Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՃԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հոկտեմբեր 28,1999 00:00
garegin

Երեկ արդեն հստակ գիտեինք, որ կաթողիկոսական ընտրություններն ընթանալու են երկու թեկնածուների՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արք. Ներսիսյանի եւ կաթողիկոսական տեղապահ Ներսես արք. Պոզապալյանի միջեւ։ Եվ գրեթե պարզ էր, որ հնարավոր մի քանի փուլերի փոխարեն, մեխանիկորեն մեկ փուլով է ընտրությունը կատարվելու՝ ձայների պարզ մեծամասնությամբ։

Մինչ Ազգային-եկեղեցական ժողովի հանդիսավոր բացումը, Մայր տաճարի մուտքի դարպասների մոտ առավոտյան ժամը 9-10-ն ընկած հատվածում մոտ 30 հոգանոց ցույց է եղել։ Ցուցարարները (պաստառներով եւ կաթողիկոսական տեղապահի լուսանկարներով) պաշտպանում էին Ներսես արք. Պոզապալյանի թեկնածությունը։ Լրագրողներից մի քանիսի հարցումներից պարզվել է, որ ցուցարարները Ներսես արք. Պոզապալյանի սեփական խմորեղենի արտադրամասի (Էջմիածնում) աշխատակիցներն էին։ Երկար չտեւեց միտինգը, կանխվեց։

Ժամը 10։00-ին Ազգային-եկեղեցական ժողովը բացվեց։ Օրակարգով նախատեսված էր ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի ուղերձը։ ՀՀ նախագահը չեկավ։ Փոխարենը եկավ ՀՀ վարչապետի կրոնի հարցերով խորհրդական Լեւոն Մկրտչյանը, որը ընթերցեց ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի ուղերձները Ազգային-եկեղեցական ժողովի մասնակիցներին։ Լրագրողները փորձ արեցին՝ Լ. Մկրտչյանից ճշտելու եւ մեկնաբանելու՝ ինչու ՀՀ նախագահի սպասված այցը տեղի չունեցավ եւ թե բոլոր ուղերձներն ինչու պրն Մկրտչյանն ընթերցեց։ Որեւէ լուրջ բացատրություն չտրվեց լրագրողներին։ Ապա կաթողիկոսական տեղապահ Ներսես արք. Պոզապալյանը զեկուցեց իր տեղապահության չորս ամիսների գործունեության մասին։ Կազմվեց կաթողիկոսի թեկնածուների ցուցակը. սկզբում երեքն էին՝ վերոնշյալ թեկնածուները եւ Հուսիկ արքեպիսկոպոսը։ Քիչ անց Հուսիկ արքեպիսկոպոսը եկավ եւ հանեց իր թեկնածությունը։ Մնացին երկուսը։

Օրվա համար բավական է իր ցավը

Երեւի այս հողն է այդպիսին՝ ամեն բան իրադարձություն է դառնում, եւ ամեն իրադարձություն՝ պատմական։ Ինքնին, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը պատմական իրադարձություն է, բայց հայի համար երեւի դա քիչ է… Նույն պահին խորհրդարանում արտառոց իրավիճակ էր։ Ու մինչ Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորները սբ. Էջմիածնի տաճարում ընտրում էին հայոց վեհափառին, դրսում հավաքված լրագրողներն անհանգիստ փորձում էին ճշտել Երեւանից եկած լուրերը։ Իսկ Երեւանից եկած լուրը պայթեց. խորհրդարանում կրակոցներ են եղել։ Հետո պարզվեց, որ վիրավորներ կան։ Շատ չանցած լուր տարածվեց, որ սպանվել են վարչապետն ու ԱԺ նախագահը։ Առաջին միտքը, որ ծագեց տաճարի բակում հավաքված քաղաքական գործիչների, պաշտոնյաների եւ լրագրողների գլխում, այն էր, որ հեղաշրջում է կատարվում։ Եկեղեցական ժողովի պատգամավորները եւ լրագրողները տեղ-տեղ խմբված փորձում էին իրար կապել այս օրերի իրադարձությունների գլխիվայր ընթացքը։

Ադրբեջանում կառավարության անդամները հրաժարականներ են տալիս, ՀՀ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը Հայաստանում չէ (չենք ուզում որեւէ միտում տեսնել, բայց նախարարը Հայաստանում չէր նաեւ Վ. Խոռխոռունու եւ Ա. Մարգարյանի սպանությունների ժամանակ)։ Երեկ ՀՀ արտգործնախարարը նախօրոք հայտարարված լրագրողների հետ հանդիպմանը չներկայացավ, ՀՀ նախագահը Ազգային-եկեղեցեկան ժողովին չեկավ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթի եւ ՀՀ նախագահի հանդիպումը նախատեսվածից երկար տեւեց։ ՀՀ նախագահի մամլո խոսնակը պատասխանելով մեր լրագրողի հարցին՝ որեւէ կապ չտեսավ Ադրբեջանում ծայր առած հրաժարականների շարքի եւ Հայաստանում դեպքերի հնարավոր զարգացումների միջեւ…

Երեւի նախախնամության մատը խառն էր (սիրտ ունենայինք՝ կասեինք՝ Սուրբ հոգու), եւ կաթողիկոսական ընտրությունները չընդհատվեցին եւ դրան նպաստեցին դրսում եղած բոլոր մարդիկ, քանի որ ամեն ինչ արվեց, որ գույժը տաճարից ներս չսպրդի։ Զգացվում էր, որ իշխանությունն ընկավ։ Առանց պայմանավորվելու բոլորի մտքում մի բան էր՝ գոնե հասցնենք կաթողիկոս ընտրել։ Լուրը ներս չթափանցեց երեւի նաեւ այն պատճառով, որ տաճարում էր գտնվում Վազգեն Սարգսյանի եղբայրը, որը եւս Եկեղեցական ժողովի պատգամավոր էր։ Արդյունքում, հոկտեմբերի 27-ին, ժամը 18։50-ին հնչեցին սբ. Էջմիածնի զանգերը եւ Ամենայն Հայոց 132-րդ կաթողիկոսի ընտրությունն ավետեցին։

Մինչ այդ Ազգային-եկեղեցական ժողովի աշխարհիկ պատվիրակներից փորձեցինք ճշտել, թե ո՞ւմ են ընտրելու։

Գրիգոր Զոհրաբյան (Ռուսաստանի թեմ, Օմսկ)- «Ես շատ երջանիկ եմ, քանի որ մասնակից եմ պատմական սուրբ արարողության։ Իմ թոռներն ու ծոռները կարող են հպարտանալ, որ իրենց պապը մասնակցել է Ամենայն Հայոց 132-րդ կաթողիկոսի ընտրությանը»։

Արա Բոստանջյան (Արարատյան հայրապետական թեմ)- «Միանշանակ է, որ պետք է ընտրեմ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին»։

Սերյոժա Աբրահամյան (ներկայացավ որպես եկեղեցի կառուցող բարերար)- «Ընտրել եմ իմ կարծիքով, իմ գիտակցությամբ, իմ ինֆորմացիայով, նրան, ով կարող է ավելի շատ պետք գալ մեր եկեղեցուն»։

Գարեգին Սարգսյան (Սանկտ Պետերբուրգ)-«Ընտրել եմ Գարեգինին, քանի որ կարծում եմ, դա է այստեղ ապրող ժողովրդի կամքը։ Գլխավորը, որ նա այս ժողովրդին օգնի։ Գուցե մի քիչ կթեթեւանա ժողովրդի վիճակը։ (…) Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոսը փորձում էր մեզ տրամադրել, որ չքվեարկենք Գարեգինի օգտին»։

Վլադիմիր Հովհաննիսյան (ՍԴ փոխնախագահ)- «Ընտրել եմ Գարեգին սրբազանին։ (…) Բացարձակապես արդար, ազնիվ ընտրություններ են անցնում, արդյունքները խեղաթյուրել, փոխել հնարավոր չէ»։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք պարոն Հովհաննիսյանը նույնը կպնդի նաեւ այն ժամանակ, երբ պարզվի, որ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանն է դարձել կաթողիկոս, վերջինս պատասխանեց. «Միանշանակ, ես նրան կշնորհավորեմ եւ կհայտարարեմ, որ բացարձակ ազնիվ ընտրություններ են տեղի ունեցել»։

Գարիկ Զիրոյան (Կրասնոդարի երկրամասի դատախազի օգնական)- Վերջինս եկեղեցուց դուրս գալով բացականչեց. «Победа за нами»։ Մենք փորձեցինք պարզել, թե ի՞նչ նկատի ուներ աշխարհիկ պատգամավորը. «Ես ընտրել եմ Գարեգինին, որովհետեւ անցած ընտրություններում նա իրեն պարկեշտ դրսեւորեց։ Իսկ այդպիսի մարդկանց պետք է հարգել»։

Ալբերտ Բազեյան (Երեւանի քաղաքապետ)- «Ես կարծում եմ, ճիշտ կլինի, որ կաթողիկոս մի քիչ ավելի երկար ժամանակի համար ընտրենք։ Բոլորս տեսել ենք Գարեգին սրբազանի գործունեությունը, վստահում ենք իրեն, մտածում ենք, որ այնուամենայնիվ եկեղեցին էլ պետք է դառնա հայաստանակենտրոն։ Նույն համոզմունքն ունենք նաեւ քաղաքական բոլոր կուսակցությունների վերաբերյալ։ Ի վերջո, այս պետության մեջ է, որ պետք է ապագա ունենա հայ ժողովուրդը»։

Պահի պատասխանատվությունը

Գագիկ Ծառուկյան («Մուլտի գրուպի» տնօրեն, «Կոտայք» գարեջրի գործարանի սեփականատեր)- Կոտայքի թեմի պատգամավոր (Գ. Ծառուկյանն ասաց, որ Կոտայքի թեմի բոլոր պատգամավորներն ընտրել են Գարեգին արք. Ներսիսյանին)։

– Զգո՞ւմ եք պահի պատասխանատվությունը։

– Ի՞նչ պատասխանատվություն։ Ի՞մ առաջ։ Այո՛, ես զգում եմ պատասխանատվություն, որ ազնիվ, ճիշտ ընտրություն պետք է կատարե՛մ։

– Իսկ որքանո՞վ եք տեղյակ ձեր նախընտրական թեկնածուի գործունեությանը։

– Իմ պաշտպանած թեկնածուի գործունեությանը, ինչքան որ ես ծնվել եմ՝ հիշում եմ, տեղյակ եմ իր աշխատանքից, իր ամեն ինչից։

– Ո՞ր թվին եք դուք ծնվել։

– 56 թվին… հա՛, հա՛… (ծիծաղում է, գլխի ընկավ, թե ինչը նկատի ունեի. Գարեգին արք. Ներսիսյանը ծնվել է 1951 թվին- Ս. Ս.)։ Մենք բոլորս Կոտայքի մարզով 100 %-ով ընտրում ենք նրան։ Ինքը կառուցող մարդ է եւ կարող է Հայ եկեղեցին բարձունքի վրա պահել։

Քվեարկելիս զգո՞ւմ էիք Սուրբ Հոգու ներկայությունը

Վահագն Գրիգորյան (ԱԺ եւ Ազգային-Եկեղեցական ժողովի պատգամավոր)- Ես ինքս հավատքով եմ ընտրել Գարեգին արք. Ներսիսյանին։ Ծանոթ եմ իր գործունեությանը։ Նախորդ ընտրություններին էլ եմ պատգամավոր եղել եւ դարձյալ իրեն եմ ընտրել։ Ես նրան հոգով եկեղեցական եմ համարում։

Հովիկ Աբրահամյան (Արարատի մարզպետ, Արարատյան հայրապետական թեմի պատգամավոր)- Շոշափելի չզգացի, հոգեպես զգացի։

– Իսկ զգո՞ւմ էիք տարբերությունը աշխարհիկ (ՀՀ նախագահի, պատգամավորության, թաղապետի) եւ հոգեւոր ընտրությունների միջեւ։

– Ես մասնակցել եմ նաեւ կաթողիկոսական նախորդ ընտրություններին, դարձյալ Արարատյան թեմի պատգամավոր էի։ Այն ժամանակ Արտաշատի քաղաքապետն էի։ Այնպես որ, այս գործընթացին ծանոթ էի, պրակտիկա ունեի։ Ես զգացել եմ Գարեգին արք. Ներսիսյանի նվիրվածությունը եւ իր պայքարն աղանդավորության դեմ։ Քանի անգամ իր հետ գյուղերում քարոզչության ենք եղել…

Պանդուխտ Մանուկյան (Վայոց ձորի մարզպետ, Սյունյաց թեմի պատգամավոր)- Ես ինքս ընտրել եմ Գարեգին արք. Ներսիսյանին, մեր թեմի ամեն մի պատգամավոր գործում է իր խղճով եւ հավատով։ Բավական ժամանակ ծանոթ եմ Սրբազանի գործունեությանը, շատ անգամ շփվել ենք։ Քվեարկելիս խաղաղություն էի զգում, կաշկանդվածություն չէի զգում եւ որեւէ մեկի պնդածը, ասածը իմ վրա որեւէ ազդեցություն չի թողել։

Մերուժան Տեր-Գուլանյան («Ար» հեռուստաընկերության նախագահ, Արարատյան թեմի պատգամավոր)- Երբ որ խաչը համբուրում ես, մի տեսակ տարօրինակ, տարաշխարհիկ զգացողություն ես ունենում։ Ներքին դող ես ունենում եւ ուզում ես անպայման խղճիդ առաջ մաքուր լինել։ Լրիվ այլ բան է քվեարկությունը Մայր Տաճարում։ Աստծո առաջ երդում ես տալիս։

– Իսկ աշխարհիկ ընտրություններո՞ւմ։

– Եթե կարելի է այդպես ասել, ապա այդ դեպքում իրավիճակի առաջ ես երդում տալիս…

Երեւի ավելորդ անգամ պետք էր համոզվել, որ եկեղեցին համախմբող եւ միաբանող ուժ է։ Հոկտեմբերի 27-ի երեկոյան, ընտրված կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր առաջին աղոթքում հիշեց բոլորին եւ գրեթե միաբանության կոչ արեց։ Ու անմիջապես էլ հայոց բոլոր կաթողիկոսների ճակատագիրը կիսեց. նրան հաղորդեցին խորհրդարանում կատարված ողբերգության լուրը։ Կաթողիկոսի առաջին աղոթքը փոխվեց վարչապետ Վազգեն Սարգսյանի հոգեհանգստյան աղոթքի եւ քանի որ իրեն հասած լուրերի համաձայն ԱԺ նախագահը վիրավորված էր, ապաքինման համար աղոթեց։ Ու բոլոր հոգեւոր հայրերն ու տաճարում ներկա քրիստոնյաները միասնաբար հնչեցրին «Հայր մերը»։ Ամենքն իրենց չպաշտպանված էին զգում. հենարանն այդ պահին եկեղեցին էր։ Ներկաները խորապես ցնցված էին։ Հուզված էր նաեւ կաթողիկոսը, նա աղոթեց արցունքախառն. «Եկեղեցին պետք է զորավիգ լինի հայոց պետության։ Պետք է համագործակցություն լինի հայոց եկեղեցու եւ պետության միջեւ։ Պատմության մեջ փաստված է, որ եկեղեցու եւ պետության համագործակցությունը միշտ էլ ազգաշահ է, միշտ էլ հայրենաշեն»։ Ներկաներն անհանգիստ էին, թվում էր մայրաքաղաքային հեղաշրջման ալիքը կհասնի նաեւ Էջմիածին եւ կվտանգի նաեւ նորընտիր կաթողիկոսին։ Եվ այդ պատճառով էր, որ Ամենայն Հայոց հայրապետին վեհարան հասցրին գրեթե շրջափակված։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ,

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031