Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 12,2000 00:00

Չկատարված պարտավորությունների հորձանուտում Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ պատասխանեց նախ պատգամավորների, հետո՝ լրագրողների տարաբնույթ հարցերին։ Պատասխանները բացահայտեցին պարտավորությունների համատարած չկատարում։ Ծերերի եւ մանուկների հանդեպ Սեյմոն Բաղդասարյանը պահանջում էր, որ հնչեն նրանց անունները, ովքեր պատասխանատու են թոշակների ուշացման համար։ Անդրանիկ Մարգարյանը պատասխանատուների անուններ չտվեց։ «Մենք կարողանում ենք պարտքը մաշեցնել, բայց այս տեմպերով եթե գնանք, բնականաբար, առանց լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հնարավոր չի լինի մինչեւ տարեվերջ, ինչպես խոսք էինք տվել, փակել պարտքը»,- վարչապետի այս խոստովանությունը փոքր-ինչ ուշացած է։ Քանզի, կառավարության ծրագրում խոստում կար, թե մինչեւ հոկտեմբերի 1-ը պիտի փակվեին թոշակների եւ աշխատավարձերի պարտքերը։ Այսուհանդերձ, Անդրանիկ Մարգարյանը հույսը չէր կորցնում. «Մեր ձեռնարկած միջոցառումները պայմանավորված էին նաեւ SAC 3-ի ստացման գործընթացով։ Մինչեւ դեկտեմբերի վերջը մենք այդ պարտքերը կփակենք»։ Ի դեպ, վարչապետը նաեւ խոստովանեց, թե 4 ամիս է չեն կարողանում տալ մանկատների սննդի փողը. «Իրավիճակն է այսպիսին… Երկու ամսվա ընթացքում կփորձենք լուծել»։ Պատգամավորների հանդեպ Հայոց բոլոր խորհրդարաններում միշտ գտնվել են պատգամավորներ, որոնք վարչապետներին գանգատվել են, թե նախարարներն իրենց հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Երեկ Մանուկ Գասպարյանն էր հերթական բողոքողը, որին ի պատասխան Անդրանիկ Մարգարյանը նշեց. «Վազգեն Սարգսյանը սկսեց դրա մասին ասել, Արամ Սարգսյանն ասեց, ես էլ կփորձեմ ասել եւ արդեն այսօր ասում եմ՝ պարոն նախարարներ, եթե պատգամավորները զանգ են տալիս…»։ Երկար հրահանգի համառոտ վերաշարադրանքն է՝ պարզեք, թե ինչ խնդիր է առաջացել. «Ուղղակի ժամանակ առ ժամանակ հարկավոր է մեր նախարարներին հիշեցնել, որ իրենք էլ են նախկինում պատգամավոր եղել։ Հետո էլ կարող են պատգամավոր դառնալ։ Հարկավոր է պատգամավորի «ղադրը իմանալ»։ Դաշնակիցների հանդեպ Քաղաքական խնդիրներն առավել հետաքրքրում են լրագրողներին, ուստիեւ՝ հենց որ Անդրանիկ Մարգարյանը հայտնվեց նրանց շրջափակման մեջ՝ սկսեցին տնտղել։ «Ազատություն» ռ/կ.- Հատկապես ՀԺԿ-ի կողմից դժգոհություն կա, որ քաղաքական խորհրդակցությունները «6+1» ֆորմատով են շարունակվում եւ ոչ թե միայն «Միասնության» հետ։ – Ընդհանրապես չգիտեմ, թե այդ «6+1» ֆորմատն ո՞վ է շրջանառության մեջ դրել եւ ի՞նչ են դրա տակ հասկանում։ Ուղղակի բանակցություններ են ընթանում կուսակցությունների միջեւ։ «Առավոտ».- Ի՞նչը Ձեզ համար վճռորոշ դարձավ, որ վերադառնաք ՀԺԿ-ի հետ համագործակցությանը, մի կողմ թողնելով հնգյակին կամ էլ փորձելով նրանց էլ ներառել բանակցություններում։ – Հարցը հենց սկզբից սխալ է ձեւակերպված, որովհետեւ ոչ թե թողնում-հետ ենք վերադառնում, այլ ուղղակի շարունակում ենք գործընթացն այն բոլոր քաղաքական ուժերի հետ, ովքեր շահագրգիռ են այս վիճակից դուրս գալու համար։ «Երկիր».- Կառավարության համար դժվար չի՞ լինի աշխատել արհեստականորեն պահպանված մեծամասնության հետ, երբ ակնհայտ են տարակարծությունները։ – Մեծամասնություն ասվածը շատ հարաբերական է։ Ես մայիսի 12-ին վարչապետ նշանակվեցի՝ էլի կար այս իրավիճակը։ Եվ կառավարությունն ու ՀՀԿ-ն կարողացան բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցել եւ փորձել կազմակերպել աշխատանքը։ «Առավոտ».- Որքանո՞վ եք, այնուամենայնիվ, ճիշտ համարում եւ արդյոք դա ԱԺ-ն չի՞ վերածում գործադիր իշխանության կցորդի, որ մեծամասնության ու խորհրդարանի ղեկավարության ձեւավորման շուրջ գրեթե բոլոր խորհրդակցություններն անցնում են անգամ Ձեր առանձնասենյակում։ – Եթե մի երկու անգամ հանդիպել ենք իմ առանձնասենյակում, դա ոչ թե վարչապետի եւ կառավարության հետ բանակցություններ են, այլ ՀՀԿ-ի խորհրդի նախագահի։ «Երկիր».- ՀՀԿ-ի փոխնախագահի հետ առկա տարակարծությունների մասին ի՞նչ կասեք։ – Այդպիսի տարակարծություններ չկա՛ն։ «Ար».- Տիգրան Թորոսյանն ասում է, որ դաշինքն այլեւս սպառված է, չկա՛։ – Դաշինքի լուծարման մասին հայտարարություն չի եղել ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ ՀԺԿ-ի կողմից։ Դուք կարող էիք այդ հարցը տալ նաեւ մայիսին։ Ինչո՞ւ չեք հարցրել՝ դաշինքը կա՞ր, թե՞ չկար։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել