Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 28,2000 00:00

ՀԱՄՈԶԻՐ՝ ՀԵՏԴ ՀԱՄԲՈՒՐՎԵՆ ՈՒ ԼԻԴԵՐ ԿԴԱՌՆԱՍ Նոյեմբերի 24-26-ը «Սեւան» մոթելում AIESEC-ի կազմակերպած հավաքը շատ լուրջ խորագիր ուներ՝ «Լիդերական ունակությունների զարգացման ազգային սեմինար»։ Պակաս լուրջ չէ AIESEC-ի նպատակը՝ նպաստել ապագա լիդերների անհատական եւ մասնագիտական ունակությունների զարգացմանը։ Սակայն եռօրյա սեմինարի առօրյան այնքան հագեցած էր «զվարճալի» մրցույթներով, ասենք «Kissing competition»-ը՝ լավագույն համբուրվողի մրցույթը, որ լավատեսորեն հավատում ես՝ շատ սիրառատ ու հումորով լիդերներ ենք ունենալու։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է, որ համբուրվելու ինստիտուտը սերտորեն առնչվում է լիդերության հետ, թող հիշի, թե ինչ հարգի է այն մեր անցյալ ու ներկա լիդերների մոտ։ «Kissing competition»-ի ինչ պակաս մրցանակակիր էր Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը։ Ու ինչ վատ կլիներ, որ նման մրցույթ մեր կառավարության համար անցկացվեր. պատկերացնո՞ւմ եք՝ նախագահականի հայտնի դեմքերից համբույր կորզելը գնահատվում է որոշակի միավոր (նայած դեմքի հայտնիությանը) ու ամենաշատ միավոր հավաքածը դառնում է «այն տղամարդը», որին թույլ կտան վարչապետ խաղալ երկու ամիս։ Մնացած մրցանակակիրները, ըստ հավաքած միավորների «արժեքի», կզբաղեցնեն կառավարության անդամների աթոռները։ Կարո՞ղ է կառավարություն ձեւավորելու ներկայիս սկզբունքներն ավելի լուրջ են։ Բայց դժվար թե մեր ներկա լիդերները կարողանան այս խաղը ազնիվ խաղալ։ Իսկ AIESEC-ում ազնիվ են խաղում եւ գուցե նաեւ այն բանի շնորհիվ, որ 1989-ից գործող ու բավականին հարուստ կենսագրություն ունեցող այս կազմակերպության թե անդամները, թե ղեկավարները 18-20 տարեկան ուսանողներ են։ Ընդհանրապես AIESEC-ը միջազգային անկախ կրթական ասոցիացիա է, որ հիմնադրվել է 1948 թ. եւ մասնաճյուղեր ունի աշխարհի 84 երկրներում։ Նրա հիմնական սկզբունքներն ու արժեքներն են՝ զարգացնել լիդերություն, ցուցաբերել միասնություն, ապրել բազմազանությամբ, ձգտել կատարելության, դրսեւորել կայունություն։ Այս ամենը փորձում են հաղորդել իրենց կազմակերպության անդամ ուսանողներին նման սեմինարների միջոցով։ Ընդ որում՝ սովորեցնողներն էլի ուսանողներ են, որոնք AIESEC-ում են մեկ տարուց ավելի։ Պատվավոր հյուրեր եւս լինում են։ Այս սեմինարին դասախոսությամբ հանդես եկավ Կալիֆոռնիայի Ջորջ Մեյսոն համալսարանի հայտնի պրոֆեսոր Մուրադ Մուրադյանը։ AIESEC-ում նույնիսկ լուրջ բաները սովորում ու սովորեցնում են խաղ-մրցույթներով ու հումորով։ Պատկերացրեք գետնի վրա շրջանագծով նստոտած ու իրար ձեռք բռնած մի 15 երիտասարդ, որոնք խաղը վարողի հրահանգով պիտի միասին ու միաժամանակ վեր կենան գետնից։ Հավատացնում եմ, որ հռհռոցներ պոկելու աստիճան ուրախ պատկեր է։ Բայց այն սովորեցնում է թիմային մտածողություն, ցույց տալիս, թե երեխաները կարողանո՞ւմ են միասին ինչ-որ խնդիր իրականացնել։ Ապագա լիդերները չկիսեցին տարակուսանքս, թե մի՞թե թիմային մտածողությունը չի հակասում լիդերությանը։ Ըստ նրանց, լիդերը պիտի մյուսների կարծիքը լսելու ու թիմի անդամներին հարգելու կարողություն ունենա։ Նման խաղերը բացահայտում են նաեւ երեխաների լիդերական ունակությունները։ Նա, ով կարողանում էր թիմին համոզել, որ խնդրի լուծման իր առաջարկած տարբերակն ամենաճիշտն է, հաստատ լավ լիդեր է լինելու։ Սակայն միայն սեմինարներով AIESEC-ի գործունեությունը չի սահմանափակվում։ Այն առավել հայտնի է միջազգային վերապատրաստումների փոխանակման ծրագրով, որի նպատակն է AIESEC-ի անդամ 84 երկրներում վերապատրաստվելու հնարավորություն ընձեռել ուսանողներին ու նորավարտ մասնագետներին։ Յուրաքանչյուր տարի մոտ 20 ուսանող վերապատրաստման է մեկնում աշխարհի տարբեր ընկերություններ՝ հարստացնելով ուսման ընթացքում ստացած տեսական գիտելիքները գործնական փորձով եւ մասնագիտական հմտություններով։ Ընդ որում՝ այս ծրագիրը հիմնված է «մեկը մեկի դիմաց» սկզբունքի վրա. այսինքն արտասահման ուղեւորված յուրաքանչյուր հայ ուսանողի դիմաց Հայաստանի AIESEC-ը հյուրընկալում է արտասահմանցի մեկ ուսանող՝ ապահովելով նրա վերապատրաստումը մեր ընկերություններում։ Այս ամենի մասին տեղեկացրեց Հայաստանի AIESEC-ի 2000-2001թթ. նախագահ Սուրեն Մելիքյանը։ Ի դեպ, նախագահ ընտրվում է մեկ տարով, կազմակերպության անդամներից։ Նախագահը միայն մի առավելություն ուներ. ամենաբարձրը՝ 100 միավոր, նրա համբույրն էր գնահատված։ Մնացյալ հարցերում կատարյալ ժողովրդավարություն էր ու «պրիկոլներից» ամենաշատ հենց նա էր տուժում։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել