ՀՀ Ազգային ժողովում.

-Կարծես իմ ճակատին գրված լինի, որ ամենուր ստանձնեմ այդ հանձնառությունը։

Այն էլ ասենք, որ ՍՏՀԽՎ-ի (ՊԱՉԵՍ) գանձապահն էլ, Մոլդովայի ներկայացուցիչ Իոն Դեդյուն, էլի այդ գործն է ստանձնել Անդրանիկ Մանուկյանի օրհնությամբ։

Իր գործունեությունն այսքանով սահմանափակելով, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, հայկական խորհրդարանականների խումբը, պատվիրակությունների շարքում հյուրընկալվել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում։ Անդրանիկ Մանուկյանի մատուցմամբ. «Միայն Հայաստանի պատվիրակության հետ առանձնազրույց ունեցավ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Ելդիրիմ Ակբուլուտը։ Նա զրուցում էր Յուրի Բախշյանի հետ եւ նույնիսկ մեր պատվիրակության բոլոր անդամների հետ նկարվելու ցանկություն հայտնեց։ Դա, իրոք, մեծ հաջողություն էր։ Նա շատ բարձր գնահատեց Հայաստանի դերը ՍՏՀԽՎ-ի (ՊԱՉԵՍ) գործընթացներին մասնակցելու եւ նույնիսկ Թուրքիայի ներկայացուցչի՝ կազմակերպության փոխնախագահ ընտրվելու հարցում»։ Թուրքական պառլամենտի խոսնակը, ինչպես ներկայացրեց Անդրանիկ Մանուկյանը, շնորհավորանքներ է փոխանցել ԱԺ նորընտիր նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ հույս հայտնել, որ միջպետական հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կբարելավվեն.

-Այդ ամենը շատ գնահատելի է։ Ասեմ նաեւ, որ պրն Ակբուլուտը չխոսեց նույնիսկ Ռուսաստանի պատվիրակության հետ։

Ի դեպ, թվակազմով ամենամեծն է եղել Ռուսաստանի պատվիրակությունը, որը գլխավորել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովը։

Իր անձնական շփումների մասին էլ պատմեց Անդրանիկ Մանուկյանը։ Նա զրուցել է թուրքական խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամ Գյուլի հետ եւ ասել.

-Դուք Ադրբեջանի պատճառով շրջափակել եք Հայաստանը, եւ դրանից ոչ միայն Հայաստանն է կորցնում, այլեւ Թուրքիան։ Մեր շուկայում զգալի չափի թուրքական ապրանք կա, որոնք մեր հանրապետություն են հասնում երրորդ երկրի՝ հիմնականում Ադրբեջանի միջոցով, որը Վրաստանի վրայով դրանք վաճառում է մեզ։ Իր խոսքի հիմնավորվածությունը պրն Մանուկյանը փաստարկել է սեփական գործարար անցյալով ու տեղեկացվածությամբ։

Իսկ (ՊԱՉԵՍ)-ում մեր պատվիրակության մանդատը հաստատվել է մեկ տարի ժամկետով։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930