Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 10,2000 00:00

ՓԱԿ, ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Միջնորդավորված ենք ներկայացնելու այն, ինչ երեկ տեղի է ունեցել Նուբարաշենի մեկուսարանում՝ Աշոտ Բլեյանի գործի դատաքննության ընթացքում, քանզի նիստին թույլատրվել է խիստ սահմանափակ թվով անձանց ներկայությունը։ Դատական նիստին ներկա է գտնվել միայն «Արմենպրեսի» թղթակիցը։ Դատավոր Իսկուհի Վարդանյանն արգելել է նկարահանումները։ Դատավարությանը մասնակցած Աշոտ Բլեյանի մերձավորներից մեզ հայտնի դարձավ, որ նա հայտարարել է, թե կոպտորեն խախտվել է Սահմանադրության 39-րդ հոդվածը, որով յուրաքանչյուրի համար սահմանվում է իրեն ներկայացված մեղադրանքների «հրապարակային քննության իրավունք»։ Աշոտ Բլեյանը նաեւ հայտարարել է, թե դռնփակ նիստերի օրերին իր նկատմամբ բռնություններ են կիրառվել։ Նրան ծեծի են ենթարկել, ատրճանակ պահել վրան եւ այլն։ Բլեյանը պահանջել է, որ բաց եւ հրապարակային դատաքննության պայմաններում ընթերցվի մեղադրական ճառը, քանզի հոկտեմբերի 5-ի նիստը հակաօրինական էր։ Մեզ տրամադրվեց նրա բողոքի տեքստը, որը ներկայացրել է դատավոր Իսկուհի Վարդանյանին։ Մասնավորապես նշված է, թե «քսիֆներով» է իմացել իր գործով դատական վարույթի մասին, թերթերից-զրույցներից է քաղել առանց իր մասնակցության ընթացող նիստի մասին տեղեկությունները։ Սակայն նպատակահարմար ենք գտնում առավել հանգամանալից ներկայացնել «Առավոտին» ուղղված նրա նամակը, որը վերնագրված է՝ «Կամայականությունից, այո, վախենում եմ» «Դատական վիճաբանությունները մրցակցային սկզբունքով իրականացվող դատավարության պսակն են։ Ես իհարկե պատրաստ եմ այդ փուլին, ինձ անգամ ցավ է, որ չկայացավ այդ փուլը։ Խոստովանեմ՝ կամայականությունից ես վախենում եմ, երբ օրենքով օրենքին ենթակա դատավորը հրապարակավ հրաժարվում է արդարադատություն իրականացնելուց, լուծում չի տալիս քեզ ներկայացված մեղադրանքը հերքող միջնորդություններին եւ պատճառաբանված չի պատասխանում քո պաշտպանության իրավունքի ոտնահարումներին… «Լավ եմ անում»,- օրը ցերեկով, ընդդեմ Հայաստանի Հանրապետության շպրտում է դատավորը։ Հոկտեմբերի 2-ի, 3-ի դեպքերը ծրագրված էին, բայց ոչ իմ կողմից։ Ես ամբողջ դատաքննությամբ, իհարկե, ծրագիր եմ իրականացրել, փորձարկել եմ քրեական վարույթի կարգը, միասնական եւ միակը հանրապետությունով մեկ, որոշված ՀՀ Սահմանադրությամբ ու դատավարական օրենքով, մյուս օրենքներով… Ինն ամիս շարունակ հրապարակային առճակատում էր վարույթի կարգի (իմ օրենքով որոշված անմեղության) եւ կամայականության (մեղադրողների սովորույթ դարձած ինքնիրավչության)։ Գործի պատվիրատուն որոշեց անցնել վճռական գործողությունների… Ցուցադրեց «իր» իրավունքը… Դռնփակ դատական քննության վարույթի կարգը ՀՀ օրենքով որոշված չէ. այն այսօր ապօրինի միջոցառում է։ ՀՀ Սահմանադրությունը (հոդված 39) նախատեսում է անհրաժեշտության դեպքում ինչ-ինչ ՀՀ օրենքով որոշված սահմանափակումներ։ Օրենքն ընդունված չէ։ Առանց մեղադրյալի, պաշտպանի մասնակցության չկա դատական քննություն, դադարում է մրցակցային դատավարության կարգը գործել, իսկ ուրիշ սկզբունքով դատավարություն՝ օրենքով որոշված չէ։ Դատարանն ապահովում է իմ պաշտպանության փաստացի հնարավորությունը։ Առանց կոնկրետ գործով կոնկրետ մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման՝ չկա մրցակցային դատավարություն, նույն դատավճռից առաջ վճիռ կարդացող դատախազը, որն առանց մեղադրանքը պաշտպանելու պատրաստակամության, հակառակ դրա, գործում է որպես արտակարգ դատարան ու պահանջում 8 տարի։ Բայց պատիժ սահմանում է դատարանը, իսկ սա հանցագործություն է, որ Հայաստանով մեկ քանի տարի կատարվում է։ Նման իրավասությամբ մեղադրողը օժտված չէ… Իմ պաշտպանության իրավունքն անտեսված է- ես այն բողոքարկել եմ օրենքով նախատեսված կարգով վերադաս (վերաքննիչ) դատարանին։ Սրանով կասեցված են (ս/թ հոկտեմբերի 5-ին, ժամը 12-ից սկսած) բողոքարկվող բոլոր որոշումները (դռնփակ նիստ, դատավորի հրաժարում արդարադատությունից, վիճաբանությունների փուլ)։ Ամեն ինչ առջեւում է։ Ա. ԲԼԵՅԱՆ, 7.10.2000թ.» Հավելենք, որ Աշոտ Բլեյանը երեկ միջնորդել է, որ դատաքննությանը դարձյալ մասնակցի իր պաշտպանը։ Չնայած նախապես հայտարարել էր, թե պաշտպանական ճառով հանդես չի գալու, երեկ նաեւ հայտնել է, թե լիովին պատրաստ է դատական վիճաբանությունների փուլին, պատրաստ է իր վերջին խոսքը։ Իսկ իր ճառը նա ուղարկել է նաեւ «Առավոտին», որը կհրապարակենք մեր վաղվա համարում։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել