Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 10,2000 00:00

«ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ» Պատմագիտությունը, որին պարտական ենք «հայկական առեղծված» հասկացությամբ, մշտապես բախվում է միեւնույն հարցին. ինչպես գոյատեւեց հայ ժողովուրդը։ Գուցե ոչ մի «հայկական առեղծված» չկա՞… Ժողովուրդը ապրեց, որովհետեւ ստեղծում էր ու ստեղծագործում։ Բավական է հիշել, որ թուրքերի յաթաղանից մազապուրծ մեր ժողովուրդը կոտորածի ժամանակ գրքեր, խաչքարեր ու ձեռագիր մատյաններ էր փրկում։ Ապրել ու ապրում ենք մեր մշակույթով։ Իսկ ինչպե՞ս… Կարճատեւ զրույց ունեցա Երեւանի քաղաքապետարանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն՝ Հասմիկ Կարապետյանի հետ։ – Ո՞րն է թիվ մեկ խնդիրը այդ ոլորտում։ – Իհարկե՝ գրականության ձեռքբերումը, տեխնիկական վերազինումը։ Վերջին տարիներին մեծ խոչընդոտներ են առաջացել ինֆորմացիոն դաշտը համալրելու գործում, բայց մենք որոնում ու գտնում ենք այն ուղիները, որոնք օգնում են մեզ լրացնելու այդ բացը։ Ասեմ նաեւ, առանց քաղաքապետարանի մշակույթի վարչության կոորդինացիայի, աշխատանքները լիարժեք կազմակերպել հնարավոր չէ, քանի որ վերջինս իրականացնում է մայրաքաղաքի մշակութային քաղաքականությունը։ Ես հաճախ լինում եմ միջազգային գրադարանային ֆորումների, ստանում ինֆորմացիա եւ գերնպատակս մինիմալ ծախսերով գրականություն ձեռք բերելն է։ Ի դեպ, մեր համակարգը մինչեւ տարվա վերջ կունենա մոտ 32000 ընթերցող։ Արդեն մեկ տարի է Բաց հասարակության ինստիտուտի «Սորոսի» ֆոնդի ռուսաստանյան գրասենյակը «Պուշկինյան գրադարան» ծրագրի շրջանակներում մեզ է առաքել մոտ 1100 անուն խիստ պահանջարկ վայելող գրականություն։ Այն մենք ձեռք ենք բերում գրականության շուկայական արժեքի 25%172ի չափով, եւ մոտ 1500 դոլար քաղաքապետարանը հատկացրել է այդ նպատակի համար, իսկ Մոսկվայից Երեւան գրականության անվճար առաքումը իրականացրել է «Սորոսի» հայաստանյան գրասենյակը։ Կարիք ունենք, իհարկե, մայրենի լեզվով գրականության։ Վերջիններս հրատարակվում են, բայց չկա գրահրատարակչական աշխատանքները կոորդինացնող պետական մի օղակ, որը տեղեկացնի, թե ինչ գրքեր են տպագրվում։ – 2001 թվականից, երրորդ հազարամյակը «ՅՈՒՆԵՍԿՕ»172ն հայտարարել է կրթության դար։ – Այո՛, ասել թե կրթական համակարգը չի նպաստում անհատի զարգացման, սխալ է, բայց գրադարանները մեծ անելիք ունեն եւ լրացնում են կրթական համակարգում եղած բացերը։ Հանրահայտ ճշմարտություն է՝ միայն կրթությամբ լիարժեք մարդ չես դաստիարակի։ Մարդը դառնում է կատարյալ մշակույթի, կրթության, արվեստի համընդհանուր ազդեցությամբ։ Կարծում եմ, պարզ է գրադարանների դերը։ Ունենք մեծ ժառանգություն, որը կարողացել ենք պահպանել, հասցնել մինչեւ մեր օրերը եւ հավատացած եմ՝ այսօրվա երիտասարդ ընթերցողները մեր մշակույթում իրենց հետագիծը կթողնեն։ – Ըստ հավաստի տեղեկությունների՝ գրադարաններն էլ են անցնում «ձմեռային ու ամառային ժամանակի»՝ էլեկտրաէներգիայի պատճառով։ – Քաղաքապետարանը մեր համակարգի վրա դրել է հոսանքի ծախսման լիմիտ՝ տարեկան 82000 կվտ ժամ։ Լիմիտից դուրս գումարը կգանձվի աշխատավարձից։ Ամռան ամիսներին էլեկտրաէներգիայի ծախսը պետք է չգերազանցի ամսական 50 կվտ ժամը, իսկ ձմռան ամիսներին՝ 100 կվտ ժամը։ – Կներեք, ես չեմ կարողանում հասկանալ։ Օրինակ՝ Արվեստի գրադարանում ցերեկային ժամերին էլ է մութ։ Ինչպե՞ս կարող է ընթերցողը առանց լույսի օգտվել գրքից, թեկուզ 100% տեսողության դեպքում։ Ավելացնեմ՝ վերջերս ներկա եմ գտնվել Ջորջ Բայրոնի անվան արվեստի գրադարանում կազմակերպված մի քանի միջոցառումների։ – Այո, ես տեղյակ եմ եւ ասեմ՝ գաղտնիք չէ այսօր, որ արվեստագետին պետք է վճարես, որ նա իր արվեստը ցուցադրի, բայց կան մշակութային գործիչներ՝ գեղանկարիչ, պրոֆեսոր Հրայր Գրիգորյան, նկարիչներ Արամայիս Դանիելյան, Նավասարդ Միքայելյան, քանդակագործ Միքայել Շիրոյան, ասմունքողներ՝ Աիդա Ասատրյան եւ Կարինե Շահինյան, կոնսերվատորիայի պրոֆեսոր Նորայր Դավթյան, Դանիել Երաժիշտ… որոնք իրենց նվիրումն ու նպաստն են բերում գրադարանին։ Հարցազրույցը վարեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել