Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2000 00:00

ԱՅՍ ԱՇՈՒՆԸ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՍՐՏՈՎ ՉԷՐ 2000թ. աշնանը 1-2 օրվա կյանք է մնացել։ Շատերի կանխատեսումներով այն պիտի «թեժ» լիներ։ Փորձեցինք մի քանի հայտնի եւ ոչ այնքան հայտնի մարդկանց կարծիքն իմանալ՝ այս աշնան թեժության եւ աշնանը տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների մասին։ Էդուարդ Ղազարյան (ՀՀ ԿԳ նախարար) – Կարծում եմ՝ աշունը նորմալ էր։ Որոշ լարվածություն իմ պատկերացմամբ կա, բայց ոչ քաղաքական դաշտում, այլ՝ ֆինանսական։ Բյուջեի հետ կապված որոշ դժվարություններ, ուշացումներ, դժգոհություններ կան, բայց, կարծում եմ, մինչեւ տարեվերջ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի կարողանա առանց պարտքերի տարին փակել։ Հայաստանի համար խիստ ուրախալի էին Եվրախորհրդի անդամ դառնալն ու Ֆրանսիայի սենատի կողմից Ցեղասպանության փաստի ընդունումը։ Հոգեւոր աշխարհում եւս կարեւոր իրադարձություն եղավ՝ Գրիգոր Լուսավորչի մասունքները վերադարձան հայրենիք եւ, կարծում եմ, իրենց տեղը կգտնեն նորակառույց եկեղեցում։ Ուրախալի է նաեւ, որ ներքաղաքական կյանքում որոշակի կայունություն կա այսօր։ Տա Աստված, մենք մեծ հույսեր ենք կապում 2001թ. հետ։ Որոշ արդյունաբերական ճյուղեր սկսել են աշխատել, պետք է որ 2001թ. ահագին աշխատատեղեր բացվեն։ Որոշակի հոսքեր կլինեն նաեւ քրիստոնեության 1700-ամյակի հետ կապված։ Մի խոսքով, ինչպես նախագահն է ասում՝ կարող է 2001թ. բեկումնային տարի հանդիսանալ մեզ համար, իսկ դրանից առաջին հերթին շահելու է կրթական համակարգը։ Շավարշ Քոչարյան (ԱԺ կրթության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ) – Կարող եմ ասել մի բան՝ այս դեպքում երեւի ճտերը ոչ թե աշնանը, այլ գարնանն են հաշվում։ Ամենակարեւոր իրադարձությունը Հայաստանի Եվրախորհրդի անդամ դառնալն է։ Դա իրոք շատ-շատ լուրջ իրադարձություն էր, որն իմ գնահատականով, ցավոք, արժանի ուշադրության չարժանացավ, իր գնահատականը չունեցավ ոչ ժողովրդի, ոչ հասարակության, ոչ էլ պետական մարմինների կողմից։ Դավիթ Վարդանյան (ՀՀ պետական գույքի կառավարման նախարար)- Այս աշունը սպասվածից ցուրտ էր։ Ցերեկները տաք են, բայց առավոտյան եւ երեկոյան բավականին ցուրտ է լինում։ (Ի դեպ, երբ պարոն Վարդանյանին հանրամատչելի եւ բարեհամբույր կերպով բացատրեցինք, որ խոսքը եղանակի մասին չէ, նկատեց, որ ինքը հետաքրքիր զրուցակից չէ։ Դատեցեք ինքներդ- Մ. Բ.)։ Ես հիմա եղանակից ավելի եմ հասկանում։ Կարծում եմ, ԱՄՆ-ի նախագահական խայտառակ ընտրություններն էին ամենահետաքրքիրը։ Իսկ Հայաստանո՞ւմ։ Չեմ տեսնում ոչ մի հետաքրքիր բան։ (Հուշեցինք՝ իսկ Եվրախորհրդին անդամակցության հա՞րցը- Մ. Բ.)։ Դե՜, էդ կարգի շատ իրադարձություններ են եղել, համ էլ դեռ չենք անդամակցել։ Դե՜, էդ վերջիվերջո լինելու էր, էլի։ Համ էլ, եթե դրա մասին ասեի, շատ ծամծմված կլիներ։ Ես չեմ սիրում ծամծմված բաներ ասել։ Հովիկ Գալստյան («Մասնավոր հայացք» ստուդիայի տնօրեն)- Իմ պատասխանը մի քիչ սուբյեկտիվ կլինի։ Ամենակարեւոր իրադարձությունն ինձ համար թե աշնանը, թե ողջ տարվա կտրվածքով «Մասնավոր հայացք» կինոփառատոնն էր։ Մալարյան Զավեն (թոշակառու)- Հայաստանի համար ես ոչ մի լավ բան չնկատեցի։ Ես 9-րդ ամիսն է՝ անկողնային հիվանդ եմ։ Տասնյակ օրերով անոթի եմ լինում։ Արդեն 10-րդ օրն է, մի գրամ հաց չկա մեր տանը։ Ես չէի պատկերացնում, որ իմ ձեռքից կխլեն իմ Հայաստանը, իմ հայրենիքը, իմ երեխեքին։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930