Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՂՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ

Նոյեմբեր 25,1999 00:00

 Հոկտեմբերի 27-ից հետո սա ԱԺ-ի առաջին հարցուպատասխանն էր կառավարության հետ

Կառավարության համար դահլիճում նախատեսված տեղերում՝ Արամ Սարգսյանի, Սմբատ Այվազյանի եւ Ազգային անվտանգության նորանշանակ նախարար Կարլոս Պետրոսյանի կողքին նստած էր վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար Մովսես Գեղագուլյանը։ Թերեւս սա դիտվում է որպես անվտանգության ապահովման միջոցառո՞ւմ։ Չնայած, ասենք, հանրապետության նախագահի անվտանգության վարչության պետ Գրիգոր Սարգսյանը հյուրերի եւ լրագրողների համար նախատեսված օթյակում է նստում, երբ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարան է գալիս։ Իսկ նրա թիկնապահները կանգնում են դռների մոտ՝ դահլիճի տարբեր ծայրերում։ Իմիջիայլոց, թիկնապահների մասին մի նախկին խիստ բարձրաստիճան պաշտոնյա այս կարծիքն ուներ. «Նրանք լրագրողներին քշելու համար են ու մեկ էլ, որ մեզ պոմիդորով չխփեն, իսկ լուրջ իրավիճակներում թիկնապահների վրա չարժե հույս դնել»։ Ինչեւէ։

Երեկ մի քանի հարցեր ուղղեցին ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանին։ Սակայն, բարեբախտաբար, այս հարցուպատասխանի ընթացքում էլ նա չբարձրացավ ԱԺ ամբիոն։ Լեւոն Բարխուդարյանը մեկնել էր գործուղման եւ նրա փոխարեն հարցերին պատասխանում էր տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանը։ Վերջինս կամ իրոք խնդրին անիրազեկության, կամ էթիկական նկատառումներով շրջանցում էր ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի այն հարցը, թե ինչպես է ԱԺ-ին ավտոմեքենա գնելու համար 140 մլն դրամ հատկացվել, եթե Երեւանի 12 համայնքներին 1 մլրդ 500 մլն դրամի դոտացիոն գումարից 11 ամսում ընդամենը 288 մլն դրամ է տրվել՝ հազիվ 17%-ը. «Այսօրվա դրությամբ ոչ նախադպրոցական հիմնարկների աշխատակիցներն են աշխատավարձ ստանում, ոչ էլ երեխաները՝ սնունդ մանկապարտեզներում»։ Խոսրով Հարությունյանը միայն ասաց, թե 40 մլն դրամ ԱԺ-ին հատկացվել է գույք ձեռք բերելու համար։ Եվ Մանուկ Գասպարյանը նորից ճշտեց, թե դրանից բացի է գումար հատկացվել ավտոմեքենայի համար։

Պատահական չէ, որ այս հարցը ՀԺԿ անդամ պատգամավոր էր տալիս։ Այս կուսակցության մեջ որոշ խմորումներ կան ԱԺ նախագահի համար զրահապատ BMW ձեռք բերելու առնչությամբ։ Չնայած, մանավանդ մեկ ամիս առաջ կատարվածից հետո պիտի որ ընդվզում չառաջացնեին անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը։

Իսկ ընդհանրապես, հետաքրքիր հարցեր երեկ քիչ հնչեցին։ «Տեղի է ունեցել տարերային աղետ՝ կապված 12 ժամ տեղացող քամու հետ»,- արձանագրում էր Վիկտոր Դալլաքյանը։ «Իրոք, տեղի են ունեցել շատ ուժեղ քամիներ»,- արձագանքում էր Խոսրով Հարությունյանը։

Պատգամավորները կառավարության անդամներին անընդհատ շնորհակալություն էին հայտնում, որ նրանք ինչ-որ հարց էին լուծել կամ պիտի քննարկեն։ Եթե չամաչեին, հաստատ Ստեփան Մնացականյանից էլ շնորհակալություն կհայտնեին, միայն թե նա իրենց փոքր-ինչ հասկանալի լեզվով խոսեր ու պատասխանում չօգտագործեր «կորելիատիվ կապեր», «ռեպրեզենտատիվ ձեւով» ու նման արտահայտություններ։

Ի դեպ, ի տարբերություն նախկին օրերի, երբ մի 30 հոգի հերթագրվում էին կառավարությանը հարցեր տալու համար, երեկ միայն 8-ը խոսափողին մոտեցան։

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը նախապես էր պատգամավորներին օրենսդրական ակտիվ աշխատանքի կոչ արել. «Դրսում շատ վատ արձագանք է գտնում այն հանգամանքը, որ մեր դահլիճը սովորաբար բավական դատարկ է լինում։ Ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են աշխատասենյակում աշխատել, հասկանում եմ բոլոր նախապայմանները, նաեւ հասկանում եմ հոգեկան վիճակը։ Բայց եկեք մի քիչ առավել գիտակից վարք դրսեւորենք եւ այս դահլիճը միշտ լինի լեցուն»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930