Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքից էլ վատ են ընդունել»

Մարտ 30,2000 00:00

Այսպես բնորոշեց «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին մերձ մեր զրուցակիցներից մեկն այն ընդունելությունը, որին երկուշաբթի Ստեփանակերտում արժանացել էին հայաստանցի գործիչները։

Ամբոխի հարձակման ենթարկված մի քանի անձանցից մամուլի համար մեկնաբանություններ խնդրելու մեր փորձերն անհաջողության մատնվեցին։ Ստեփանակերտից վերադարձածները նախ սարսափելի անտրամադիր էին, հետո չէին ուզում իրենց հայտարարություններով առավել սրել ու խորացնել հակամարտությունը, եւ վերջապես՝ սպասում էին Ռոբերտ Քոչարյանի վերադարձին Հայաստան, որ նրան ներկայացնեն եղելությունը եւ նախագահի դիրքորոշումը ճշտելուց հետո նոր որոշեն իրենց անելիքը։

Առկա տրամադրությունն այս էր, թե իրենց համար փոքրիշատե ընդունելի եւ բավարար պարզաբանումների բացակայության պարագայում՝ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը մի խիստ կտրուկ հայտարարություն է անելու։

Ինչեւէ, առայժմ ստիպված ենք մեր ունեցած կցկտուր լուրերը համադրելով փորձել նկարագրել, թե երկուշաբթի ինչ էր տեղի ունեցել Ստեփանակերտում։ Հաղորդվել է, թե Բաբայանների մերձավորները ԼՂՀ դատախազության դիմաց ի պաշտպանություն Սամվել Բաբայանի ցույց կազմակերպելու փորձ էին արել եւ հրավիրել իրենց միանալ պատահական անցորդներին։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի կնոջ, քրոջ եւ զոքանչի կողքին են եղել Ցվետանա Պասկալեւան եւ Աղասի Արշակյանը։ Չնայած թղթակիցները հաղորդել էին, թե այս խումբը բարձրաձայն բողոքել է, որ իշխանություններն առանց որեւէ հիմքի կալանավորել են Արցախի ազգային հերոսին՝ խմբի անդամներից մեկն «Առավոտին» հայտնեց, թե իրենք ցույցի մտադրություն չունեին, այլ միայն ցանկանում էին հանդիպել ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանին։

Սակայն կարծես որոշակի հրահանգով՝ դատախազությանը հարող շենքերի բակերից շատ արագ հավաքվել էր շուրջ 200 հոգուց բաղկացած մի ամբոխ։ Հարձակվելով Սամվել Բաբայանի մերձավորների խմբի վրա, նրանք սկսել էին գոռգոռալ, թե միայն Սամվել Բաբայանը չէ, որ կռվել է ու եթե ամեն հրամանատար սկսի իրեն վեր դասել օրենքից, ապա Ղարաբաղը պետություն չի դառնա կամ՝ պատերազմում հաղթել են այն տղաները, որոնք զոհվել կամ հաշմանդամ են դարձել ու մինչ Բաբայան եղբայրները հարստության տեր են դարձել, ժողովուրդն օրվա հացի կարոտ է։

Ամբոխի միջից նաեւ նման աղաղակներ են հնչել, որ եթե Սամվել Բաբայանն իրոք անմեղ է, ապա ինչո՞ւ էր զենք պահում տարբեր տեղերում։ Նշվել են մարդկանց անուններ, որոնք տարբեր տարիներին իբր զոհվել են չբացահայտված հանգամանքներում։

ԼՂՀ դատախազության մոտ այս միջադեպը թերեւս կարող էր տհաճ զարգացումներ ունենալ, եթե վերջապես չժամաներ անվտանգության ուժերի մի դասակ։ Հայտնել ենք, որ դարձյալ ուժային կառույցների միջամտությամբ էր կանխվել ԼՂՀ նախագահի նստավայրի մոտ ՀՀ ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանին եւ դաշնակցական գործիչ Կիմ Բալայանին ծեծելու փորձը, կուտակված ամբոխից ոմանք հասցրել էին միայն բռունցքներով հարվածել նրանց մեքենային։

Օրվա վերջում այս պատվիրակության անդամները հանդիպել էին Անուշավան Դանիելյանին, խնդրել, որ փոխվի Սամվել Բաբայանի խափանման միջոցը, սակայն ԼՂՀ վարչապետը կարծես հրաժարվել էր անգամ քննարկել այդ հարցը։

Հայաստանցի գործիչները նույն օրը եւեթ վերադարձել էին Երեւան։ Մեր պաշտոնաթերթը գրել էր. «ԼՂՀ իշխանություններն ապահովել են Հայաստանի խորհրդարանականների անվտանգ մեկնումը Լեռնային Ղարաբաղից՝ միջադեպից խուսափելու նպատակով»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031