Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2000 00:00

ԱՆՑՅԱԼԸ ՓՆՈՎԵԼԸ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանը մեր ժողովրդի պատմության մասն է՝ իր նվաճումներով եւ դառնություններով: 80 տարի առաջ դաշնակցության առավել իրատես եւ լրջմիտ առաջնորդներ Հովհաննես Քաջազնունին եւ Դրաստամատ Կանայանը, համաձայնության գալով բոլշեւիկյան Ռուսաստանի էմիսարների հետ, կամավոր նրանց հանձնեցին այն տարածքը, որը մնացել էր անկախ Հայաստանից: Կարմիր բանակի մուտքը ապահովեց այդ տարածքի անվտանգությունը եւ, իր բազմաթիվ բացասական հետեւանքներով հանդերձ, նպաստեց հայկական պետականության պահպանմանը: Այսպիսով, հիմք դրվեց Հայաստանի Երկրորդ Հանրապետությանը: Սկսվեց մեր ժողովրդի պատմության կարեւորագույն փուլը՝ հակասական, բոլոր մնացած ժամանակաշրջանների նման։ Այս առումով ինձ համար մինչեւ վերջ հասկանալի չէ, թե ինչու մայիսի 28-ը եւ սեպտեմբերի 21-ը այսօր իրավացիորեն նշվում են որպես պատմական նշանակալից իրադարձություններ, իսկ նոյեմբերի 29-ը՝ ոչ: Անշնորհակալ գործ է՝ փորձել որոշել, թե ինչն էր գերակայում մեր անցյալի այս կամ այն հատվածում: Կոմունիստների ժամանակ կառուցվել էր Մատենադարանը, բայց Հայաստանից աքսորվել էին հազարավոր հայեր: Մի կողմից՝ զանգվածային գնդակահարություններ եւ համակենտրոնացման ճամբարներ, մյուս կողմից՝ աշխատանք, որն ապահովում էր նորմալ, արժանապատիվ կյանք: Անբնական, ի վերջո կործանման բերած տնտեսական հարաբերություններ եւ 60-70-ականներին՝ մշակույթի ծաղկում: Անհեթեթ առարկաներ բուհում (ասենք՝ «գիտական կոմունիզմ») եւ կրթության հզոր ու բավականին արդյունավետ համակարգ: Ո՞ր մեկն ասես: Կոմունիստական լիդերներ, որոնք հավատում էին կեղծ իդեալներին (Ստեփան Շահումյան, Ալեքսանդր Մյասնիկյան) կամ չէին հավատում դրանց (Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան), բայց դժվար թե որեւէ մեկի լեզուն պտտվի ասել, որ նշված գործիչները, իրենց ակնհայտ թերություններով, հայրենասեր չէին: Կոմունիստական շրջանի համապարփակ գնահատականը թողնենք անաչառ պատմաբաններին (եթե այդպիսիք կան): Երկրորդ Հանրապետության 80-ամյակը պարզապես առիթ է եւս մեկ անգամ հաստատել հանրահայտ ճշմարտությունը. հավասարապես անիմաստ է անցյալը ներկայացնել թե բացարձակապես վարդագույն եւ թե բացարձակապես սեւ գույնով: Ցավոք, երկրորդ տարբերակը հաճախ է դառնում պետական քաղաքականություն: Նույն կոմունիստների մանիֆեստում կան պարծենկոտ եւ մեծամիտ տողեր այն մասին, թե իբր իրենցից առաջ ընկած ժամանակահատվածը ընդամենը մարդկության նախապատմությունն էր, իսկ ահա իսկական պատմությունը սկսվելու է կոմունիստների ժամանակ: Գաղափարը օրիգինալ չէ. հազարամյակների ընթացքում շատ հաճախ նոր թագավորը փորձում էր իրեն վսեմացնել՝ նախորդին նսեմացնելու ճանապարհով: Կարիք կա՞ ասելու, որ ճիշտ այդպես է վարվում Հայաստանի ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ առումով նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Իր կուսակցությունների եւ քարոզիչների միջոցով նա փորձում է սերմանել այն միտքը, որ Հայաստանի ամբողջ պատմությունն իրենից առաջ դաժան հանցագործությունների, ճակատագրական սխալների եւ ապաշնորհ ղեկավարների պատմություն էր: Եվ ահա եկավ Նա՝ բարոյական կատարելության մարմնավորում, նուրբ դիվանագետ, բոցավառ հայրենասեր եւ վերահաստատեց արդարությունը, վերակենդանացրեց տնտեսությունը, սրբագրեց իր ապազգային նախորդների սխալները: Այդպես էր ընդունված դարեր շարունակ: Օրինակ՝ նոր, սեփական աշխարհ կերտելու մոլուցքով տառապող բոլշեւիկները ոչ միայն սկզբնական շրջանում ոչնչացրին այն, ինչ հնարավոր էր ոչնչացնել (եկեղեցիները, մշակույթը, մասնագետներին), այլեւ ամեն մի նոր բոլշեւիկ, իշխանության գալով, իր էներգիայի մեծ մասը ծախսում էր իր նախորդներին փնովելու վրա: Դասական օրինակ է Ստալինը եւ իր կողմից ստեղծած ԹԽկ(ո)172ի «Համառոտ կուրսը», որում հեղափոխական առաջին տասը տարիների պատմության մեջ լկտիաբար ուռճացված էին իր՝ Ստալինի դերն ու բարեմասնությունները, իսկ նախկին զինակիցները ներկայացված էին որպես դավաճաններ եւ հանցագործներ: Այս պահիս Հայաստանում քոչարյանական գործիչների եւ քարոզիչների ջանքերով ստեղծվում է Երրորդ Հանրապետության «Համառոտ կուրսը»՝ անկախության տասը տարիների պատմության աղճատված տարբերակը՝ Ռոբերտ Քոչարյան գլխավոր հերոսով եւ Լեւոն Տեր-Պետրոսյան գլխավոր հակահերոսով: Այդպես է ընդունված թերզարգացած երկրներում: Կայացած, քաղաքակիրթ պետություններում, ընդհակառակը, գնահատվում է ժառանգականությունը: Շրյոդերի շրջապատն ու լրատվամիջոցները 3 տարի շարունակ չեն փնովի Հելմուտ Կոլին, չնայած վերջինիս վարքը որոշ հարցերում իդեալական չէր: Հանրապետական մեծամասնությունը ԱՄՆ172ի Կոնգրեսում մի քանի օրվա շոու չի սարքի՝ դեմոկրատների նախկին հանցագործությունների մասին երկարաշունչ ճառեր արտասանելով: «Վեստին» կամ «Վրեմյան» գրեթե ամեն օր սյուժեներ չեն սարքի՝ Ելցինին եւ նրա շրջապատը տեղին կամ անտեղի մեղադրելու նպատակով: Մենք էլ, երեւի, ժամանակի ընթացքում բավականաչափ մտահորիզոն եւ պետական իմաստնություն ձեռք կբերենք, որպեսզի մեր երկրի անցյալին վերաբերվենք այնպես, ինչպես սեփական, անձնական անցյալին: Այսինքն՝ հրաժարվենք «մենք-նրանք» քարոզչական-բոլշեւիկյան բաժանումից եւ ընդունենք, որ թե՛ 18, թե՛ 20 եւ թե՛ 91 թվականներին ու ամբողջ այդ ժամանակահատվածում գործում էինք մենք, մեր հայրերն ու պապերը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել