Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 22,2000 00:00

ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎԵԼ Է «ՋԻՊՈՎ» Ալիկ Հարությունյանին մեղադրում էին պետական միջոցները վատնելու մեջ 2000 թվականի հունվարի 28-ին զինվորական դատախազությունը հարցաքննել է ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության ավտոտնտեսության տնօրեն Տիգրան Գրիգորյանին։ Վերջինիս «մերկացնող» ցուցմունքն, իհարկե, բացարձակապես չի առնչվում 27-ի գործին, եթե չհաշվենք, որ ուղղված է նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի դեմ։ Այն, հավանաբար, դատախազության կողմից «ձեռքի հետ» արված գործ է եղել, որին այդպես էլ ընթացք չի տրվել՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Տ.Գրիգորյանի հիշյալ ցուցմունքը վերաբերում է 99թ. մայիսից, այն ժամանակ դեռ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ալ.Հարությունյանին սպասարկող «Geep grand cherokee» մակնիշի ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերմանն ու շահագործմանը այն դեպքում, երբ վերջինիս միաժամանակ սպասարկել է «Մերսեդես» մակնիշի ծառայողական ավտոմեքենա։ Ըստ ցուցմունքի, «Ջիպը» Ալ.Հարությունյանի բանավոր կարգադրությամբ բերվել է «Կոնվերս Բանկից», վերանորոգվել եւ շահագործվել առանց համապատասխան փաստաթղթերի։ Ավելին, պարոն Գրիգորյանը նշել է, որ այս ավտոմեքենայի վրա շահագործման օրվանից ծախսվել է ավելի քան 6 հազար դոլար, ինչն իր կարծիքով ենթակա է վերականգնման։ «Ես համարվում եմ ավտոտնտեսության նյութական պատասխանատու անձ եւ համարում եմ, որ դրանք վատնված դրամական միջոցներ են, բայց դրա համար պատասխանատու չեմ, որովհետեւ կոնկրետ այս դեպքի համար ես կատարող եմ»,- իր ցուցմունքում նշել է Տ.Գրիգորյանը։ Ալ.Հարությունյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը սակայն այսպես արձագանքեց հիշյալ ցուցմունքի առկայությանը. «իմ համոզմամբ քննիչի կողմից կատարվել է հարձակվողական քննություն։ Քննչական խումբը կասի, թե վարել է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն, որին ես չեմ կարող առարկել, քանի որ այն միանգամայն օրենքի սահմաններում է։ Չմոռանանք սակայն, որ հարցաքննությունը կատարվել է 2000թ. հունվարի 28-ին»։ Պարոն Սահակյանցը նշեց նաեւ, որ այս մասով քրեական գործ չէր հարուցվել, քանի որ «ճշտվել էր, թե հիշյալ ավտոմեքենան համապատասխան պայմանագրերի եւ այլ փաստաթղթերի հիման վրա եւ օրենքով նախատեսված կարգով ձեւակերպված է եւ տրված է ՀՀ նախագահի գործերի կառավարչությանը»։ ՀՀ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, հիշյալ ավտոմեքենան տրամադրված է եղել ոչ թե կոնկրետ Ալ.Հարությունյանին, այլ աշխատակազմին։ Նրանք նշեցին նաեւ, որ նույն «Կոնվերս Բանկը» անհատույց օգտագործման համար աշխատակազմին է տրամադրել նաեւ շուրջ 30 համակարգիչ եւ նույն տրամաբանությամբ միջոցների վատնում կարող էր համարվել նաեւ դրանց ծախսած էլեկտրաէներգիան։ Նույն աղբյուրների վկայությամբ, զինվորական դատախազությունը դիմել է գործերի կառավարիչին եւ ստացել ավտոմեքենայի պատկանելությանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը։ Ավելին՝ նույն Տ.Գրիգորյանն արդեն 2000թ. հունիսի 8-ին այցելել է զինդատախազություն եւ փոխել նախկինում տված 7 էջանոց ցուցմունքը եւ մեկ ու կես էջում շարադրել, թե «նախորդ ցուցմունքում հայտնել եմ, որ «Ջիպ-Չերոկի» մակնիշի մեքենայի մեզ ի պահ հանձնելու եւ շահագործման համար իբրեւ թե փաստաթղթեր չունենք, սակայն իրականում փաստաթուղթ եղել է եւ այն ներկայացնում եմ Ձեզ»։ Հետո նա ավելացրել է. «Վերը նշված փաստաթղթերը եղել են գործերի կառավարչի մոտ, որի պատճառով սկզբում չեմ ներկայացրել։ Նույն պատճառով մեքենան տեխստուգատես չի անցել, հետագայում կանցկացնենք»։ Այս տրամաբանությամբ Տ.Գրիգորյանն իր երկրորդ ցուցմունքում հերքել է իր այն տեսակետը, թե տեղի է ունեցել ֆինանսական միջոցների վատնում. «Հիմա արդեն հասկանալի է, որ այդ գումարները վատնված չեն»,- եզրակացրել է նա։ Ստացվում է, որ պրն Գրիգորյանը ամիսներ շարունակ տեղյակ չէր, թե ինչ (օրինակա՞ն, թե՞ անօրինական) մեքենա է օգտագործում, եւ միայն «քաղաքական իրավիճակի փոփոխությանը» զուգահեռ դա «հասկացավ»։ Ալ.Հարությունյանն այս ցուցմունքն ու չկայացած գործն առանց մեկնաբանելու ասաց. «Այս զավեշտական պատմության մասին հարցրեք այն մարդկանց, որոնք ի պաշտոնե զբաղվել են եւ եթե նրանք համարձակություն կունենան ասել, թե ինչպես է եղել, ես բավարարված կլինեմ»։ «Համապատասխան մարդկանց» զինվորական դատախազությունում գտնել չհաջողվեց. քննիչներից որեւէ մեկի հեռախոսը պարզապես չէր պատասխանում։ Բայց մենք հույսներս չենք կորցնում եւ առաջիկա համարներում պատրաստ ենք զետեղել նրանց մեկնաբանությունները։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել