Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 24,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԿԱՄԱՎՈՐ Երեկվա «Առավոտում» տպագրված «Չէ, «Հայի բախտն» իր հետ է» հրապարակման կապակցությամբ մենք դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանին։ Հարցն այսպիսին էր. արդյոք որեւէ քայլ գլխավոր դատախազությունը ձեռնարկե՞լ է «Հայի բախտ» վիճակախաղի տերերի փախուստի պատճառով քաղաքացիներին հասցված նյութական եւ բարոյական վնասը հատուցելու ուղղությամբ, եւ կարո՞ղ է վերոնշյալ հրապարակումը դառնալ հիմք՝ իրավական ճանապարհով հարցը լուծելու համար։ Գ. Դանիելյանը նախ տեղեկացրեց, որ 9 վիճակախաղ ներկայումս փակվել են, իսկ 6-ը կասեցվել, նշեց նաեւ, որ որոշ վիճակախաղեր փակվել են կամավոր։ Ինչ վերաբերում է կոնկրետ «Հայի բախտին», ասաց. «Մենք կպարզենք, թե ինչ շրջանառություն է ունեցել» եւ կդիմեն «տարածքի դատախազությանը՝ քննարկման ուղարկելու» համար վերոնշյալ հրապարակումը։ Գ. Դանիելյանը ասաց, որ ժամանակին, մինչեւ օրենքի ընդունումը իրենք դիմել էին միջնորդությամբ ֆինանսների նախարարությանը, որպեսզի առանց ապահովագրական հիմնադրամի արտոնագիր չտրվեր վիճակախաղին։ Ընդ որում, այդ ապահովագրական հիմնադրամի համար կտրվեր անդորրագիր մի բանկից, որը գտնվեր նրանց իսկ հսկողության տակ։ Այդ դեպքում վիճակախաղի կազմակերպիչը ուր ուզում էր կարող էր փախչել, իսկ քաղաքացին իր գումարը կստանար վիճակախաղի ապահովագրական ֆոնդի հաշվին։ Ռ. Մ. 18-ՐԴ ԴԻՐԻԺՈՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԵՐԳԸ Կիրակի օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Սա Էդուարդ Թոփչյանի՝ որպես ՀՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, առաջին համերգն է. Պյոտր Չայկովսկու «Փոթորիկ» ֆանտազիայի առաջին կատարում, Մաքս Բրուխի «Ջութակի եւ նվագախմբի թիվ 1 կոնցերտը», Յոհաննես Բրամսի «Առաջին սիմֆոնիա»: Էդուարդ Թոփչյանը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի 18-րդ դիրիժորն է եւ երկրորդը, որ այդ տարիքում է հանձն առել այս պատվավոր եւ պատասխանատու պաշտոնը: Չայկովսկու բազմաթիվ ստեղծագործություններ են հնչել ՀՖՆ-ի կատարմամբ, այս անգամ հնչած «Փոթորիկ» ֆանտազիան, որը կոմպոզիտորի գեղագիտության եւ փիլիսոփայության վառ արտահայտությունն է՝ մարդկային հուզումներ, խոր ապրումներ, բարու եւ չարի պայքար եւ, ի վերջո, բանականության հաղթանակ: Երիտասարդ, տաղանդավոր դիրիժորին հաջողվել էր հարազատ մնալ կոմպոզիտորի պարտիտուրին, մտքին, անձամբ հեղինակի նշած շտրիխներին: Մաքս Բրուխի «Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը» շատ անգամ է հնչել Երեւանում: Սակայն Սիբիլլե Չոփը յուրահատուկ մի կատարում ներկայացրեց, որը հագեցած էր մեղեդու եւ տեխնիկական հագեցած հնարանքների նրբագույն զգացողականությամբ ու համադրությամբ: Անմիջապես զգացվում էր ֆրանկո-բելգիական աշխարհահռչակ դպրոցի փայլն ու հմայքը: Նվագախմբի նոր տարեգրության առաջին համերգը անցավ մեծ հաջողությամբ: ՆԱՐԵԿ Վ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել