Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 10,2000 00:00

Հայացք դրսից Ի՞նչ են մտածում ոչ խորհրդարանականները Այն, ինչ այսօր կատարվում է խորհրդարանում, Պարոնյանի գրչին արժանի իրավիճակ է։ Ուզես-չուզես, այս ամենը լուսաբանելիս՝ առանց հումորի ոչինչ չի ստացվի, քանի որ իրականում ԱԺ-ում խիստ կատակերգական իրավիճակ է։ Ավելի մանրամասն ազգային երեսփոխանների վարքն ու բարքը լուսաբանելը մեր խնդիրը չէ։ Այս անգամ մենք փորձեցինք ներկայացնել խորհրդարանից դուրս գտնվող կուսակցությունների կարծիքը ԱԺ-ի վերջին իրադարձությունների մասին։ Անդրանիկ Հովակիմյան, ՀՀՇ փոխնախագահ- «Ես չեմ ուզում վերլուծել ԱԺ-ի պահվածքը։ Ամենասարսափելին այն է, որ երկրի օրենսդիր իշխանությունը ներկայացնող ինստիտուտը պարբերաբար վարկաբեկվում է։ Կարծես թե հատուկ նպատակով ամենաանհեթեթ իրավիճակ է ստեղծվում։ Եվ այն, որ ժողովրդավարության ամենասկզբունքային հարցերից մեկը՝ իշխանությունների անջատումը, բոլորովին չի գործում։ Բոլորը սպասում են, թե նախագահը ինչ կասի, որ այդպես վարվեն»։ Արամ Սարգսյան, ՀԴԿ նախագահ- «Մենք մեր դիրքորոշումը չենք փոխել։ Հիմա էլ համոզված ենք, որ այս ամենը ոչ մի դրական ելքի չի տանի եւ այսպիսի խորհրդարանը պետք է լուծարվի։ Խնդիրը շատ ավելի խորն է։ Դեռ երեք ամիս առաջ ասացինք, որ ճգնաժամ է եւ բոլոր լուծումները իրավիճակային լուծումներ են։ Որպեսզի ամեն ինչ բնականոն հունի մեջ մտնի, պետք է ոչ թե պահպանենք արհեստածին մեծամասնությունը, այլ այն մեծամասնությունը, որը կձեւավորվի ազատ, արդար ընտրությունների ժամանակ։ Պետք է ձեւավորվի խորհրդարանական կուսակցությունների միավորում՝ ձախակողմյան եւ աջ լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների։ Եթե այսպես շարունակվի, երկիրն ավելի վատ վիճակում կհայտնվի, որովհետեւ որեւէ համակարգային փոփոխություն չի կատարվում ճգնաժամի հաղթահարման համար։ Ինձ շատ քիչ են հետաքրքրում անձերի փոփոխությունները, դրանք իրավիճակային փոփոխություններ են, որոնք ոչինչ չեն կարող տալ։ Ճգնաժամից դուրս գալու համար համակարգային փոփոխություն է հարկավոր»։ Վիգեն Խաչատրյան, ԼԴԿ նախագահ- «Այն, ինչ այսօր կատարվում է խորհրդարանում, առանձնապես ոչինչ չի փոխի։ Ըստ էության, խորհրդարանը երկրի օրենսդրությանը չի համապատասխանում, որովհետեւ պրոֆեսիոնալ խորհրդարան չէ, ինչպիսին որ պետք է լիներ՝ համաձայն ՀՀ Սահմանադրության։ Ակնհայտ է, որ այս խորհրդարանում բոլոր նորմերը խախտված են։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, կարծում եմ, խնդիրը ավելի լայն է՝ պետք է վերականգնել օրինական իշխանությունը։ Իսկ ընդհանուր առմամբ, այն, ինչ տեղի է ունենում, բխում է իշխանության բովանդակությունից։ Մի բան կարելի է ասել. այն երեւույթները, որ տեղի են ունենում այսօր, ոչ մի կապ չունեն պետության, հասարակության, տնտեսության առջեւ ծառացած խնդիրների լուծման հետ։ Այլ խոսքով՝ սրանք քաղաքական երեւույթներ չեն։ Անձնական հարաբերություններից այն կողմ չեն անցնում եւ վկայում են, որ պետական, քաղաքական, տնտեսական համակարգերը խոր ճգնաժամ են ապրում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել