Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 24,2000 00:00

Աուտսայդերների հայացքով ԱԺ172ից դուրս մնացած կուսակցությունները քննարկում են Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, ըստ որոնց, մասնավորապես, ամրագրվում է 94/37 հարաբերակցությունը՝ հօգուտ համամասնական սկզբունքի։ «ԱԻՄ-ը ողջունում է Օրենսգրքում կատարված փոփոխությունը՝ հոգուտ համամասնական ընտրակարգի»,- նշեց ԱԻՄ-ի նախագահ Ներսես Զեյնալվանդյանը։ Ավելին, նա հավաստեց, թե կուսակցությունը կողմ է 100 տոկոս համամասնական ընտրակարգին, բայց դա ապագայի եւ Օրենսգրքի հաջորդ փոփոխությունների խնդիրն է։ «Նախորդ քննարկումների ժամանակ էլ գործող հիմնական կուսակցությունները կողմ էին համամասնականին, բայց ԱԺ իշխանական մեծամասնությունն առաջնորդվում էր սեփական շահերով։ Հիմա նրանք, նաեւ ՀԺԿ-ն, հասկանում են, որ իրենց, մեծամասնական ընտրակարգով, ավելի դժվար կլինի հայտնվել ԱԺ-ում»։ Ըստ պարոն Զեյնալվանդյանի՝ իշխանություններն այն ժամանակ ավելի մեծ լծակներ ունեին ընտրությունների վրա ազդելու համար, մինչդեռ հիմա այդ համոզվածությունը չունեն։ Զարմանալի է։ «Ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր մեկ մարդու ձեռքում, եւ, ինչպես ուզում, այնպես էլ անում էին»։ Ի տարբերություն ԱԻՄ-ի, ՀԴԿ-ն դեռեւս դժգոհ է Օրենսգրքի ընդունված տարբերակից։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, թե իրենք պահանջում էին անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին։ «Ընդունվածը միջանկյալ տարբերակ է, մինչդեռ քաղաքական ուժերն իրենց գաղափարական հենքի վրա պետք է ձեւավորեն քաղաքական խորհրդարան։ Այդ դեպքում քաղաքական մրցակցությունն էլ բնականոն կլինի եւ կձեւավորվեն աջ եւ ձախ դաշտերը»։ Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է բացատրում նախագահ Քոչարյանի դիրքորոշման փոփոխությունը, պարոն Սարգսյանը նկատեց, թե նախկին ընտրությունների անհաջող փորձը թույլ է տվել համապատասխան եզրակացություններ անել։ 99-ին Օրենսգրքի քննարկման ժամանակ ՀՀՇ-ն եւ «Հանրապետություն» խմբակցությունն՝ ընդհանրապես, գտնում էին, որ համամասնականը մեծամասնականի համեմատ գերակայող լինի։ Կուսակցությունն իր այս դիրքորոշումը պնդում է նաեւ այսօր, եւ դարձյալ դժգոհ է կատարված փոփոխությունից։ ՀՀՇ վարչության անդամ Անդրանիկ Հովակիմյանը հստակեցրեց, թե իրենք 106 համամասնական – 25 մեծամասնական հարաբերակցության կողմնակից են։ Ընտրական հանձնաժողովներն էլ, ըստ պարոն Հովակիմյանի, պետք է ձեւավորեն միմիայն իշխանությունները՝ ընտրությունների համար լիակատար պատասխանատվություն ստանձնելու համար։ «Օրենսգրքի փոփոխություններն անհրաժեշտ էին, բայց անգամ այս դեպքում ընտրակարգի հարաբերակցությունն էլ էական դեր չի ունենա, քանի դեռ իշխանություններն ու Ռ.Քոչարյանը մտադիր են ադմինիստրատիվ ռեսուրսների հաշվին եւ պետական մեքենայի ճնշման տակ ձեւավորել սեփական խորհրդարանը՝ այս անգամ նախագահի գրպանային կուսակցությունների միջոցով»։ Ինչ խոսք, դա ՀՀՇ172ի համար բացարձակապես խորթ գործելակերպ է։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության դիրքորոշումը համամասնական-մեծամասնական ընտրակարգի հարաբերակցության վերաբերյալ հայտնի է։ Կուսակցության նախկին նախագահ Էդ.Եգորյանն էր «Միասնական» տարբերակի հիմնական հեղինակը, որին միացել էին 12 այլ կուսակցություններ։ «Մենք առաջարկում էինք 100 համամասնական եւ 31 մեծամասնական հարաբերակցությունը։ Սրա դեմ ակտիվ եւ ագրեսիվ պայքար էին սկսել իշխանությունները՝ Ռ.Քոչարյանի գլխավորությամբ»,- հիշեցրեց կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանը։ «Իսկ ի՞նչ փոխվեց» հարցին, Պ.Մաքեյանը պատասխանեց. «Առայժմ ԱԺ-ն հաջողությամբ ծառայում է Ռ.Քոչարյանին, բայց հենց հասարակությունը սկսի ընդվզել, իսկ այդ պրոցեսն արդեն նշմարվում է, գոլորշին բաց թողնելու համար՝ նախագահը կընտրի համապատասխան պահն ու կլուծարի խորհրդարանը՝ ապագա ԱԺ-ի մանրակերտն աչքի առաջ ունենալով եւ հենվելով իրեն այսօր սատարող կուսակցությունների վրա»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել