Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԵՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 10,1999 00:00
shqanshanner

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվի հուլիսի 8-ի գիշերը ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը եւ ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրաստիճան մի խումբ հրամանատարներ նախագահի կողմից իրենց շնորհված բոլոր շքանշանները ետ են վերադարձրել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, որպես բողոքի ու զայրույթի նշան։

«Հուլիսի 8-ի երեկոյան ԼՂՀ եւ ՀՀ ազգային հեռուստատեսությունների լրատվական ծրագրերը տարածել են ԼՂՀ նախագահական նստավայրից ստացված մի հաղորդագրություն, ըստ որի հուլիսի 6-ին Ա. Ղուկասյանի հետ պաշտպանության բանակի բարձրաստիճան 11 հրամանատարների հանդիպման ժամանակ իբր վերջիններս հավանություն են տվել նրա ձեռնարկած վերջին հայտնի քայլերին եւ ընդհանրապես նրա քաղաքական վարքագծին։ Իրականում սակայն հանդիպման մասնակից հրամանատարները ոչ միայն հավանություն չեն տվել սույն թվի հունիսի 24-ից հետո նախագահի բռնած ուղուն, այլեւ խոր մտահոգություն են արտահայտել դրա պատճառով ստեղծված ներքաղաքական ճգնաժամի եւ լարվածության համար։ ՊԲ հրամանատարները համարում են, որ ԼՂՀ նախագահը կեղծել է հանդիպման բովանդակությունը եւ իրենց արտահայտած մտքերը, հանդիպման փաստը շահագործել է իր քաղաքական հաշիվների համար, դրանով ոտնահարելով իրենց մարդկային եւ զինվորական պատիվը եւ արցախյան պատերազմում ունեցած իրենց մեծ վաստակի համար պետության կողմից շնորհված շքանշանների հետվերադարձը արտահայտում է իրենց բողոքն ու զայրույթը պետության ղեկավարի այդ տմարդի քայլի դեմ։ Թեեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Ս. Բաբայանը չէր մասնակցում այդ հանդիպմանը, այնուամենայնիվ, նա եւս նախագահին է վերադարձրել իր շքանշանները, որոնց շարքում՝ թիվ մեկ համարը կրող «Ոսկե արծիվ» շքանշանը, ի համաձայնություն եւ զորակցություն հրամանատարական կազմի կեցվածքի»,- ասված է բարձրաստիճան հրամանատարների հայտարարության մեջ։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ,

Ստեփանակերտ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

lxh

Մեկնաբանելով ԼՂՀ պաշտպանության նախարարի երեկվա հայտարարությունը /տես՝ մեր թերթի 3-րդ էջը/, ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է. «Ս.թ. հուլիսի 9-ին ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որի մեջ հերքվում է ԼՂՀ ԶՈւ բարձրաստիճան հրամանատարների հետ ԼՂՀ նախագահի ունեցած հանդիպման մասին հուլիսի 8-ին նախագահի մամլո ծառայության տարածած տեղեկատվության բովանդակությունը:

ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը հարկ է համարում հաստատել իր տարածած հաղորդագրությունը եւ նշել հետեւյալը.

Նախագահ Արկադի Ղուկասյանը մեծ հարգանք է տածում զինծառայողների, մասնավորապես, այն հրամանատարների նկատմամբ, ովքեր ներկա էին հանդիպմանը, բարձր է գնահատում նրանց վաստակն Արցախի առջեւ, քաջարի ծառայությունը հայրենիքին: Զինծառայողների նկատմամբ նման վերաբերմունքը նախագահը միշտ էլ նշել է իր բոլոր ելույթներում: Արկադի Ղուկասյանն այդ մասին ասել է նաեւ վերոհիշյալ զրույցի ժամանակ, ընդգծելով, որ նրանց անցած մարտական ուղին եւ համաժողովրդական նվաճումների պաշտպանության դիրքերում բազմամյա ծառայությունը լուրջ փաստարկ են հանդիսանում այն բանի համար, որպեսզի հաշվի առնվեն նրանց կարծիքները հանրապետությունում իրականացվող փոփոխությունների կապակցությամբ: Եվ նախագահը, եւ հրամանատարները հայտնել են, որ անհանգստացած են առաջացած կացությամբ: Եվ օրինականության ու կարգ ու կանոնի հաստատման ուղեգծի միանշանակ աջակցության պայմաններում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ գտնել հիմնախնդրի լուծման այնպիսի տարբերակներ, որոնք ցավոտ չլինեն հասարակության համար, ընդ որում՝ համատեղ ջանքեր գործադրելով այդ ուղղությամբ: Նախագահը խոստացել է մոտակա ժամանակներս անդրադառնալ առանձին կադրային հարցերի քննարկմանը, որոնք որոշ մտահոգության պատճառ են դարձել հրամանատարների համար:

Նախագահի հետ կայացած հանդիպումից հետո հրամանատարների կողմից իրենց մարտական պարգեւները վերադարձնելու հանգամանքը լուրջ կասկած է հարուցում, թե նրանք ինքնուրույն են հանգել նման որոշման եւ թե այդ պարագայում նրանք դրսեւորել են իրենց սեփական կամքն ու ցանկությունը: Վստահ ենք, որ մոտակա ժամանակներս այդ կասկածը կարդարացվի: Նախագահը տվյալ միջադեպը գնահատում է որպես մեկ մարդու կողմից սադրած գործողություն, երբ փորձ է արվում սեպ խրել նախագահի եւ բանակի, բանակի եւ ժողովրդի միջեւ: Արկադի Ղուկասյանի կարծիքով, դա երբեք չի հաջողվի, քանզի բանակը ժողովրդի մի մասն է, եւ այն ծառայում է միմիայն ժողովրդին: Եվ այն պարգեւները, որոնք վերադարձվել են հրամանատարների կողմից, նրանց հանձնվել են հենց ժողովրդի անունից, եւ դրա համար նրանք պետք է պատասխան տան նույնպես ժողովրդի առաջ»:

Ի հավելումն, ավելացնենք, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը նշեց, թե ԼՂՀ վարչապետը Սամվել Բաբայանին առաջարկել է զբաղացնել պաշտպանության նախարարի պաշտոնը, ինչին վերջինս համաձայնել է:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031