Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 24,2000 00:00

«Փոսի» թատրոնի նոր ընթացքը Երեւանի պետական երիտասարդական թատրոնը շատերին հայտնի է «Փոսի» թատրոն անվանումով։ Տասներկու հոգուց կազմված թատերախումբը մեկ տարվա ընթացքում հանդիսատեսին ներկայացրեց հինգ բեմադրություն, վերջինը Ռ. Աբրահամյանի «Ուր ենք գնում» ստեղծագործությունն է։ Բեմադրության թեման արտագաղթն է եւ դրա հետեւանքները: Ներկայացումը դիտելուց հետո հետաքրքրություն առաջացավ ամբողջացնել թատրոնից ստացած տպավորությունը, ուստի դիմեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար Ազատ Գասպարյանին։ – Պարոն Գասպարյան, ձեր հրավիրատոմսերի վրա գրված է Մ. Ռոոմի խոսքերը, այն է՝ «Օգնել պետք է տաղանդավորներին, միջակները իրենք կհարթեն իրենց ճանապարհը»։ Դուք օգնո՞ւմ եք նրանց եւ ինչո՞վ եք օգնում։ – Ես՝ համահունչ հեղինակի խոսքերին, ներկայացման մեջ ներգրավեցի երիտասարդ, դեռ սովորող դերասանների։ – Երիտասարդ դերասանների մակարդակը, գրագիտությունը բավարա՞ր է, որպեսզի նրանք թատրոնում աշխատելու իրավունք ունենան։ – Փառք Աստծո, մեր դերասանների մակարդակը բավարարում է, մեր բուհի լավագույններն են, բայց, ընդհանրապես, այսօրվա երիտասարդությունը, ուսանողությունը քիչ է կարդում։ – Լինելով դերասան, ե՞րբ որոշեցիք ներկայանալ որպես ռեժիսոր։ – «Ուր ենք գնում» ներկայացումը իմ առաջին ռեժիսորական աշխատանքն է, եւ ես ինձ միշտ դերասան եմ համարում։ – Ձեր կարծիքով, հանդիսատեսը հաճույքով թատրոնում կդիտի Չեխո՞վ, Շեքսպի՞ր, Սունդուկյա՞ն, թե՞ այժմեական բովանդակություն ունեցող բեմադրություններ։ – Ցավոք, այսօր մեր հանդիսատեսը ոչ դասական դրամատուրգների, ոչ նորօրյա հեղինակների գործերը չի ուզում դիտել ու ընկալել, որովհետեւ դրա ժամանակը չունի։ Կտրվել է հանդիսականը թատրոնից։ Մեր գործունեության նպատակն է վերադարձնել հանդիսականին, որպեսզի դահլիճում նրանք հուզվեն, մաքրազարդվեն։ Որպեսզի հանդիսականը իմանա, որ առանց արվեստի ինքը ընդամենը «շնչավոր» է, իսկ արվեստով՝ մարդ։ ԱՐՄԻՆԵ ՇԱՎԱՐՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել