Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ Քրեական հետապնդումը դադարեցվեց չորս տարի հետո Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Արամ Խաչատրյանը ստորագրել է «վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը եւ Արմանի նկատմամբ ստորագրությունը որպես խափանման միջոց վերացվել է։ Անշուշտ, դժվար իրավիճակում է հայտնվել Աղվան Հովսեփյանը, որին մարտահրավեր նետած փաստաբան Ռուբեն Սահակյանը պրոֆեսիոնալ խիզախություն դրսեւորելով փաստորեն հաղթեց, նույնիսկ այն ժամանակ, երբ Ա. Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն էր։ Արմանը ապաքինվելուց հետո կհանդիպի լրագրողների հետ եւ կասի, թե ինչպես է լինում, երբ նախաքննության մարմնի եւ դատական սխալի հետեւանքով քաղաքացին 4 տարի ապօրինի զրկվում է ազատությունից։ 1996 թվականին Լեհաստանի Պիլա քաղաքում սպանվեց Արայիկ Պետրոսյանը։ Նույն տարվա դեկտեմբերին Արայիկին սպանելու կասկածանքով ձերբակալվեց Արմեն Դանգոյանցը, որի նկատմամբ հարուցված քրեական գործի հեղինակն էր Աղվան Հովսեփյանը։ Քրեական գործի դատաքննությանը «Առավոտը» բազմաթիվ անգամ է անդրադարձել։ Պարզապես հիշեցնեմ, որ 1997-ին առաջին ատյանի դատարանը Արմանին 8 տարի ազատազրկման «քշեց», վերաքննիչ դատարանը երկու անգամ գործը բեկանեց, իսկ Արմանի «մասով» բավարարվեց ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Գրանցված է 134 սպիդով վարակակիր ՀՀ քաղաքացի Երեկ սպիդի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացվեց սեմինար։ ՄԱԿ-ի տվյալներով, ամբողջ աշխարհում համաճարակի սկզբից արդեն սպիդով վարակվել է ավելի քան 54 մլն մարդ, մահացել՝ 16,3 մլն։ Յուրաքանչյուր օր սպիդով վարակվում է 15 հազար մարդ, յուրաքանչյուր րոպե՝ մոտ 11, որից՝ 5-ը երիտասարդ։ Բավական բարձր են սպիդի վարակի աճի տեմպերը ԱՊՀ երկրներում։ Միայն 1997-99 թթ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրներում կրկնապատկվել է սպիդով վարակակիրների թիվը։ ՀՀ-ում սպիդի համաճարակաբանական իրավիճակը նույնպես անբարենպաստ է։ Ըստ սպիդի հայկական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հաղորդած պաշտոնական վիճակագրության, 1988-ից մինչեւ 2000-ի հոկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել են 134 սպիդով վարակակիր ՀՀ քաղաքացի։ Սպիդով վարակակիրների ընդհանուր կազմում գերակշռում են տղամարդիկ՝ 100 դեպք (75%), իսկ կանանց մոտ արձանագրվել է 34 դեպք (25%)։ 2000-ին արձանագրվել է վարակի 28 դեպք, որոնցից 5-ը եղել են օտարերկրյա քաղաքացիներ։ Սպիդով վարակակիրների մեծամասնությունը (81,3%) գտնվում է 20-39 տարեկան տարիքային խմբերում։ Հայաստանում վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (47,0%) եւ ներերակային թմրանյութ օգտագործելը (40,3%)։ Սպիդով վարակակիրների առավելագույն քանակը արձանագրվել է Երեւանում՝ 67 դեպք, որը կազմում է բոլոր վարակակիրների ուղիղ կեսը։ Հայաստանում, ի դեպ, առաջին վարակակիրը գրանցվել է 1988-ին։ Սպիդով վարակվածների թիվը նույնպես մեծ է։ Սպիդի պատճառով ծնողազուրկ է դարձել 13,2 միլիոն երեխա։ Սպիդի իրավիճակային վերլուծությունը ցույց է տվել, որ թմրամոլության եւ սպիդի տարածվածության իրավիճակի արագ գնահատման տվյալներով՝ Երեւանում թմրամիջոցներ գործածողների թիվը կազմում է մոտ 19-23 հազար, որոնցից 10%-ը ներարկիչ օգտագործողներն են։ Մարմնավաճառների շրջանում սպիդի տարածվածությունը գտնվում է 0,5-6%-ի սահմաններում, իսկ բացարձակ թվերով՝ սպիդով վարակակիր մարմնավաճառների հավանական թիվը 38-450 է։ Մինչ օրս ՀՀ-ում սպիդով վարակակիր երեխայի ծննդյան փաստ արձանագրված չէ, սակայն հայտնի են վարակակիր հայրերի կամ մայրերի երեխաների ծննդյան դեպքեր։ Ըստ ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցի, սպիդի դեմ պայքարը ոչ միայն առողջապահական ոլորտի խնդիր է, այլ նաեւ հասարակության լայն խավերի խնդիրը։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՆՎԱԳՈՒՄ Է 7 ՄԻԼԻՄԵՏՐԱՆՈՑ ՋՈՒԹԱԿՈՎ «Շողակաթ» սրահում ներկայացված մանրաքանդակների իր նոր, յուրօրինակ հավաքածուն անվանի մանրագործ վարպետ Էդվարդ Ղազարյանը նվիրել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Յուրաքանչյուր մանրադիտակից երեւում է հրաշք մի աշխարհ՝ մարդու մազի կամ բրնձի հատիկի վրա հայկական խաչքարերի ուրույն փորագրությամբ՝ խաչված Փրկիչը, Քրիստոսը ծովի ալիքների վրա եւ այլ գործեր։ Բացառիկ են նրա աշխատանքի գործիքները՝ սրածայր մազ, ալմաստի փշրանքներ եւ այլն։ Արվեստի այս ճյուղի հիմնադիրը ինքը՝ հեղինակն է։ Նա մասնագիտությամբ երաժիշտ է եւ թերեւս սա է պատճառը, որ իր առաջին մանրակերտ աշխատանքը եղել է լուցկու տուփի չափերով ջութակը։ Հետագայում վարպետը կատարելագործել է այն՝ հասցնելով 7 միլիմետրի, որի վրա հնչեցնում է Արամ Խաչատրյանի մեղեդիները։ Հրաշք գործիքը գրանցված է Գինեսի գրքում։ Էդվարդ Ղազարյանը արդեն ստեղծել է շարժվող պատկերներ, որոնց գործողությունը նույնիսկ ֆիզիկոսները դժվարանում են բացատրել։ Համաշխարհային համբավ ունեցող վարպետն այժմ մշտական ցուցադրություններ ունի Ֆլորիդայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում։ ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ Ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930