Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2000 00:00

«Կուզեի կենցաղը չխանգարեր ինձ արվեստում» Երկրի սոցիալական, տնտեսական վիճակն անպայման անդրադառնում է արվեստի զարգացման վրա։ Դրան ավելանում է նաեւ այն, որ մեզանում, հատկապես երաժշտության ասպարեզում, խաթարվել են շատ արժեքներ՝ հանձինս օրուգիշեր հրամցվող անորակ ու անճաշակ կատարումների։ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում հանդիպեցի կոմպոզիտոր Վարդան Աճեմյանին։ Նա իր անհանգստությունն արտահայտեց մեր օրերում երաժշտական արժեքների խաթարման մասին, որոնք ունեն մեր ժամանակի գրեթե բոլոր արվեստ կերտողները։ – Ընդհանրապես երաժշտությունը այն համամարդկային լեզուն է, որը չկարողացավ խառնել ու խաթարել Բաբելոնյան աշտարակաշինությունը։ Խոսակցական լեզուները զատվեցին այնպես, որ տարբեր ազգության պատկանող երկու հոգի առանց թարգմանչի չեն կարող բարեւել, բայց, տեսեք, երաժշտությամբ ժողովուրդներն առանց միջնորդության հաղորդակից են դառնում միմյանց պատմությանը… Ընդհանրապես ծառայությունը արվեստին՝ մասնակցություն է ժողովրդի անանց արժեքների ստեղծմանը։ Այսօր մեր արվեստի մակարդակը ուղիղ համեմատական է ժողովրդի կենսամակարդակին եւ քիչ չեն այն արվեստագետները, որոնք ելնելով իրենց սոցիալական դրությունից, ասեմ մեր ասպարեզում՝ գնում են ցածրորակ երաժշտության կողմը։ Ցավալի է։ Մեր ժողովրդի բնավորությունը, հոգեւոր աշխարհը արտահայտվում է նաեւ երգի ու սիմֆոնիկ երաժշտության մեջ։ Թերեւս արվեստի ոչ մի տեսակ այնպիսի իշխանություն չունի մարդկային հոգու վրա, որքան երգը։ Լավ երգեր կան անշուշտ, լավ կատարողներ՝ նույնպես, բայց մի բան անվիճելի է՝ «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը», իսկ վճարողը ոչ պետությունն է, ոչ էլ նրա «սրտացավ ղեկավարները»։ Ավելին՝ ցածրորակ երաժշտության ունկնդիր են դառնում ժողովրդի այն ծավալուն զանգվածները, որոնք, բնականաբար, չեն պատվիրել երաժշտությունը։ Իսկ երգը, մեր հայ երգը, թերեւս մեր հողի հասակակիցն է, նրա դասական նմուշներից շատերը ժողովրդի տարիքն ունեն։ Տեսեք, մինչդեռ հայկական սիմֆոնիզմը իր կենսագրությունը սկսում է Ալ. Սպենդիարյանից, ուրիշ խոսքով՝ դարը դեռ չի բոլորել, սակայն այս կարճ տեւողության մեջ ունեցանք իսկապես մեծ սիմֆոնիստներ։ Այստեղ առաջին անունը Արամ Խաչատրյանն է։ Այս երեւույթը չէր կարող չբացել բանուկ ու լայն մայրուղի, որով այնուհետեւ ճանապարհ պիտի ելներ կոմպոզիտորների մի ողջ համաստեղություն՝ Ալեքսանդր Հարությունյան, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Էդգար Հովհաննիսյան, Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Աճեմյան… Երաժշտական արվեստը պետք է ունենա ավանդույթներ, իսկ մենք ունենք, այն էլ ինչպիսի ավանդույթներ… – Ինչո՞վ եք զբաղվում այսօր եւ գո՞հ եք ձեր ունկնդրից։ – Այսօր զբաղվում եմ օպերային, սիմֆոնիկ եւ կամերային ժանրերում։ Գրում եմ երգեր, որոնք հիմնվում ու հիմնված կլինեն մեր ավանդույթների վրա, բայց, իհարկե՝ անպայման այսօրվա շնչով։ Չեմ բողոքում, ինչպես ընդունված է ասել՝ «կատարվող» կոմպոզիտոր եմ։ Վերջերս մաեստրո Ղարաբեկյանի ղեկավարած կամերային նվագախումբը փայլուն կատարեց իմ «Նախերգանքը», Կոմիտասի անվան լարային քառյակի մեկնաբանությամբ հնչեց կվարտետը նվիրված ուսուցչիս՝ Ղազարոս Սարյանին, ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչում են գործերս։ Շատ եմ մտածում այսօրվա ունկնդրի մասին, միանգամից ասեմ՝ պատրաստված ունկնդիր չունենք։ Հաճախ մարդաշատ դահլիճներում հնչում են օվացիաներ, հարց է ծագում՝ այդ ստեղծագործությունը արժանի էր կամ հակառակը՝ հիանալի գործ, հրաշք կատարում եւ… երկու, երեք ծափ։ Ասացի՝ պատրաստված ունկնդիր չունենք, գուցե կորցրե՞լ ենք մեր ունկնդրին… 1986 թվականից դասավանդում եմ ստեղծագործական ամբիոնում։ Գիտեմ մի պարզ ճշմարտություն՝ մանկավարժը փակ դռները բացելու բանալի պետք է ընձեռի, բայց ոչ երբեք՝ ուսանողի ձեռքը բռնած մեկ առ մեկ բացի փակ դռները։ Թե՛ կոմպոզիտորին եւ թե՛ կատարողին չեմ կարողանում ներել, երբ վերջիններս ընդօրինակում, նմանակում են։ Չկա ավելի հեշտ բան, քան ընդօրինակելը եւ, միաժամանակ, արվեստում չկա ավելի սպանիչ բան, քան նմանակումը։ Հավատացած եմ՝ մեզ ոչ ոք չի ների, եթե բազում մարդկանց ջանքերով ստեղծված որակը չպահենք՝ հանձնելու համար եկողներին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել