Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 28,2000 00:00

Հայաստան ներգաղթում են միայն մասունքի տեսքով Պաշտոնական տվյալներով Հայաստանում ահագնացող արտագաղթի մասին լուրերը խիստ չափազանցված են. Հայաստանում Ամերիկայի եւ Ֆրանսիայի դեսպանատների առջեւ ամեն օր գոյացած հսկայական հերթերը ընդամենը տեսողական խաբկանք են։ Ազգային հեռուստատեսությամբ օրերս ներկայացվեցին վիճպետվարչության պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ այս տարի Հայաստանից օդային եւ այլ ճանապարհներով մեկնողների եւ վերադարձողների տարբերությունն ընդամենը 54 հազար է։ Այս թիվն, ինչ խոսք, Ռոբերտ Քոչարյանի հմուտ եւ իմաստուն քաղաքականության ապացույցն է, քանի որ, ըստ նույն աղբյուրի, նրա նախագահ դառնալուց առաջ այդ թիվը 700 հազար էր կազմում: Մնում է, որ այդ պաշտոնական թվերին հավատացող լինի:Ստորեւ ներկայացնում եմ մեր շարքային քաղաքացիների կարծիքը՝ որքա՞ն մարդ է վերջին տարիներին արտագաղթել Հայաստանից։ Կամո Եփրեմյան (մանկավարժ)- Կարող եմ ասել Արտաշատի մասին. շաբաթական մեր տան կողքից ավտոբուս է գնում։ Պատկերացրեք՝ 50 տեղանոց ավտոբուսը լիքը լցված՝ մոտ 70-80 մարդ։ Փաստորեն, միայն Արտաշատ քաղաքից ամիսը մոտ 300 մարդ մեկնում է։ Օգսեն Միրզոյան (ծանրամարտի աշխարհի չեմպիոն)- Ես կոնկրետ տվյալներ չունեմ։ Եթե օրական մի հինգ ընտանիք էլ մեկնի Հայաստանից, բավական մեծ թիվ կկազմի։ Անաստաս Վարդանյան (թոշակառու)- Չափից դուրս արտագաղթում են։ Գնանք Ամերիկայի, Ֆրանսիայի դեսպանատների մոտ նայենք. կես կիլոմետրանոց հերթեր են։ Եթե սուտ չասեմ՝ էն Լեւոնի եւ էս Քոչարյանի վախտով 2,5 մլն արտագաղթել են։ Արմեն Պողոսյան (բանվոր)- Մեկուկես, երկու միլիոն։ Նույնիսկ՝ ավելի շատ էլ։ Վահագն Մկրտչյան («Երեւան» հիմնադրամի գործադիր տնօրեն)- Դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ չեմ տիրապետում սոցիոլոգիական ճշգրիտ տեղեկատվության, քանի որ չեմ հավատում Հայաստանում սոցիոլոգիական վիճակագրության որեւիցե մի տվյալի՝ հաշվի առնելով իմ անցյալի փորձը։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել