Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանեք մեր որդու դատը

Հուլիս 07,1999 00:00
cec

Մոտ 3 ամիս առաջ Շահումյանի շրջանի ՆԳ (Չարբախի) բաժնի աշխատակիցների կողմից բռնությունների եւ դաժան ծեծի զոհ դարձան Ստեփան Գեւորգյանը եւ Օլեգ Արիշինը։ Երկուսն էլ մահացան հիվանդանոցում՝ այդպես էլ գիտակցության չգալով։

Այս կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, փաստաբանների պնդմամբ՝ հայտնի են հանցագործության հեղինակները, սակայն գործին ընթացք չտրվեց «ապացույցների անբավարարության պատճառով»։

Անպատժելիության մթնոլորտը, խոշտանգումների եւ բռնությունների միջոցով ցուցմունքներ կորզելը ՆԳ բաժիններում ծնում է նոր հանցագործություններ։ Այս անգամ «Կենտրոն» համայնքի ՆԳ բաժնի աշխատակիցների ճիրաններում հայտնվել է Երեւանի պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող Եղիա Սարգսյանը։ Բարեբախտաբար, նրա նկատմամբ կիրառված խոշտանգումները մահվան ելք չեն ունեցել։

Եղիա Սարգսյանի հայրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի ավագ գիտաշխատող Լեւոն Սարգսյանը, դիմում է ուղղել նաեւ Հայաստանի հելսինկյան կոմիտեին. «Խնդրում եմ ձեզ աջակցել, պաշտպանել մեր որդու դատը։ Գործը կազմված է իրավաբանական պաշտպանվածությունից զրկված 19-ամյա մեր որդու վրա կիրառված դաժան ծեծի եւ ահաբեկումների հիման վրա»։

Բռնությունների հետքերն առայսօր պահպանվել են Եղիա Սարգսյանի վրա, եւ ծնողները շարունակում են դատաբժշկական ու դատահոգեբանական քննություն պահանջել…

Բռնություններից զատ «Կենտրոն» համայնքի ՆԳ բաժնի քննիչ Կ. Առաքելյանը ջանքեր չի խնայել ապակողմնորոշելու Եղիա Սարգսյանին, որ փաստաբանի անհրաժեշտություն չկա, որ ծնողներն ի վիճակի չեն նման ծախսեր հոգալու։ «Վստահիր միայն ինձ»,- ասել է քննիչը։ Նրան հաջողվել է նաեւ ապակողմնորոշել ծնողներին՝ ասելով. «Փաստաբան վարձում են միայն դատարանում»։

Հետագայում փաստաբան Ռուբեն Բալաբանյանի՝ դատարանին ուղղված միջնորդությունից տեղեկանում ենք, թե դատավարական նորմերի ինչպիսի կոպիտ խախտումներ են տեղի ունեցել։ «Իմ պաշտպանյալին ձերբակալել են, տարել «Կենտրոն» համայնքի ՆԳ բաժին եւ բռնություններ գործադրելով ստիպել իր վրա վերցնել չբացահայտված այլ հանցագործություններ, թե իբր դրամարկղ է թալանել…»։ Պրն Բալաբանյանը վկայակոչել է ժամանակավոր պահման մեկուսարանի գրությունը, որտեղ նկարագրվում է Եղիա Սարգսյանի արտաքինը՝ բռնության հետքերով։ Փաստաբանը նշում է, որ չնայած ծեծված լինելուն, իր պաշտպանյալը պահանջել է փաստաբան հրավիրել, ինչին քննիչ Առաքելյանը պատասխանել է. «Ես քո գլխին այնպիսի գործեր կսարքեմ, որ տակից դուրս չես գա»։ Եղիա Սարգսյանը ստիպված է եղել ստորագրել փաստաբանից հրաժարվելու մասին նախապես կազմված արձանագրությունը։ Եղիա Սարգսյանի պաշտպան Ռ. Բալաբանյանը եզրակացրել է, որ քննիչն իր պաշտպանյալի վրա եղած մարմնական վնասվածքները թաքցնելու նպատակով մոլորության մեջ է գցել նրան եւ նրա ծնողներին։

Դատարանին ուղղված միջնորդության մեջ պրն Բալաբանյանը նշել է քննիչի կողմից քրեադատավարական օրենսգրքի մի շարք խախտումներ, որոնցից կարեւորում ենք քր. օր. 105 հոդվածի 1-ին մասը։ «Մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել կասկածյալի եւ մեղադրյալի պաշտպանության իրավունքի էական խախտմամբ»։

Հուլիսի 9-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ Առաջին ատյանի դատարանը կսկսի այս գործով դատաքննությունը։

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031