Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ Սամվել Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ նոյեմբերի 25-ին Ղարաբաղում էին։ Այցելության նպատակները, ըստ պարոն Հայրիկյանի, մի քանիսն էին, այդ թվում՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող ամբաստանյալներին հանդիպելը։ Պ.Հայրիկյանը մեր թղթակցին տեղեկացրեց, թե Հայաստանից Ղարաբաղ ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Սամվել եւ Կարեն Բաբայաններին։ «Փառք Աստծո, Կարեն Բաբայանն այս անգամ անհամեմատ ավելի լավ տեսք ուներ։ Նրանցից ոչ մեկը մեզ նոր բողոքներ չի ներկայացրել»։ Ի պատասխան մեր այն հարցի, թե նրանք չե՞ն բողոքել նախաքննության ընթացքում կամ դրանից հետո իրենց նկատմամբ գործադրված բռնարարքների առնչությամբ, պարոն Հայրիկյանը հավաստիացրեց, թե նման բողոքներ էլ չեն եղել։ Ըստ Պ.Հայրիկյանի, Սամվել Բաբայանը դժգոհել է եւ հավաստիացրել, թե ինքը կատարված մահափորձի հետ որեւէ առնչություն չունի եւ անմեղ է։ Պատասխանն այն է եղել, թե գործը դատաքննության փուլում է, հանձնաժողովի անդամները չեն կարող դրան միջամտել, իսկ ամբաստանյալները, այդ թվում Սամվել եւ Կարեն Բաբայանները, փաստաբաններ ունեն եւ կարող են պաշտպանվել։ Ն. Մ. Հ. Գ. Ի դեպ, պարոն Հայրիկյանը հավաստիացնում էր, թե Ղարաբաղի ՆԳՆ մեկուսարանն, ուր այցելել են հանձնաժողովի անդամները, միանգամայն օրինակելի մեկուսարան է։ Այս հարցում էլ Սամվել եւ Կարեն Բաբայանների բախտը չի բերել։ Նրանք պահվում են ոչ թե ՆԳՆ, այլ՝ ԱԱՆ մեկուսարանում։ Կոմունիստները դեռ կարող են քայլել Միայն առաջ Երեւանի քաղաքապետարանը թույլատրել է ՀԿԿ կենտկոմին, որ այսօր ընկեր Մյասնիկյանի արձանի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո կոմունիստները քայլեն դեպի Ազատության հրապարակ։ Ուղիղ գծով՝ ոչ աջ, ոչ ձախ, միայն առաջ։ Եվ ոչ մի հակաիշխանական, հականախագահական կոչ, կարգախոս կամ քչփչոց։ Ընկերները համաձայնել էին, քանի որ այսօր իրենց համար սուրբ օր է՝ Հայաստանի սովետականացման տարելիցն է։ Հետո՞ ինչ, որ իշխանությունն այլեւս սովետներինը չէ, այլ՝ «հայտնի ուժերինը», հետո՞ ինչ, որ պետական դրոշը ոչ թե երկգույն, այլ՝ եռագույն է, կոմունիստները որոշել են եւ շատ լրջորեն նախապատրաստվել են այսօրվա տոնին։ Օպերայի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր նիստ, հետո՝ համերգ։ Հավանաբար կոմունիստները հրավիրատոմսեր ուղարկած կլինեն բոլոր եղբայրական կուսակցություններին, առաջին հերթին նրանց, ովքեր ավելի կոմունիստականի հետ սերտ աղերսներ ունեն։ Հասկանալի պատճառներով եղբայրական Վրաստանից եւ Ադրբեջանից ծանրակշիռ պատվիրակություններ չեն ժամանի՝ ծախսը շատ է, եւ ՀԿԿ Կենտկոմի անդամ, համակարգող նախարար ընկեր Լեոնիդ Հակոբյանի միջոցները, ըստ ամենայնի, չեն հերիքի։ Փաստորեն, իր 15172ից 85 հազարանոց (ըստ տարբեր աղբյուրների) հանրահավաքով Արկադի Վարդանյանն առաջին հերթին հարվածեց կոմունիստական տոներին եւ միջոցառումներին։ Իշխանությունների վախեցած աչքը կոմունիստների մեջ եւս պոտենցիալ արկադիվարդանյաններ է տեսնում։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել